ԿարևորՀասարակություն

«Նարարգին». Հայաստանում ստեղծված սննդային հավելումը կանխարգելում է 2-րդ տիպի շաքարախտը

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում մշակվել և պաշտոնապես գրանցվել է սննդի «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելումը։ Այն օգտագործվում է դիսբակտերիոզի, 2-րդ տիպի շաքարախտի կանխարգելման համար, աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը պահպանելու և վերականգնելու նպատակով հակաբիոտիկներով բուժման ընթացքում, նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը:

«Նարարգին» կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումն ունիկիրառական նշանակություն բժշկության մեջ որոշակի հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Նպաստում է ինսուլին արտադրող β-բջիջների վերականգնմանը և ենթաստամոքսային գեղձի արտազատիչ ֆունկցիայի խթանմանը, ինչը 2-րդ տիպի շաքարախտի բուժման հիմնական նպատակներից մեկն է: Կարգավորում և վերականգնում է աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը հակաբիոտիկներով թերապիայի կիրառման, ինչպես նաև դիսբակտերիոզի դեպքում։ Բերում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը»,- ասում է «Նարարգին» սննդային հավելման մշակման հեղինակ, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ֆլորա Տխրունին:

«Նարարգին»-ը մշակվել է թիրախային բազմաֆունկցիոնալ հատկություններով օժտված Lactobacillus acidophilus MDC 9602 (Ep. 317/402) և Lactobacillus rhamnosus БТК 20-12 MDC 9631 պրոբիոտիկ կաթնաթթվային բակտերիաների կոնսորցիումի հիման վրա: Այդ կաթնաթթվային բակտերիաները սինթեզում են նյութափոխանակության կենսաբանորեն ակտիվ արգասիքներ՝ արգինին ամինաթթուն, արտաբջջային բազմաշաքարներ և հակամանրէային միացություններ՝ բակտերիոցիններ, որոնք ճնշում են սննդի փչացմանը հանգեցնող միկրոօրգանիզմների, հակաբիոտիկների հանդեպ բազմակի կայուն մանրէների աճը։

«Կոնսորցիումի կազմի մեջ մտնող կաթնաթթվային բակտերիաների կողմից արգինինի սինթեզման եզակի հատկությունը նպաստում է ինսուլին արտադրող β-բջիջների վերականգնմանը և ենթաստամոքսային գեղձի արտազատիչ ֆունկցիայի խթանմանը, քանի որ L- արգինինը խթանում է ինսուլինի արտանետումը և մեծացնում β-բջիջների զգայունությունը գլյուկոզի նկատմամբ, ինչը շաքարախտի բուժման հիմնական նպատակներից մեկն է»,- ասում է Ֆլորա Տխրունին:

«Նարարգին»-ը ստեղծվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կողմից բազային ֆինանսավորմամբ իրականացվող «Որոշակի հիվանդությունների կանխարգելման համար նոր պրոբիոտիկ շտամների հատկությունների ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում։

«Նարարգին»-ն արտադրված է համաձայն ՀՀ ՏՊ 39377614.8805-2021։

2022թ-ին «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելումը պաշտոնապես գրանցվել է և ստացել պետական ​​գրանցման վկայական՝ թիվ ԱՄ.01.01.01.003.R000016.01.22։

«Ներկայում տարվում են աշխատանքներ մարքեթինգի՝ «Նարարգին»-ի ներքին, ինչպես նաև արտաքին շուկայում իրացման ուղղությամբ։ Ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ Ռուսաստանի Դաշնությունում, Չեխիայի Հանրապետությունում «Նարարգին»-ի ներդրման ուղղությամբ»,- ասում է Ֆլորա Տխրունին։

Հետազոտությունն արժանացել է դրական գնահատականի գիտական հանրության շրջանում, այդ թվում՝ միջազգային: Գիտահետազոտական աշխատանքներում ներգրավված է եղել Պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի երիտասարդ գիտաշխատող, ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողուհի Աննա Գասպարյանը։

Back to top button