ԿարևորՀասարակություն

Բաքվի «մարդասիրական խաղը» և գերիների վերադարձի «մահակի ու բլիթի» տրամաբանությունը

Նախօրեին Բաքվից Երևան վերադարձավ հինգ հայ ռազմագերի։ Նրանցից 4–ը Շիրակի, 1–ը՝ Լոռու մարզից են։ Հայ ռազմագերիների վերադարձին նախորդել էր Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել հանդիպումը։ Սա երկրորդ անգամ է, երբ Եվրոպական խորհրդի նախագահի հետ եռակողմ հանդիպումից հետո Բաքուն գերիների փոքր խմբի է վերադարձնում Երևանին, բայց և առաջին անգամ է, երբ գերիների փոխանցումը երկկողմանի է՝ առանց միջնորդի։

Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր հայ գերիներին՝ իր բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ», մինչդեռ Երևանը բազմաթիվ փաստեր ունի, որ պահվող անձանց թիվն ավելի մեծ է։ Մինչ եվրոպացի պաշտոնյաները սկսեցին ողջունել գերիների վերադարձը՝ Բաքվի քայլն անգամ մարդասիրական բնորոշելով, իսկ հայկական քաղաքագիտական շրջանակներում քննարկում են՝ գերիների վերադարձը հումանիստական քա՞յլ է, գործա՞րք, թե Բաքվի չկատարված պարտավորության մասնակի կատարում։ 

Մարդասիրական քա՞յլ, գործա՞րք, թե չկատարված պարտավորության մասնակի կատարում․ ինչու՞ Բաքուն որոշեց հենց այս պահին 5 հայ ռազմագերու վերադարձնել։ Վերադարձին օգոստոսի 31–ին նախորդել էր Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝ հանդիպումից հետո Միշելն առանձնակի շեշտադրումով էր խոսել թե ռազմագերիների վերադարձի մասին։

«Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, և այդ միջնորդության արդյունքում Բաքվի կողմից վերադարձվել են հինգ հայ ռազմագերի։ Կարծում եմ՝ հետագայում, երբ նման իրավիճակներ լինեն, կարիք լինի գործընթացը որոշակիորեն տեղից շարժել, օրինակ՝ խաղաղության համաձայնագրի պատրաստման, սահմանագծման աշխատանքների հետ կապված, պարտադիր չէ Շառլ Միշելի միջնորդությունը, որպես բարի կամքի դրսևորում գերիների այլ խմբաքանակ ևս բաց կթողնվի»։

Միջազգային արձագանքը չուշացավ․ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվի քայլը մարդասիրական որակեց։ Իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շեշտեց՝ գերիների փոխանցումն առաջին անգամ է, որ երկկողմանի է։ Մեջբերում։

«Հիմնական առաջնահերթությունը հումանիտար բոլոր առկա խնդիրների լուծումն է»։

Հայ գերիների խմբի վերջին վերադարձը կես տարի առաջ էր՝ 2022-ի փետրվարի 7-ին։ Նախկինում հայ ռազմագերիները վերադառնում էին կամ Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի կամ որևէ այլ պաշտոնյա-միջնորդի մասնակցությամբ։ Այս անգամ առանց միջնորդի են եկել տղաները՝ նկատում է Ղևոնդյանը։

«Սա ընդունում են որպես կողմերի միջև փոխադարձ վստահության, մեկը մյուսի հետ անմիջական շփվելու հնարավորություն։ Այս դեպքում էլ միջնորդությունը կա ռազմագերիների վերադարձին նախորդել էր բրյուսելյան հանդիպումը։ Ակնհայտ է, որ այս ժեստն Ադրբեջանն անում է՝ հաշվի առնելով հանդիպման արդյունքներն ու հետագա զարգացումները»։

