ԿարևորՀասարակություն

Քարտեզներ ու փաստաթղթեր են ուսումնասիրվում․ ԱԺ քննիչ հանձնաժողովը ՊՆ-ից ակտեր է ստացել

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող  խորհրդարանական քննիչ հանձնաժողովը  առաջիկ նստաշրջանի ընթացքում շարունակելու է աշխատանքը։ Մինչ այժմ հանձնաժողովը տարբեր հարցումներ է արել պաշտպանության նախարարությանը, բազմաթիվ փաստաթղթեր ու քարտեզներ է ստացել, որոնք ուսումնասիրվում են՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը։

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում հայտարարել էր, որ բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու։  Իրականությունը կպարզի քննությունը․ բազմաթիվ բարձրաստիճան զինվորականների մեղադրանք է ներկայացվել։

ՊՆ-ն  բազմաթիվ փաստաթղթեր, քարտեզներ ու ակտեր է տրամադրել 2020-ի 44-օրյա պատերազմի  հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին, որոնք  այժմ ուսումնասիրվում են՝ «Ռադիոլուր»-ին ասում է հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության  պատգամավոր  Քրիստինե Պողոսյանը։

«Բոլոր այն գործերին, որոնք գտնվում են Քննչական կոմիտեում կամ ԱԱԾ-ում, օրենքով իրավունք չունենք առնչվելու, որպեսզի չխոչընդոտենք և չխանգարենք քննությանը։ Իսկ հանձնաժողովը մեծ աշխատանք է կատարել։  Այժմ ուսումնասիրում ենք քարտեզներն ու փաստաթղթերը։ Դրանք տարբեր ու բազմաբնույթ փաստաթղթեր են՝ պատերազմին առնչվող, որոնք ՊՆ-ում են։ Հարցում ենք արել նախարարությանը , ստացել պատասխաններ և ուսումնասիրում ենք դրանք։ Հրավիրյալների վերաբերյալ  դեռ քննարկում չենք ունեցել, քանի որ զուգահեռ քրեական գործեր են ընթանում։ Այս ամիս հաստատ հրավիրյալ չենք ունենա։ Ամսվա վերջին  նորից քննարկում կունենանք, կորոշենք, թե ում ենք հրավիրելու և կտեղեկացնենք»։

Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ,  խոսելով 44-օրյա պատերազմի ու դրա հետևանքների մասին, ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել  ու քննություններ են ընթանում։ Զգացողություն կա, որ հետևությունը լինելու է այն, որ ելքը կարող էր այլ լինել․․․ Վարչապետը նշեց, որ  երբեմն տպավորություն է ունենում, որ պատերազմի ժամանակ ոչ թե իր, այլ մեկ այլ տեղից եկող հրամաններով են առաջնորդվել:

«Այս հարցում կոմպրոմիս չի լինելու։ Բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու, ոչ մեկը՝ լինի գեներալ, սերժանտ, վարչապետ, նախագահ, նախարար, չի ներվելու»։

Հանրությունը վերջին շրջանում բարձրաստիճան զինվորականների դեմ առաջադրվող մեղադրանքների պակաս չի տեսնում։ Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում  մեղադրանք  առաջադրվեց պատերազմի ընթացքում առանցքային երկու պաշտոնյաների նկատմամբ։ 

44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանին  մեղադրանք առաջադրվեց Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար։ Նա կալանավորվել է։

Ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու  և դրանք ոչ պատշաճ կատարելու համար մեղադրվում և կալանավորվել է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը։

Այս աղմկահարույց մեղադրանքների մասին մի քանի օր առաջ խոսել էր ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հույս հայտնելով, թե մեղադրանքները կհերքվեն․

«Եթե որևէ մեկը իր որոշումներ արդյունքում ունեցել է սխալներ, որոնք մարդկային ճալատագրեր են արժեցել, կարծում եմ դրանք ոչ միայն պետք է ուսումնասիրվեն, այլ դրանք քննվել են և կան մեղադրանքներ։ Շատ գնահատելով Միքայել Արզումանյանի ու Ջալալ Հարությունյանի անցած ուղին՝ ոչ ոք չի կարող այդ մեղադրանքները հերքել։ Ոչ ոք չի կարող ուրանալ շատ-շատերի անցած ուղին, բայց այդ ճոճանակը այնպես է շարժվել, որ մենք այսօր հստակություն պետք է մտցնենք։ Չպետք է թույլ տանք, որ հասարակության մեջ  շահարկումներ լինեն»։

Ավելի վաղ մեղադրանքներ էին առաջադրվել  յոթ առանցքային պաշտոնյաների ևս , այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին:  

Պատերազմական հանցագործությունների վիճակագրությունը խիստ մտահոգիչ էր համարում Դատախազությունը։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն օրերս «Ռադիոլուրի» հետ զրույցում ամփոփել էր այդ վիճակագրությունը։  

 «2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում կատարված պետական դավաճանության դեպքերով Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում այս պահի դրությամբ քննվում է 7 քրեական գործ։ Այդ գործերով որպես մեղադրյալ է ներգրավված 40 անձ, նրանցից 7-ը գտնվում է կալանքի տակ։ Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ պետական դավաճանության դեպքերով հարուցված, քննված 7 քրեական գործ 16 անձանց վերաբերյալ արդեն իսկ ուղարկվել է դատարան, որոնցից 15 անձ գտնվում է կալանքի տակ։ Այդ գործերով ներկայում ընթանում է դատական քննություն»։

Հենց այս մտահոգությամբ պայմանավորված՝ Դատախազությունն առաջարկում էր խստացնել  պետական դավաճանության դեմ քրեաիրավական պայքարը , մասնավորապես մտածել մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու սահմանադրաիրավական հիմքերի մասին։ 

Առաջարկը իրավապաշտպաններն ու  միջազգային իրավունքի մասնագետները խնդրահարույց են համարում։

Back to top button