Դպրություն

Գոյաբանական խնդի՞ր, թե ակադեմիական քաղաք․ ո՞րն է օրակարգային․ «Դպրություն»

Օրերս հայտնի դարձավ, որ կառավարությունը մտադիր է Աշտարակ քաղաքում ստեղծել ակադեմիական քաղաք, միավորել պետական բուհերը և տեղափոխել դրանք Աշտարակ։ Թեև այս գաղափարը դեռևս փաստաթղթային հիմնավորում չի ստացել, այն դեռևս սաղմնային փուլում է, այնուամենայիվ, արդեն հասցրել է մեծ արձագանք ստանալ կրթության ոլորտի շահառուների, հասարակության շրջանում։

«Դպրություն» հաղորդաշարի տաղավարում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը:

Լիլիթ Արզումանյան

«Բուհերի խոշորացման ծրագիրը, ըստ իս, անլուրջ է։ Երևանում գործող մասնավոր և միջազգային բուհերը մնում են իրենց տեղում, իսկ պետական բուհերը և՛ կրճատվում են, և՛ մայրաքաղաքից դուրս են գալիս։ Ստացվում է, որ թիրախավորված է պետական կրթական համակարգը։ Օպտիմալացումը հավանաբար անհրաժեշտ է, բայց դա պետք է արվի շա՜տ մանրակրկիտ քննարկումից հետո։ Ընդ որում, այդ քննարկումներին պետք է մասնակցեն ոլորտի բոլոր շահառուները՝ անկախ քաղաքական հայացքներից», – ասում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը։

Ատոմ Մխիթարյան

«Եթե մեխանիկորեն վերցնում և միավորում ենք մի քանի բուհեր, արդյո՞ք դրանից մենք շահելու ենք և կրթության որակն է բարձրանալու։ Իհարկե ոչ։ Աշխարհի բարձր վարկանիշ ունեցող բուհերը հետազոտական համալսարաններն են, որոնք չափվում են այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են օրինակ միջազգային բարձր հեղինակություն ունեցող պարբերականներում տպագրված աշխատանքներ, միջազգային մակարդակում համագործակցության ծրագրեր, արտասահմանցի ուսանողների բարձր տոկոս, բարձ վարձատրվող դասախոսներ և գիտնականներ, համապատասխան ենթակառուցվածքներ։ Մեխանիկորեն բուհերը միացնելով՝ հաստատ նպատակին չենք հասնի։ Մենք 2 իրար հակասող դրույթներ ենք դնում նույն փաստաթղթի մեջ։ Մի կողմից օպտիմալացման անվան տակ միավորել բուհերը, մյուս կողմից՝ անել այնպես, որ բուհերը դառնան բարձր վարկանիշ ունեցող համալսարաններ։ Պետք է նշեմ, որ հայտնի հետազոտական համալսարանների տարեկան բյուջեն համեմատական է Հայաստանի ողջ բյուջեին։ Մեր կառավարությունը այսօր արդյո՞ք պատրաստ է իր պետական բյուջեի զգալի մասը, եթե չասեմ կեսից ավելին, տրամադրել գոնե մեկ բուհ ձևավորելու և վարկանիշավորման բարձր աղյուսակներում ներգրավելու», – մտահոգություն է հայտնում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը:

Back to top button