ԿարևորՀասարակություն

Ադրբեջանցիների հակահայկական ելույթը կանխվել է Թանգարանների միջազգային խորհրդում

Թանգարանների առջև ծառացած մարտահրավերներն ու առկա խնդիրների լուծման ուղիներն են քննարկել օրերս Պրահայում կայացած Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) 26-րդ գլխավոր վեհաժողովի ընթացքում: Դրան մասնակցել է աշխարհի 115 երկրների թանգարանային ոլորտի շուրջ 3000 ներկայացուցիչ, նաև՝ Հայաստանի պատվիրակությունը: Ադրբեջանի պատվիրակներն այս հարթակն էլ են փորձել օգտագործել կեղծիքներ տարածելու համար։ Հայկական կողմը հակադարձել է ադրբեջանական կողմին։

Ադրբեջանական կողմը  հնարավոր բոլոր հարթակներն օգտագործում է կեղծ տեղեկությունների տարածման  համար։ Այս անգամ  ադրբեջանական սուտը  հասել էր Պրահա, որտեղ ընթանում էր Թանգարանների  միջազգային  խորհրդի 26-րդ վեհաժողովը։  Հայկական պատվիրակությունը, սակայն, Պրահա մեկնել էր պատրաստված։ ԻԿՕՄ Հայաստանի նախագահ Հայկ Մկրտչյանը «Ռադիոլուրին» պատմում է, որ ադրբեջանցիների  զեկույցը տևել է մոտ 15 րոպե, ներկայացրել են իրենց երկիրն ու պատմությունը, պնդել, թե Արցախում հայերը  մշակութային ժառանգություն են  ոչնչացրել:

«Մենք նախապես արդեն Հայաստանում ԱԳՆ-ի մեր գործընկերների հետ քննարկել էինք այս հարցը: Փաստերով ներկայացրինք իրենց զեկույցի կեղծ լինելը: Ներկայացրինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային կոմիտեի կողմից հրապարակված զեկույցն այն մասին, թե վերջին 2 տարիների ընթացքում իրականում ինչ է տեղի ունեցել Արցախի տարածքում, որը հիմնված է միջազգային հեղինակավոր պարբերականների, կառույցների հետազոտությունների վրա։ Հանձնեցինք մեր  Ազգային կոմիտեի կողմից  վրդովմունքի  նամակը։ Հայտարարեցի, որ պրոֆեսիոնալ հարթակը չպետք է վերածել  քաղաքական հարթակի»,– ասաց  Հայկ Մկրտչյանը։

Նիստի հետո եվրոպացի շատ պատվիրակներ մոտեցել են  հայկական պատվիրակության անդամներին ու ասել, որ հասկանում են խնդիրը, բայց չէին կարող մերժել, քանի որ զեկույցն  արդեն  ընդգրկված էր քննարկումների օրակարգում։ 

«Մեզ ասացին դուք էլ կարող եք զեկույց  պատրաստել, բայց  մենք ասեցինք, որ չենք  ուզում  պրոֆեսիոնալ հարթակը սպորտային ռինգի վերածել»։

Թանգարանների միջազգային խորհուրդի վեհաժողովը հրավիրվում է   երեք տարին մեկ։ Դրան աշխարհի բոլոր մայրցամաքներից մասնակցում են  թանգարանային գործի մասնագետներ, ղեկավարներ ու հետազոտողներ։ Պրահայում  ոլորտի  ավելի քան 3000 մասնակից է  ներկա եղել բանավեճերին, կլոր սեղաններին, ցանցային և մշակութային միջոցառումներին։  Հայկական պատվիրակության անդամների խոսքով՝ վեհաժողովը նաև հարթակ է դարձել հետագա փոխգործակցության համար։ Հայկ Մկրտչյանի խոսքով՝ ձեռք են բերվել տարբեր  պայմանավորվածություններ:

Թանգարաններն այսօր կանգնած են մարտահրավերների առաջ․ գլխավոր հարցը նախահամաճարակային  շրջանի այցելությունները վերականգնելն է։ 

Սակայն ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամ Տաթև Սարոյանը նկատում է, որ  քովիդի շրջանում   նոր տեխնոլոգիաների ակտիվ ներմուծումը դրական ազդել ոլորտի վրա։

«Այն  անձիք, ովքեր օնյալն հարթակում էին այցելում թանգարաններ, դրանց բացվելուց հետո իրական կյանքում էլ սկսեցին այցելել»։

 Կորոնավիրուսից հետո Հայաստանի թանգարանները կարողացել են   վերականգնել 2019 թվականի այցելությունների մակարդակը: Մատենադարանը շուրջ 80 տոկոսով է հասել նախաքովիդյան  ցուցանիշին, բայց այլ դրական միտումներ կան։

«Թանգարանային այցելությունը բավական երիտասարդացել է: Եթե նախկինում ավելի մեծահասակ զբոսաշրջիկներ էին այցելում, ապա հիմա միտումը դեպի երիտասարդներն է : Ինչ վերաբերում է տեղի այցելություններին, ապա ասեմ, որ դպրոցական տարիքի երեխաների այցերը կրկնապատկվել են : Մեզ համար թիրախային էին նաև ընտանեկան այցերը»,-ասաց Տաթև Սարոյանը:

ԻԿՕՄ Հայաստանի անդամներից յուրաքանչյուրն անդամակցում է խորհրդի թեմատիկ կոմիտեներին և տեղում աշխատանքներ տանում: ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամ Արուսյակ Ղազարյանը տեղեկացրեց, որ այս տարի առանձին կոմիտեներում տարված աշխատանքը բավական արդյունավետ է եղել․ պայմանավորվածություններ են ձեռք բերվել առնվազն 4 միջազգային գիտաժողով Հայաստանում անցկացնելու վերաբերյալ։ 

Կարդացեք նաև
Close
Back to top button