ԿարևորՔաղաքական

Չի հաջողվել ընդհանուր համաձայնության գալ Բրյուսելի փակագծերը բացվում են Ռուսաստանում

Բրյուսելում Հայաստանի համար կարեւոր հարցերի շուրջ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել՝ Փաշինյանն է Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ փոխանցել հայ համայնքին՝ պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին։ Վարչապետի վերջին մեկնաբանությանը զուգահեռ՝ այս օրերին Արցախի հարցով նոր մեսիջներ կան միջազգային հանրությունից ու նոր զարգացումներ։ Տարածաշրջանային այցով Երեւան ժամանած Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ Ֆիլիպ Ռիկերի այցը տարածաշրջանային է։ Նա կլինի նաեւ Վրաստանում ու Ադրբեջանում։ Հայ փորձագետները բարձր են գնահատում, ամերիկացի համանախագահի Հայաստան այցը՝ նշելով, որ դա բխում է Հայաստանի շահերից։

«Բրյուսելում մեզ հուզող ամենակարեւոր հարցերի վերաբերյալ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել: Խոսքը, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի մասին է»․ Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոստովանելով՝ իրավիճակը շատ բարդ է․

«Պետք է արձանագրել, որ մեր տրամադրությունը հասկանալի պատճառներով այնքան էլ լավ չէ, բայց եթե կարողանանք հաղթահարել ինքներս մեզ, կարողանանք ցանկացած ճգնաժամի մեջ տեսնել հնարավորություն եւ արձանագրել, որ տեղում մնալ հնարավոր չէ, պետք է առաջ գնալու հնարավորություններ փնտրել»․․․

Պետք է առաջ գնալու հնարավորություններ փնտրել , ինչը հեշտ չէ՝ հասկանալով, որ կան լուրջ բարդություններ։ 44-օրյա պատերազմից հետո իրադրությունը նեգատիվ փոփոխություն է կրել, եւ պետք է կարողանալ ճիշտ կառավարել իրադրությունը՝ ասաց․

«Գիտեմ, որ շատ են հարցերը բրյուսելյան հանդիպման մասին, պետք է ասեմ, որ  այդ հանդիպման ընթացքում ամենակարեւոր կամ մեզ հուզող ամենակարեւոր հարցերի վերաբերյալ մեզ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել: Խոսքը, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ է: Բայց մյուս կողմից էլ մենք երկուստեք՝ եւ Ադրբեջանը, եւ Հայաստանն արձանագրում են խաղաղության հասնելու եւ խաղաղություն արձանագրելու իրենց ցանկությունը»:

Փաշինյանը հիշեցրեց՝ նախօրեին Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ էլ է խոսել խաղաղության մասին։ Բոլորն են խաղաղություն են ուզում, սակայն ամեն կողմ իր պատկերացումը, բանաձեւն ունի, որոնք հակասում են երբեմն իրար։

«Ադրբեջանի տեսակետը հետեւյալն է, թե Ղարաբաղի խնդիրը լուծված է, եւ այլեւս քննարկելու բան չկա: Մեր դիրքորոշումը եւ ակնհայտորեն միջազգային հանրության դիրքորոշումը չեն համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ, քանի որ այս սեգմենտում Ադրբեջանի դիրքորոշումը չեն կիսում, մասնավորապես, Ռուսաստանը»:

Դեռ ապրիլին ՌԴ նախագահի հետ ստորագրվել է հայտարարություն՝ արձանագրելով, որ պետք է համագործակցեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։ Դրանով, ըստ Փաշինյանի ՌԴ-ն արձանագրում է, որ կա հիմնախնդիր, որը պետք է կարգավորել, եւ սա տրամաբանական է․ եթե հիմնախնդիր չլիներ, ՌԴ խաղաղապահները չէին գտնվի ԼՂ-ում:

