ԿարևորՄշակույթ

Արժևորելով Օհան Դուրյան արվեստագետի վաստակը. 100-ամյակի հոբելյանական միջոցառումները մեկնարկել են

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որն ամբողջապես նվիրված է Օհան Դուրյանի 100-ամյակի հոբելյանին:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել փառատոնի բացումը. ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մշակույթի ոլորտի անվանի ներկայացուցիչներ, արվեստի երկրպագուներ:

Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմամբ տրվել է նաև Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը:

Համերգին հնչել են Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան և Բրամսի ջութակի կոնցերտը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Համերգային ծրագրի ավարտին նախագահ Խաչատուրյանը Օհան Դուրյանի այրուն է հանձնել մաեստրոյին շնորհված Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը և Մովսես Խորենացու մեդալը, որոնք նա տարիներ առաջ վերադարձրել էր պետությանը:

«Այսօր մաեստրո Օհան Դուրյանի հանդեպ մի վերջին պարտականություններից մեկը պետք է կատարեմ: Խնդիրն այն է, որ նրան զրկեցին իր նվագախումբը ղեկավարելուց, և այդ ժամանակաշրջանում՝ 2001 թվականին, նա, որպես բողոքի նշան, իր ըմբոստ պահվածքով որոշեց վերադարձնել պետությանն այն պարգևները, որ նրան շնորհվել էին 1996-1997 թթ: Երկու բարձր պարգևներ՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը և Մովսես Խորենացու մեդալը նա վերադարձրեց պետությանը»,-ասել է նախագահ Խաչատուրյանը և նշել, որ որպես պետական պաշտոնյա՝ ներկա է եղել այն արարողությանը, երբ տրվում էին այդ պարգևները:

«Այսօր ինձ համար մեծ պատիվ է, որ ես հնարավորություն ունեմ՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, վերադարձնելու այդ պարգևները տիկին Ալիսին: Համոզված եմ, որ այս պարգևներն իրենց տեղը կգտնեն Օհան Դուրյանի տուն-թանգարանում կամ այն վայրում, որտեղ որոշվել է դրանք պահել»,-ասել է նախագահը:

Հոբելյանական միջոցառումների մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը. «Օհան Դուրյանը մեզ համար կենսունակության խորհրդանիշ է, մարդ, որի մասին չենք կարող խոսել սովորական բառերով, քանի որ նա ինքն անսովոր էր իր արտիստիզմով, կեցվածքով և տեսակով: Արվեստի նկատմամբ նրա սերը դրսևորվում էր կրոնական խանդավառությամբ: Արվեստագետի ու մտավորականի նրա կերպարը համընկնում է քաղաքացիական օրինակելի նկարագրի հետ. այս համադրմամբ նա իրական խորհրդանիշ է»:

Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը:

Back to top button