ԿարևորՀասարակություն

Պատմության թանգարանի նմուշների համար օդը մաքուր, խոնավությունը՝ պատշաճ կլինի

Հայաստանի պատմության թանգարանը վերսկսում է մշտական ցուցադրությունները։ Շուրջ երկամյա շինարարական դադարից հետո առաջինը այցելուներին կներկայացվի «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» ցուցադրությունը։ Վերանորոգումից հետո ստեղծվել են նմուշների պահպանման հատուկ պայմաններ, ամենաառանձնահատուկ մոտեցումը ցուցաբերվել է արժեքավոր ցուցանմուշին՝ 5500 տարեկան ոտնամանին։

Գրեթե երկամյա դադարից հետո Հայաստանի պատմության թանգարանը պատրաստ է ցուցադրել Հայաստանի պատմությունը։ Թանգարանում շինարարությունն ավարտվում է, վերաբացվում է մշտական ցուցադրությունը։ Առաջին ցուցասրահը «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար»-ն է, որում ներկայացվելիք ցուցանմուշներից «ամենատարեցները» մեզնից 1.8 միլիոն տարի առաջ պատրաստված քարե գործիքներն են։ Այստեղ կարելի է գտնել այդ շրջանից մինչև Ք.ա. 5-րդ հազարամյակի տարբեր գտածոներ՝ 500-300 հազար տարեկան ձեռքի հատիչ, քարե կացին, կավանոթ և այլն։ Այս ամենը կազմակերպելու համար արված տեխնիկական աշխատանքների մասին ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն է պատմում․

«Շատ մեծ աշխատանք է կատարվել այս ընթացքում, թանգարանի տարածքը մեծ է, ու շատ բան արդիականացման կարիք ունի, բայց պետական բյուջեի հաշվին մենք կարողացանք առնվազն լուծել օդափոխման համակարգի հարցը։ Այն կապահովի խոնավության ճիշտ աստիճան, որը շատ կարևոր է ցուցադրության ու ցուցանմուշնեի համար։ Այդ նախաձեռնության համար պետական բյուջեից ծախսվել է մոտ 400 մլն դրամ»։

Միայն 10 միլիոն դրամ տրամադրվել է աշխարհի ամենահին՝ 5500 տարեկան ոտնամանը պատշաճ պայմաններում պահելուն։ «Ռադիոլուր»-ը նախորդիվ զրուցել էր պատմության թանգարանի ներկայացուցիչների հետո ու ներկայացրել, որ 2010-ին՝ քարանձավից դուրս հանելուց հետո, այն արտաքին փոփոխությունների էր ենթարկվել: Այսօր ևս մեր հարցին պատասխանելով՝ Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշում է՝ գտածոների պահպանման նման պայմանների ստեղծումը մեծ ֆինանսների հետ է կապված, ինչը միշտ չէ, որ հնարավոր է ապահովել։ Սակայն թանգարանն արել է ամեն ինչ այս գտածոն, և կանի ամեն ինչ՝ մյուս գտածոները պաշտպանելու համար։

«Անշուշտ, ոտնամանը բարձիթողի վիճակում չի եղել, հնարավոր բոլոր միջոցները կիրառվել են, որ այն լինի հնարավորինս լիարժեք, դրանից նրա արժեքը երբևէ չի իջել կամ ստվերվել։ Ընդհակառակը՝ թանգարանն իր ջանքերը դրել է, որ այդ կոշիկը հնարավորինս պահպանվ,ի և կիրառվել են հնարավոր տարբեր ձևեր։ Այլ  հարց է, որ միայն այսօր ունենք հնարավորություն պատրաստելու այսպիսի մի նոր ցուցափեղկ։ Շուրջ 400 000 առարկա միայն այս թանգարանում է պահպանվում և նաև հազաավոր այլ առարկաներ՝ տարբեր թանգարաններում։ Փորձ է կատարվում հատկապես ավելի խոցելի, ավելի փխրուն առարկաների մասով պլանավորել այս շատ թանկարժեք միջոցների ձեռք բերումը»։

Արփա գետի հնագիտական ուսումնասիրության արշավախմբի ղեկավար, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը այս գտածոն առաջինը տեսնողներից է։

«Բոլորի համար էլ կոշիկի վրա մի ճաքը սրտի ճաք է, դա ցավ է, բայց դե հիմա կարողանանում ենք լուծել այնպես, ինչպես մեր հնարավոությունները թույլ են տալիս»։

Սա միայն Հայաստանի խնդիրը չէ․ քարանձավային կյանքով մի քանի հազարամյակ «ապրած» նմուշները մարդկային կյանքին հեշտ չեն հարմարվում։ Մարդիկ հատկապես դժվար են պահում այն նմուշները, որոնց տարիքին բախվելու պատրաստ ու սովոր չեն։

«Ես խոստովանում եմ՝ Արենիի պեղումներից մենք բավական բան փչացրել ենք, որովհետև այն ժամանակ չէինք պատկերացնում ուղղակի, թե ինչի հետ գործ ունենք, ու աշխարհում էլ այդ փորձը չկար»։

Այժմ ցուցնմուշը պահվելու է հատուկ կահավորված ցուցափեղկում։ Թանգարանի այցելուները դրան առնչվել կարող են ոչ միայն տեսողական զգայարանով, այլ նաև  շոշափելիքով։ Թանգարանի տնօրենը տեղեկացնում է՝ կոշիկի կրկնօրինակներ են պատրաստվել։

«Արմոս կոշիկի ձեռնարկությունը պատրաստեց կոշիկի կրկնօրինակները, մեր այցելուները հնարավորություն կունենան ձեռքով զգալու և նոր զգայարաններ միացնելու ցուցադրական հաղորդակցության ընթացքում։ Կարծում եմ՝ այս մոտեցումը լավ հնարավորություն է, որ բազմակողմանիորեն բացենք մշակութային արժեքների տարբեր կողմերը և հնարավորություն տանք, որ մեր այցելուները հնարավորինս շատ գիտելիք, լավ էմոցիաներ ունենան մեր թանգարանում, ու ժամանցը վերածենք նաև կրթական փորձառության»։

Բորիս Գասպարյանը նշում է՝ մշտական ցուցադրության վերաբացումը կարևոր գիտական-մշակութային իրադարձություն է։ Ասում է՝ այստեղ ցուցադրվելու են բացառիկ ցուցանմուշներ, որոնցով մեր երկիրը կարող է հպարտանալ:

Ցուցադրությունն անընդհատ փոխվելու ու թարմացվելու է։ Այն իր դռները կբացի սեպտեմբերի 9-ին։ Հաջորդիվ կվերաբացվեն նաև թանգարանի մյուս ցուցադրությունները։

Back to top button