ԿարևորՀասարակություն

Խոշոր ներդրողները պարտավոր են «կանաչել»․ օրենքի նախագիծը դեռ «ջուր է քաշում»

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխությունները քննարկվում են արդեն գրեթե 7 տարի, վերջին տարում՝ առանձնակի ակտիվ ու աղմկոտ։ Մշակված նախագիծը քննարկվել է բազմիցս, որոշ դեպքերում՝ շահագրգիռ կողմերի հետ։ Հանրային վերջին քննարկումը, սակայն, անցել է առանց բնապահպանների կամ կառուցապատողների․ նրանք նախարարության հրավերն անարձագանք էին թողել, իսկ ավելի վաղ դժգոհել էին, որ իրենց առաջարկներն այդպես էլ տեղ չեն գտել նախագծի վերջնական տեսքում։ Իսկ նախագիծը շուտով կմտնի Ազգային ժողովի օրակարգ։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի փոփոխված նախագիծը վերջին՝ 6-րդ անգամ հանրությանն է ներկայացվում՝ ենթադրելով բոլոր կողմերի մասնակցություն, սակայն հրավերն այս անգամ «ընդունողը» միայն պետական կառույցներն էին։ Շահագրգիռ հիմնական կողմերը՝ շինարար տնտեսվարողներն ու բնապահպանական համայնքը, այս անգամ առավելագույնս պասիվ էին։ Մի շարք բնապահպաններ նախորդիվ «Ռադիոլուր»-ին դժգոհել էին, որ իրենց առաջարկներն անտեսվել են, չեն ներառվել օրենքի  նոր նախագծում,  հետևաբար իրենք այլևս քննարկման մասնակցելու իմաստ չեն տեսնում։ Այս դիտարկմանն արձագանքում է Շրջակա միջավայրի նախարարության Իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը․

«Բազմիցս հասարակական կազմակերպությունների հետ կազմակերպվել են քննարկումներ, ընդ որում, իրենց առաջարկներով կետ առ կետ անցել ենք։ Բազմաթիվ գերատեսչություններ, կազմակերպություններ, տնտեսվարողներ օրենքի վերաբերյալ ներկայացրել են կարծիքներ։ Ընդ որում, լինում են դեպքեր, երբ նույն կարգավորման վերաբերյալ տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ են ներկայացնում։ Այս դեպքում շրջակա միջավայրի նախարարության համար չափազանց բարդ է բոլորի հետաքրքրությունները բավարարելը, որովհետև, ի վերջո, ընտրվում է այն տարբերակը, որը ՇՄՆ-ն համարում է առավել արդյունավետ»։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը վստահեցնում է՝  օրենքի նոր նախագիծը բավարար քննարկվել է, ուսումնասիրվել են բոլոր առաջարկները, սակայն որոշ դեպքերում նախարարոթյունը պետք է առաջնորդվի արդեն իսկ ստանձնած պարտավորություններով․

«Մենք մի քանի անգամ Օրհուսի կոնվենցիայի շրջանակում մեր պարտավորությունները չենք կատարել ու այնտեղից ստացել ենք համարժեք՝ ոչ ցանկալի նամակ, և հիմա կարծում եմ, որ այնտեղ էլ են սպասում, որ մենք մեր պարտավորությունները կատարենք, և ասեմ, որ այս նախագիծը «Սեպայի» համաձայնագրով մեր 3 տարի չկատարած պարտավորությունն է, որը պետք է ազդակ լինի բոլորիս․ հարգելի գործընկերներ, ոչ թե այնպես անենք, որ օրենքը չընդունվի, որովհետև ձեր կարծիքի հետ չի համընկնում, այլ օգնենք այնպես անել, որ ձեր կարծիքը ներառված լինի օրենքում, որ օրենքն ընդունվի»։

Օրենքն, իրավաբանական վարչության պետի խոսքով, ենթադրում է փոփոխությունների 3 խումբ։ Առաջին հերթին հստակեցվել է փաստաթղթերի փաթեթը, որը պետք է ներկայացնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանն ու փորձաքննությանը  պատրաստվող տնտեսվարողը։ Ներկայացվում է բնապահպանական կառավարման պլան ունենալու պահանջ։

«Երկրորդը՝ հստակ շարադրվել են ձեռնարկողների, գործունեություն իրականացնողների պարտականությունների շրջանակը ոչ միայն այդ փորձաքննության ընթացում, այլև դրանից հետո, հստակեցվել է, որ պարտավոր են գործել ՇՄԱԳ օրենքի պահանջներին համապատասխան, նաև վերանայվել է այդ դրույթները խախտողների համար պատասխանատվություն սահմանող դրույթները։ Դրանք ավելի խստացվել են»։

Բնապահպանական ու ընդերքի տեսչական մարմնի հայտնաբերած խախտումը չշտկելու դեպքում տուգանքը 100-150-ապատիկից կբարձրացվի մինչեւ 5000-ապատիկի։ Փոփոխությունների երրորդ խմբով պարզեցվել է  փորձաքննության ընթացքը։ Գործող օրենքի նախատեսած երկու փուլը կդառնան մեկ։ Հանրային լսումների պարտադիր քանակն էլ կկրճատվի, խստացումները թույլ են տալիս՝ բացատրում է Գայանե Գաբրիելյանը։

«Իհարկե, դա չի նշանակում, որ համայնքը կամ մարզպետարանը չի կարող նախատեսել 3, 4 լսում կամ քանի անգամ ուզի, սակայն օրենսդրական տեսանկյունից երկուսը բավարար են դառնում նախագծի առաջմղման համար»։

Օրենքը «կանաչ» է՝ ասում են մշակողները։ Այն ուղղված է ոչ թե բիզնեսի, ենթակառուցվածքների զարգացմանը, այլ «բնապահպանական մտածողությամբ» շինարարության զարգացմանը։ Խստացումներն ու մեղմացումները պետք է բալանսավորված լինեն։ Գայանե Գաբրիելյանն ասում է՝ նախագիծը 350 էջ առաջարկ ունի, եթե բոլոր կարծիքները ներառվեն՝ 1000 էջի սահմանը կհատեն․

«Մենք չենք ասում, որ պետք է վերադառնալ քար դար, բայց եւ չենք ասում, որ հանուն մեկ վայրկյանի տնտեսական ակտիվության պետք է զոհաբերեք մեր բոլոր ռեսուրսները։ Մենք կայուն զարգացման կրողներն ենք, հետևաբար, տնտեսական զարգացումը եւս պետք է լինի կայուն, այսինքն՝ ոչ թե մեկ տարվա ընթացքում ցույց տանք եռանիշ տռնտեսական աճ, իսկ հաջորդ տարիներին ընդհանրապես չկարողանանք ոչ մի բան ունենալ, որովհետև սպառել ենք այն բոլոր բնական ռեսուրները, որոնց միջոցով ապահովվում է տնտեսական ակտիվությունը»։

Բնապահպաններն այս ձեւակերպման հետ գուցե համաձայն լինեին և, ինչպես նախորդ դեպքերում, ներկայացնեին իրենց քննադատություններն իրենց կարծիքով օրենքի «ոչ կանաչ» բաղադրիչների մասին։ Սակայն նրանցից որևէ մեկն այս քննարկմանը չէր եկել, ինչպես մի շարք բնապահպաններ են ձեւակերպում, այլևս որևէ փոփոխություն չակնկալելու պատճառով։

Օրենքի նախագիծը հաջորդիվ կքննարկվի Ազգային Ժողովում, ուր դեռ հնարավոր են փոփոխություններ։

Back to top button