ԿարևորՀասարակություն

Արցախի քաղաքացին Ադրբեջանի հետախուզությանն է տրամադրել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ. Արցախի ՔԿ

Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում են մի շարք մանրամասներ պետական դավաճանության դեպքով հարուցված քրեական գործից:

«2022 թ. մայիսի 28-ին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում պետական դավաճանության դեպքով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացված դատավարական և քննչական բազմածավալ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 1977թ. ծնված, Արցախի Հանրապետության քաղաքացի Ա.Հ.-ն, համացանցի Ֆեյսբուք սոցիալական կայքէջի միջոցով շփում հաստատելով Ադրբեջանի Հանրապետության հետախուզության ծառայության ներկայացուցչի հետ, 2021 և 2022 թթ.. ընթացքում նրանց հրավերով և ֆինանսական միջոցներով մեկնել է արտերկրի տարբեր քաղաքներ և հանդիպումներ ունենալով իր հետ կապ հաստատած օգտատիրոջ և վերջինիս վերադասի հետ՝ ամենամսյա կոնկրետ վարձատրության առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերել նրանց կողմից նվիրած «Iphone 11» մոդելի բջջային հեռախոսի և դրանում տեղադրված հատուկ ծրագրի միջոցով, Ադրբեջանի Հանրապետության հետախուզության ծառայություններին փոխանցել իրենց կողմից պահանջվող տեղեկությունները։ Որից հետո, մինչ նրա բացահայտվելը, թանկարժեք նվերների և ամենամսյա համապատասխան վարձատրության դիմաց իր հետ կապ հաստատած Ադրբեջանի Հանրապետության հետախուզության ծառայության ներկայացուցչին է տրամադրել վերջինիս կողմից պահանջված Արցախի Հանրապետության պետական գաղտնիք հանդիսացող, հույժ գաղտնի և այլ կարգի տեղեկություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ բավարար ապացույցների համակցությամբ որոշում էր կայացվել Ա.Հ-ին որպես մեղադրյալ ներգրավվել և նրան մեղադրանք առաջադրել Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության՝ լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելու, Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու, կատարած հանրորեն վտանգավոր արարքի համար։

Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել էր։

Արցախի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում պետական դավաճանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը 2022 թ սեպտեմբերի 9-ին ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար քրեական գործն ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button