ԿարևորՀասարակություն

Տիեզերք արձակված հայկական արբանյակն աշխատում է, լուսանկարները կան

Առաջին հայկական արբանյակը գործում է և արդեն պատկերներ է ուղարկել տիեզերքից, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Starmus VI փառատոնի շրջանակում հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանը։

Արբանյակը ուղեծիր է արձակվել հայկական պետական ​​Geocosmos ընկերության և իսպանական Satlantis-ի համագործակցության շնորհիվ։

«Արբանյակն աշխատում է, լուսանկարները կան, բայց չենք կարծում, որ ներկայումս կարիք կա այդ մասին բարձրաձայնել։ Կան պատճառներ։ Գիտենք, որ արբանյակը կա, գիտենք, որ աշխատում է, գիտենք, որ գործողություններ կատարում է։ Ովքեր կաշխատեն նախագծի հետ, նրանք կիմանան»,- պատասխանեց ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը:

Հարցին, թե արդյոք Հայաստանն աշխատում է «կուբսատներ» արձակելու ուղղությամբ, Մանթաշյանն ասաց, որ ԲՏԱ նախարարության ռազմավարությունը դեռ վերջանական հաստատված չէ, սակայն կարող է ասել, որ  հենց STARMUS-ի շրջանակներում ճշգրտվում են նախարարության առաջնահերթությունները։

 «Նման նախագծերը պահանջում են պայմաններ, մենք այդ պայմանները պարտավոր ենք ստեղծել «կուբսատների» համար և ապահովել»,- ասաց Մանթաշյանը։

Satlantis-ի գործադիր տնօրեն Խուան Թոմաս Էռնանին իր հերթին ասել է, որ գոյություն ունի երկարաժամկետ գործողությունների ծրագիր:

«Արդեն առաջին քայլն արվել է, և արբանյակը արձակվել է տիեզերք։ Ամեն շաբաթվա կտրվածքով անում ենք նախատեսված գործողությունները, որովհետև տիեզերական գործունեությունը ենթադրում է հստակ ժամանակացույցով կատարվող քայլարշավ։ Առաջին քայլից հետո ունենք երկարաժամկետ պլանները, հաջորդ քայլը կլինի, մասնավորապես, հայկական արտադրության արբանյակների գործարանի ստեղծումը։ Ակնհայտ է, որ այս երկարաժամկետ և մեծածավալ ծրագրերը պետք է համադրելի լինեն մուտքային տվյալների և ռեսուրսների ներգրավման հետ»,- ասաց Հերնանին։

Back to top button