Մինչ եվրոպացի պաշտոնյաներն Ադրբեջանի մարդասիրական քայլերից են խոսում, Բաքուն հաստատում է միայն 38 հայ ռազմագերու և քաղաքացիական անձի առկայությունը։ Մինչդեռ հայ իրավապաշտպանների տվյալներով՝ Բաքվի ցուցակներում չներառված ևս 80 մարդ է գերության մեջ։ Ավելին, շարունակվում են Բաքվի բանտերում հայերի նկատմամբ «հակաահաբեկչական և դիվերսիոն գործողությունների» շինծու քրեական գործերը»։ Բազմաթիվ են վկայությունները հայ գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի և կտտանքների մասին։ Այս դեպքերը փաստագրված են տարբեր միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ «Human Rights Watch»-ի կողմից։ «Մեզ մոտ առկա են նաև փաստագրված տեսանյութեր և լուսանկարներ այդ անձանց գերեվարված լինելու մասին, սակայն Ադրբեջանը չի հաստատում նրանց գոյությունը, փորձում է հումանիտար հարցերը քաղաքականացնել»,- ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի վարչապետը։

«Մենք միջազգային հարթակներում և բոլոր աշխատանքային քննարկումներում շարունակում ենք այդ հարցը բարձրացնել: Այս հարցով մենք նաև դատական գործընթացներ ունենք միջազգային ատյաններում, հետևողական ենք լինելու, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները վերադառնան ՀՀ»։

Ադրբեջանը բոլոր հարցերն է քաղաքականացնում ՝ ասում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ նկատելով՝ ռազմագերիների առկայությունը ևս մի գործիք է Ադրբեջանի ձեռքին։ Բայց նաեւ վստահ է՝ հայ ռազմագերիների վերադարձը նոր տարածքների զիջման պայմանավորվածության արդյունք չէ, մութ գործարքներ էլ չկան։

«Ճիպոտի և պրյանիկի տրամաբանությամբ՝ Հայաստանի նկատմամբ ճնշումներ են գործադրվում։ Պետք է նման գործողությունների ուղղակի պատրաստ լինենք։ Երբ անհրաժեշտ է, օրինակ, միջազգային հանրությանը ցույց տալ իր խաղաղասիրական նպատակները, նա կարող է գերիների բաց թողնել, հումանիտար հարցերի վերաբերյալ համաձայնություններ ձեռք բերել։ Իհարկե, բոլորովին այլ հարց է՝ դրանք հետագայում կկատարի, թե ոչ»։

Հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձը նախատեսված է դեռ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով։ Մինչ այժմ Բաքուն չի պահում սեփական ստորագրության պատասխանատվությունը։
Հայ ռազմագերիների ու ընդհանրապես Ադրբեջանի՝ հայերի նկատմամբ էթնիկ ատելության, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտման և Արցախը հայաթափելու նպատակների մասին են խոսել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Եվրոպական Խորհրդարանում «2020թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողովին։   

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Ռադիոլուրի»-ի հետ զրույցում նկատում է՝ Հայաստանի առաջին միջպետական գանգատի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, բարձրացրել են նաև գերեվարված մեր հայրենակիցների իրավունքների վերաբերյալ պահանջներ, այսինքն՝ խոսքը թե՛ գերեվարված, թե՛ անհետ կորած կամ բռնի անհետացած անձանց մասին է։

«Գերիների՝ Ադրբեջանի կողմից հաստատված թիվը 38 է, բայց ունենք մի քանի տասնյակ անձանց վերաբերյալ տեղեկություններ, որոնք վկայում են այդ անձանց ադրբեջանական վերահսկողության տակ գտնվելու մասին։ Դրանց վերաբերյալ ապացույցները ևս ներկայացված են Եվրոպական դատարանին»։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համագումարն իր հերթին է դիմել ՄԱԿ-ին, Եվրամիությանը և Ադրբեջանի իշխանություններին՝ միջազգային իրավունքի համաձայն բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին անհապաղ ազատ արձակելու համար:

«Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության դադարից գրեթե երկու տարի անց հարյուրավոր էթնիկ հայեր տակավին ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ոտնահարելով ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան Կոնվենցիան»։

Քաղաքագիտական դաշտում չեն բացառում՝ ավելի մարդասեր ու խաղաղասեր երևալու կամ էլ միջազգային հարթակներում նոր ճնշումներից խուսափելու համար առաջիկայում Բաքուն Երևանին ռազմագերիների նոր խումբ վերադարձնի։

Back to top button