Մտքի ուժը

Արյան միջոցով պարզել քաղցկեղի նկատմամբ հակվածությունը․ ուսումնասիրում են հայ գիտնականները․ «Մտքի ուժը»

Կենսաքիմիայի ինստիտուտի 12 լաբորատորիաներից մեկը հիստոքիմիայի և ֆունկցիոնալ մորֆոլոգիայի լաբորատորիան է։ Այստեղ ընթացիկ փորձերի միջոցով մորֆոլոգիական հաստատումներ կամ հերքում են տալիս՝ որևէ օրգանի պաթոլոգիայի առաջացման հետ կապված։ Հարցին՝ ի՞նչ է տալիս  կոնկրետ այս լաբորատորիայի հետազոտությունը մնացած խմբերին՝ վարիչ Ինեսա Սահակյանն արձագանքում է․   

«Տալիս է ավելի ստույգ  կողմնորոշում՝ տվյալ ախտածին հիվանդության վերաբերյալ, եթե դա կենդանական մոդել է։ Այսօր տենդենցն այնպիսին է, որ բոլոր կենսաբանական ուղղությունների պաթոլոգիկ մոդելներում պետք է լինի մորֆոլոգիական հաստատում։ Առաջացնում ենք այս կամ այն հիվանդության մոդելը, որի ընթացքում  ախտահարվում է այս կամ այն օրգանը, և հենց այդ օրգանի ախտահարվածության աստիճանը, բջիջների կենսական վիճակը բջիջներում ընթացող հիստոքիմիկական պրոցեսները հայտնաբերվում են հենց հիստոքիմիայի ու մորֆոլոգիայի միջոցով»։

Այստեղ կատարում են նաև իմունոֆերմենտային անալիզի հետազոտություններ, միայն թե այս դեպքում կարևոր են եղանակային պայմաններրը. շատ շոգ եղանակին արյան հետ կապված հետազոտություններ չեն անում. Ինեսա Սահակյանի խոսքով․

«Լաբորատորիան համագործակցում է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի քիմիոթերապիայի բաժնի  հետ, որտեղից վերցնում ենք առաջնային ուռուցքով հիվանդների արյունը և հետազոտում ենք կոնկրետ պեպտիդի առկայությունը, փորձում ենք այդ պեպտիդը գտնել հիվանդների արյան մեջ։ Կան վարկածներ, որ այդ պեպտիդը կարող է հանդիսանալ բիոմարկեր, իսկ որպեսզի մենք նշենք, որ այն բիոմարկեր է, պետք է հիվանդության ու բուժման տարբեր փուլերում փորձենք որոշել պեպտիդի քանակը արյան մեջ»։ 

Նարինե Թումասյանը հիստոլոգիական ներկման համար պարաֆինային լցոնում է կատարում։ Այստեղ էլ հիմնական փորձակենդանին առնետն է։ Գիտնականները բացատրում են՝ առնետներին հեշտ է պահելն ու բազմացնելը.  

«Ես այժմ կատարում եմ առնետի լյարդի պարաֆինային լցոնում։ Այնուհետև ստանալու ենք կտրվածքներ, ապա ներկում ենք անելու։ Մեզ լյարդ են տրամադրել, որի վրա հիստոլոգիական ներկում ենք անելու՝ իմանալու համար՝ մոդելը ստացվել է, թե ոչ։ Մենք ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից տրամադրած դրամաշնորհ ունենք, որի շրջանակներում պայմանագիր ունենք Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի քիմիաթերապիայի բաժանմունքի հետ, որպեսզի քաղցկեղով տարբեր բարդության հիվանդների արյան շիճուկում հայտնաբերենք պրոլինով հարուստ պոլիպեպտիդ 1-ը։ Մտածում ենք, որ քաղցկեղի դեպքում արյան մեջ կլինեն պոլիպեպտիդի փոփոխություններ, մենք ուզում ենք դա հայտնաբերենք ոչ միայն բուժման , այլ՝ վաղ ախտորոշման նպատակով։ Ապագայում ցանկանում ենք արյան միջոցով քաղցկեղի հակվածությունը հայտնաբերել»։

Առնետի ուղեղը մարդու ուղեղին նմանություն ունի, առնետները հարմար են բոլոր առումներով՝ ասում է ինստիտուտի գիտքարտուղար Հռիփսիմե Հայրապետյանը․ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի հիստոքիմիա և ֆունկցիոնալ մորֆոլոգիայի լաբորատորիայում հետազոտություններն արվում են ժամակակակից սարք-սարքավորումների օգնությամբ։  Իմունաֆերմետնային անալիզների մեծ մասը նախկինում ձեռքով էին անում, այժմ՝ ձեռք են բերել ավտոմատ սարքավորումներ. այսպես և’ հեշտ է, և’ ժամանակն են խնայում, և’ արդյունքներն ավելի վստահելի են։

Գիտնականները կցանկանային միայն գիտությամբ զբաղվել։ Բայց այսօր ստիպված են նաև ֆինանսներ հայթայթել, հատկապես, եթե գիտական աշխատանքը համատեղվում է ադմինիստրացիոն աշխատանքի հետ։ Ինստիտուտի գիտքարտուղար Հռիփսիմե  Հայրապետյանն ասում է, որ 24 ժամ գիտության մեջ ու գիտության հետ են. «Տանը ճաշ պատրաստելուց նույնպես մտածում ենք փորձերի մասին»։

Լաբորատորիան գիտնականների երկրորդ տունն է, այստեղ են նրանք անցակցնում իրենց օրվա հիմնական մասը։ Այնքան հարազատ են սենյակները, որ անգամ վերանորոգումն են իրենց ձեռքերով կատարել։

Back to top button