Երևանի «Հայարտ» մշակութային կենտրոնում ընթանում է ամերիկահայ նկարիչ, քանդակագործ, դիզայներ Րաֆֆի Մուսախանյանի անհատական ցուցահանդեսը։
«Անորոշություն» վերնագրով ցուցահնադեսը արվեստագետի 5 տարիների աշխատանքի ամփոփումն է, որն արձագանքում է վերջին տարիների հայաստանյան բուռն և ողբերգական իրադարձություններին․ հեղափոխություն, համաճարակ, պատերազմ։
«Եթե կան թեմաներ, որոնք հուզում են ժողովրդին, կարծում եմ՝ յուրաքանչյուր արվեստագետ դրան ինչ–որ կերպ պիտի անդրադառնա, պիտի փորձի իր ժամանակի շունչը ներկայացնել․ ժամանակի իրավիճակը, էներգիան, նաև՝ ապագայի հույսը» – ասում է նկարիչը։
Մեկնաբանելով ցուցահանդեսի վերնագիրը՝, նշում է․ «Կանգնած էինք անորոշության առաջ և հիմա փորձում ենք դուրս գալ։ Այդ անորոշությունը յուրաքանչյուրիս մոտ է․ թե՛ քաղաքական գործիչների, թե՛ հասարակ ժողովրդի։ Ոչ ոք չէր սպասում ո՛չ հեղափոխությանը, ո՛չ քովիդին, ո՛չ էլ պատերազմին։ Իմ աշխատանքներով ես ցույց եմ տալիս, որ անորոշությունից դուրս գալու ճանապարհը կախված է յուրաքանչյուր անձից, մենք ազգովի քաղաքական գործիչներ չենք, բայց եթե մենք ուզենանք յուրաքանչյուրս մեր գործում ազնիվ լինել և փորձենք դուրս գալ վիճակից, կարծում եմ՝ խնդիրներ չենք ունենա։ Իմ աշխատանքներում ես դա եմ ցույց տալիս»։
1988 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում։ Այնտեղ հիմնել է Art studio, Classic and modern art արվեստի ստուդիան։ Բազմաթիվ ցուցահանդեսներին զուգահեռ զբաղվել ամերիկյան ֆիլմերի և բեմերի ձևավորմամբ։
Արվեստագետը պիտի ժամանակին համահունչ լինի ու իր ժամանակը ներկայացնի, եթե ուզում ես ժամանակը ցույց տալ, տեղանքը կապ չունի։ Հարցին, թե ինչն է անփոխարինելի Հայաստանում, պատասխանում է՝ էներգիան, որը չես կարող տեղափոխել։ Րաֆֆի Մուսախանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը «Հայարտ» կենտրոնում շարունակվելու է մինչև սեպտեմբերի 23–ը։