Մոռացված ֆիլմերի ստվերները

Խորհրդային գրաքննության խութերը հաղթահարած Դմիտրի Կեսայանցը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցը կամքի մեծ ուժով կարողացավ դիմակայել իրեն բաժին ընկած փորձությունները։ Նրա ստեղծած «Մեր պապերի քայլերգը» ֆիլմը  յուրօրինակ «հաշվեհարդար էր» շուրջ մեկ տասնամյակ առաջ իր մեկ այլ ֆիլմի անողոք ու անարդար գրաքննության համար։ 

Դմիտրի Կեսայանցը հայ կինոյի խիստ անհատական ձեռագրով ռեժիսորներից է։ «Տերն ու ծառան», «Ավդոյի-մեքենան», «Զինվորն ու փիղը», «Անիծվածները» և այլ ճանաչված ու, ցավոք, այդպես էլ բավականաչափ չհանրայնացված ֆիլմերի ռեժիսորի ուղին հարթ չի եղել։ Նրա կուրսային աշխատանքը՝  կարճամետրաժ «Տերն ու ծառան» ֆիլմը,  համաշխարհային կինոյի դասական նմուշ է։ Հաջորդող՝ «Ավդոյի-մեքենան» կատակերգությունը ռեժիսորի դիպլոմային աշխատանքն է։ Այս կինոնկարը, ինչպես իրավացիորեն նշում է կինոգետ Սիրանույշ Գալստյանը, եզակի ճակատագիր ունեցավ։ Այն հայկական միակ ֆիլմն է, որն արգելվեց տեղական նախաձեռնությամբ ու անգամ մոսկովյան կինողեկավարությունը, որ սովորաբար ինքն էր արգելքներ ստեղծում, չկարողացավ պոկել ֆիլմը տեղացի գրաքննիչների ճանկերից:

Սիրանույշ Գալստյան

«Ավդոյի-մեքենան» ֆիլմը, եթե անգլերեն սուբտիտրերով ներկայացվի արևմտյան կրթված հանրությանը  իրենց ուղղակի այն կափշեցնի ու կհիացնի: Վստահ եմ, որ նույնիսկ  կզարմանան, որ այդպիսի նուրբ հումոր և երգիծանք հնարավոր էր եղել էկրան բարձրացնել խորհրդային տարիներին »,- ասում է Սիրանույշ Գալստյանը:

Եթե չլիներ «Ավդոյի մեքենան» ֆիլմի ցավալի պատմությունը, չէր ստեղծվի նաև  «Մեր պապերի քայլերգը» ֆիլմը։ Վրեժն ուտեստ է, որ պետք է սառը մատուցվի։ Կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցը շատ լավ գիտեր այս մասին ու ավելի քան մեկ տասնամյակ անց խորհրդային կինոչինովնիկներից վրեժ լուծեց «Մեր պապերի քայլերգը» ֆիլմով։ 60-ականների ձնհալի տարիներին դաժանորեն մկրատված «Ավդոյի-մեքենան» դիպլոմային աշխատանքին վերադառնալով բրեժնևյան դարաշրջանում` արդեն փորձով հարուստ տաղանդավոր կինոռեժիսորը գիտեր՝ ինչպես հաղթահարել խորհրդային գրաքննության խութերը։

 «Մեր պապերի քայլերգը» ֆիլմում Դմիտրի Կեսայանցը կարողացավ իրագործել այն ամենը, ինչ Խորհրդային գրաքննության կոպիտ միջամտությամբ  ոչնչացվել էր տասնչորս տարի առաջ նկարահանված «Ավդոյի-մեքենան» ֆիլմում» ,-նշում  է Սիրանույշ Գալստյանը ։ 

Էքսցենտրիկ  ձեռագրով նկարահանված «Մեր պապերի քայլերգը» ֆիլմը թեև չկրկնեց  նախորդ՝ «Ավդոյի-մեքենան » ֆիլմի ճակատագիրը,  չանցավ տարբեր գրաքնությունների ու մկրատումների միջով, սակայն էկրան բարձրանալուց հետո, ինչպեսև  իրավացիորեն նշում է  ֆիլմում մարմնավաճառ Վարսոյի կերպարը մարմնավորած   Թամար Հովհաննիսյանը, նույնպես երջանիկ ճակատագիր չունեցավ։ 

Թամար Հովհաննիսյան

«Այս ֆիլմը իր էկրանային կյանքը այդպես էլ չունեցավ: Կարելի է ասել , որ դա մի երեխա էր, որ ծնվեց, բայց չապրեց և դա ուներ իր և՛սուբեկտիվ, և՛ օբեկտիվ պատճառները»,-ասում է Թամար Հովհաննիսյանը:

«Մեր պապերի քայլերգը» ֆիլմին  հաջորդեց  «Հեծյալը, որին սպասում էին» երկսերիանոց գեղարվեստական ֆիլմը, որը նույնպես անծանոթ մնաց հայ հանդիսատեսին։

Հետաքրքիր  ռեժիսորական ձեռագրով նկարահանված ֆիլմի հանրայնացմանը խոչընդոտեց հենց պատվիրող կողմը՝ Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսությունը։ Այդ ֆիլմի երկրորդ ռեժիսոր Հրանտ Հակոբյանը նշում է, որ անարդարացիորեն արխիվային փոշոտ դարակներում  հայտնված ֆիլմը նկարահանվեց բազմաթիվ դժվարությունների գնով։

Հրանտ Հակոբյան

«Քանի որ ֆիլմը  պատմական է կինոյի տերմինալոգիայով ասած «կոստումային» ֆիլմ է, ուրեմն ամեն ինչ պետք է ներկայացվեր տվյալ ժամանակահատվածին հարիր: Զգեստներ, շինություններ, նիստուկաց և այլն: Նաև բազմաթիվ կասակդյորական տեսարաններ կաին  և դրանց իրագործումն էլ բավականին բարդ էր այն ժամանակ; Մի խոսքով ծանր նկարահանումներ էին, բավականին ջանք ու եռանդ դրվեց այս ֆիլմը իրականություն դարձնելու  համար և շատ ափսոս, որ այն այդպես էլ պատշաճ ձևով չներկայացվեց  հանրությանը»,-ափսոսանքով նշում է Հրանտ Հակոբյանը:

«Հեծյալը, որին սպասում էին» ֆիլմի ցուցադրության իրավունքն այսօր էլ պատկանում է Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսությանը։ Դա է պատճառը, որ այն այդպես էլ երբևիցե չցուցադրվեց Հայաստանի հեռուստատեսությամբ։ Այդ ֆիլմի անտեսված ճակատագիրը որոշ չափով հասկանալի է, ռուսական կողմը այդպես էլ չհանրայնացրեց հայազգի կինոռեժիսորի նկարահանած կինոնկարը։ Բայց թե ինչո՞ւ բազմատեսակ գրաքննությունների միջով անցած «Ավդոյի մեքենան» և հետագայում այդ ֆիլմի հետ կատարված անարդարության ցավը մեղմելու միտումով նկարահանված «Մեր պապերի քայլերգը » ֆիլմերն այդպես էլ չհանրայնացվեցին, մինչև օրս անհասկանալի է։

Back to top button