ԿարևորՀասարակություն

Ռազմականացված կառույց՝ ծածկագրված ծառայողներով․ Հակակոռուպցիոն կոմիտեում փոփոխություններ են սպասվում

Իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը։ Դրանով նախատեսվում է ամրագրել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի կիրառման պայմանները և կարգը:

Կոմիտեն իրավապահ, քրեական վարույթ իրականացնող մարմին է, ուստի պետք է ոչ միայն ամրագրել զենք կիրառելու իրավունքը, այլև հստակ սահմանափակել այն դեպքերը, երբ կոմիտեի ծառայողները կարող են զենք օգտագործել։ Այդ շրջանակից դուրս զենքին ձեռքը մեկնելը քրեական պատասխանատվություն է ենթադրում։

Կարդում է Արմինե Գևորգյանը

Արդարադատության նախարարությունն օրենքի նոր նախագծով առաջարկում է Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողների կողմից զենք և հատուկ միջոցներ կրելու, ֆիզիկական ուժ կիրառելու կարգավորումները հստակեցնել։ Կոմիտեն ոչ միայն քննչական մարմին է, այլև օպերատիվ հետախուզական ստորաբաժանում ունի, ուստի օրենքը փոփոխելու կարիք է առաջացել։ Գործող օրենքով էլ կոմիտեի ծառայողները կարող են զենք կրել, միայն թե հստակ չէ՝ որ դեպքում ու ինչպես։ Նախագիծն այս բացը կլրացնի՝ նկատում է Հակակոռուպցիոն կոմիտեի Իրավական ապահովման վարչության պետ Էմմա Ավագյանը:

«Զենքի մասին» օրենքն ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ օպերատիվ ծառայողական խնդիրներ լուծելու ժամանակ մենք կարող ենք նույնիսկ մարտական զենք կիրառել: Ճիշտ է՝ գործող օրենքով մենք չենք համարվում ռազմականացված կառույց, բայց հավասարվեցվում ենք ռազմականացված կառույցներին: Նույնիսկ առաջ անցնելով նշեմ, որ նախագիծ է շրջանառվում «Զենքի մասին» օրենքի, որով արդեն հակակոռուպցիոն կոմիտեն ամբողջությամբ դառնում է ռազմականացված կառույց: Փաստացի, օրենսդիրը հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին իրավունք է տվել զենք կիրառել, սակայն մենք չունենք օրենսդրական այն կարգավորումները, թե որ դեպքում կարող է կիրառվել»:

Միայն ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չեն, որ կարող են ունենալ հատուկ միջոցներ՝ նշեց Էմմա Ավագյանը՝ ընդգծելով՝ կոռուպցիոն հանցագործների դեմ պայքարում ոչ պակաս կարևոր է նաև ձեռնաշղթան, բայց անգամ դա չունի օպերատիվ հետախուզական ծառայությունը:

«Քննչական գործողության ժամանակ եղել է դեպք, երբ հարձակում են գործել դանակով, և եթե ինքը մարտավարական հնարքներին չտիրապետեր, այսօր մեզ հետ չէր լինի, մահացած կլիներ: Մենք ուղղակի ամրագրում ենք այն կարգավորումները, որ, Աստված մի արասցե, եթե մի դեպք պատահի, կարգավորված լինի: Մեր նախագիծը նրա համար է, որ սահմանափակումներ դնենք, որ այս դեպքում կարելի է սա անել, մյուս դեպքում՝ նա»:

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից զենք և այլ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունն ակնհայտ է՝ նկատում է Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը, այլ հարց է թե որքանով է ներմուծվող իրավակարգավորումը համաչափ:

«Կան, իհարկե, իրավակարգավորումներ՝ կոնկրետ որ դեպքում կարող է կիրառել, բայց, օրինակ, նախատեսվել են իրավիճակներ, երբ պարզապես անձի կողմից ձեռքը գրպանը տանելը կարող է հիմք հանդիսանալ մարտական զենքը կիրառելու համար, և չի մասնավորեցնում՝ կոնկրետ այդ կիրառումն ինչ սահմանափակումներ ունի: Օրինակ՝ մարմնի որ մասին կարելի է կրակ արձակել, առանց նախազգուշացման կիրառման հնարավորություն է տրված: Սրա մասին է խոսքը: Մենք գտնում են, որ անհրաժեշտ են ավելի մանրամասն կարգավորումներ»:

Հակակոռուպցիոն կոմիտեի մոնիթորինգի բաժնի պետը համաձայն է՝ համաչափության սկզբունքը պետք է ամրագրել: Նախագծում մանրամասն ներկայացված է, թե որ զենքը որ դեպքում կարելի է կիրառել, իսկ հատուկ միջոցների ցանկը կառավարությունն է սահմանելու: Էմմա Ավագյան

«Ռետինե մահակ, ձեռնաշղթաներ, արցունքաբեր, գրգռիչ գազ, ռետինե գնդիկներով փամփուշտներ, նույնիսկ շներն են համարվում որպես հատուկ միջոց: Այսինքն՝ ցանկ կա, և դրանից ավելին չի լինելու: Նույնիսկ նշված է, թե որ դեպքում որ միջոցը կարելի է կիրառել»:

Որպեսզի տեղի-անտեղի կիրառման թյուր կարծիքներ չլինեն՝ Ավագյանը կոնկրետ օրինակներով է ներկայացնում։ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողը ձեռքը կարող է մեկնել զենքին, երբ նրա վրա հարձակվել են, երբ նրա կյանքին վտանգ է սպառնում կամ փորձում են զենքին տիրանալ։ Հակառակ դեպքում կոմիտեի ծառայողը չի կարող զենք կիրառել: Դրա համար արդեն քրեական պատասխանատվություն է սահմանված:

«Մերկացված ձեռքով ձերբակալում կատարող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին մոտենալու, առանց թույլտվության, անսպասելի կտրուկ շարժում կատարելու, ձեռքը գրպանները տանելու, զենքին ձեռք մեկնելու ձերբակալվողի ցանկացած փորձ կոմիտեի ծառայողին իրավունք է տալիս առանց նախազգուշացման զենք օգտագործել»:

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը նաև հատուկ համազգեստ է ունենալու, էսքիզը մշակվում է: Հետագայում ծառայությունն ունենալու է նաև ծածկագրված ծառայողներ, որոնք գործելու են գաղտնի:  

Back to top button