Համաժողովի ժամանակ ուշագրավ դիտարկումներ արեց նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով ազգերի ինքնորոշման իրավունքի կարեւորության մասին։ Սա, իհարկե, նա ասաց Դոնեցկի, Լուգանսկի, Ղրիմի, Կոսովոյի իրավիճակների ենթատեքստով եւ ոչ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման։ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն այս առումով նկատում է՝

«Եթե մեկի համար ինչ-որ սկզբունքներ կիրառելի են Կոսովոյի հարցում, մյուսի համար այդ սկզբունքները ճիշտ են եւ կիրառելի են Դոնեցկի, Լուգանսկի, Ղրիմի հարցում, ապա նույն սկզբունքներն առավել եւս իրենց համար պետք է կիրառելի լինեին Արցախյան հակամարտության հարցում»։

Եւ՛ Ռուսաստանը եւ՛ Արեւմուտքն, ըստ Տարոն Հովհաննիսյանի, հարցին մոտենում են իրենց շահերի տեսանկյունից, ըստ այդմ՝ այս պահին ազգերի ինքնորոշման իրավունքի կարեւորության մասին հայտարարություններն Արցախի հարցում ձեռնտու չեն ոչ՛ Արեւմուտքին, եւ՛ ոչ էլ Ռուսաստանին։ Եվ միջազգային իրավունքն, ըստ էության, գործում է գերտերությունների համար։ Տարոն Հովհաննիսյանի համոզմամբ՝ ԱՄՆ ակտիվացումը ղարաբաղյան խնդրում ՀՀ շահերից է բխում․

«Մեզ համար գլխավոր արդյունավետությունն այն է, որ համանախագահները պահպանվեն, որպեսզի երբ ստեղծվի համապատասխան լարման իրադրություն, երեք համանախագահները կարողանան միասին աշխատել, եւ տեղի ունենա ձեւաչափի վերականգնում»։

Այս պահին ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ակտիվություն է դրսեւորում ԱՄՆ-ը։ Երեւանում է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ Ֆիլիպ Ռիկերը։ Այցը տարածաշրջանային է, Հայաստանում կլինի երկու օր՝ սեպտեմբերի 8-10-ը։ Ըստ ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությա՝ն ԱՄՆ միջնորդը ՀՀ պաշտոնատար անձանց հետ կքննարկի տեւական խաղաղության հասնելու՝ Հայաստանի եւ Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին ԱՄՆ աջակցության հարցը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման։

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի առանձին այցը տարածաշրջան, փորձագետ Տարոն Հովհաննիսյանի կարծիքով, կարեւոր է․

«Առանձին աշխատանքը, որքան էլ նվազ արդյունավետություն ունենա, շատ ավելի լավ է, քան այդ ձեւաչափի չեղարկումը, ինչը ցանկանում է ադրբեջանական կողմը։ Հետեւաբար, այստեղից մեր հաշվարկները պետք է իրականացնենք»։

Ֆիլիպ Ռիկերի այցը առիթ էր, որպեսզի միջազգային հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում թարմացներ դեռ նախորդ տարվա իր կանխատեսումն, ըստ որի՝ 2022 թվականին հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումներ են սպասվում։ Ըստ քաղաքագետի՝ եթե նայենք պատմությանը,  կտեսնենք, որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումների պիկը գալիս է հենց այն ժամանակ, երբ կա Արցախի հարցում առաջընթացի հնարավորություն կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկար:

Սարգսյանի կանխատեսմամբ՝ առաջիկայում մեր պաշտոնյաներին հրավիրելու են Վաշինգտոն, քաջալերեն հստակ և արագ քայլեր ձեռնարկել: Նույնը, իհարկե, Թուրքիայի և Ադրբեջանի մասով կլինի՝ ըստ նրա: Ի վերջո, նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Սոչիի պայմանավորվածությունները լեգիտիմացվել են Բրյուսելի և Փարիզի կողմից, և հիմա Վաշինգտոնի հերթն է, եւ ԱՄՆ-ի ակտիվությունը տեսանելի կլինի առաջիկայում։

Back to top button