ԿարևորՀասարակություն

Հազար մղոն ճանապարհը սկսվում է առաջին քայլից․ սթարմուսյան օրագիր

Օպերայի հարակից տարածքը վերածվել է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, որտեղ ամենահասանելի ձևաչափերով թեմատիկ տաղավարներում փոքրերի ու մեծերի համար ներկայացված են գիտության նորագույն նվաճումները՝ «Աստղաֆիզիկա», «Լազերային ֆիզիկա», «Դրոններ», «Ռոբոտաշինություն», «Արհեստական բանականություն» և մի շարք այլ թեմաներով։ Ազատության հրապարակում երեկոյան տեղի է ունեցել նաև համերգ` գիտության ճամբարի այցելուների համար։

Սթարմուսում ներքին մեծ էներգիա կա, որը կարող է բազմաթիվ համագործակցությունների սկիզբ  դառնալ՝ ասում է փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը։ Պատմում է՝ Նորվեգիայում հայտնի ռոք երաժիշտներից Սթիվ Վայը տիեզերագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակրի հետ 5 ժամից ավելի բարում  խմում էր և զրուցում։

«Լսեցի՝  ինչ էին խոսում, հետո երբ էլի վերադարձա, տեսա նորից այնտեղ են, երբ լսեցի, որ նույն թեմայով են խոսում, զարմացա։ Նոբելյան մրցանակակիրը տիեզերագիտություն էր բացատրում, Սթիվ Վայը մտածում էր՝ ինչպես կարող է դա վիզուալ պատկերել,  որ համատեղ նախագիծ անեն»։ 

Երաժշտությունը, արվեստը ներգրավելով՝ հանրությանը բերում են գիտական տաղավարներ, որտեղ կկարողանան ծանոթանալ գիտության և տեխնոլոգիաների վերջին նորություններին, ուսումնասիրել դրանք։ Աստղաֆիզիկոս Լիզա Կալտենեգգերի խոսքով՝  «Գիտության ճամբարը» և առհասարակ STARMUS-ը կարևոր են ոգեշնչման առումով։ Ասում է՝ երեխաներին գիտությամբ գրավելը բարդ չէ, նրանք հետաքրքրասեր են։ Իսկ երիտասարդներին գրավելու համար կատակում է, թե կպատմի, որ Sons of Apollo-ի երաժիշտների հետ է խմել։

«Երեկոյան խմիչքներ էի վայելում և Sons of Apollo-ի երաժիշտների հետ  շփվում , համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները ինձ հարցեր էին տալիս տիեզերքի մասին։ Հետաքրքրությունը երկկողմ է»։ 

Մարսն ու Լուսինն ուսումնասիրողի համար հեշտ է գրավել պատանիների ուշադրությունը՝ ասում է մոլորակագիտության պրոֆեսոր Բեթանի Էլմանը։

 «Ես Մարսը և Լուսինն եմ ուսումնասիրում, հետազոտում և կարող եմ այդ ամենը համեմել և ուղեկցել հետաքրքրական նկարներով, բայց ես միշտ խոսում եմ այն հարցերի մասին, որոնք մեզ հետաքրքրում են, ու որոնց մենք չենք տիրապետում, օրինակ՝ ինչո՞ւ ենք մենք այստեղ և արդյո՞ք մենակ ենք տիեզերքում: Ուզում եմ ընդգծել, որ գիտական հետազոտող լինելը շատ կարևոր է, նաև այս ամենը իր հետ բերում է շատ զվարճանք և թիմային մեծ աշխատանք»։

ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի թռիչքային էլեկտրոնիկայի բաժնի ղեկավար Արբի Կարապետյանի խոսքով՝ ոգևորությունն իսկապես վարակիչ է․ հազար մղոն ճանապարհը սկսվում է առաջին քայլից, հետևաբար շատ կարևոր է չշտապել և ամուր հիմքեր ձևավորել։

«Եթե մենք նայում ենք ուժեղ պետություններին , ապա տեսնում ենք, որ նրանք ուժեղ են և՛ սարքավորումների արտադրության, և՛ ծրագրային ապահովման գործողություններում։ Սարքավորումների արտադրությունը ժամանակ, ռազմավարություն է պահանջում, նաև թանկ հաճույք է։ Հետևաբար, սահմանափակ ռեսուրսներ ունենալով ՝շատ կարևոր է համբերությամբ զինվել և երկարաժամկետ ռազմավարություն մշակել և ոչ թե ձգտել ունենալ մեկանգամյա հաջողություն, որը տևական չի լինի»։

Ազատության հրապարակում STARMUS փառատոնի շրջանակում մեկնարկած «Գիտության ճամբարը» երեխաներին և գիտությամբ հետաքրքրվող մարդկանց հնարավորություն կտա մոտիկից ուսումնասիրել գիտական և տեխնոլոգիական վերջին ձեռքբերումները: Ճամբարը գործելու է սեպտեմբերի 8-10-ը։

Back to top button