ԿարևորՀասարակություն

Ով է չհանձնվող հայ զինվորը․ մեկ տեսանյութի հավաքական ասելիքը

Ո՞վ է այն հայ զինվորը, որը, հայտնվելով շրջափակման մեջ, հրաժարվում է ադրբեջանցի զինվորականների պահանջով ասել, թե Ղարաբաղն Ադրբեջան է, չնայած նրանց վստահեցումներին՝ հրաժարվում է հանձնվել ու միայնակ փորձում է մարտի դուրս գալ։ Կադրերում նաեւ երեւում է, թե ադրբեջանցի տասնյակ զինվորականներն ինչպես են խուճապի մատնվում, երբ հայ զինվորը նրանց ուղղությամբ բարձրացնում է զենքը։ Տեսանյութը երեկվանից հանրության թեժ քննարկումների առանցքում է։ Հայ զինվորին մարդիկ բնորոշում են որպես հերոս, ՊՆ-ն փորձում է պարզել նրա ինքնությունը, իսկ հոգեբանները, ի դեմս այս երիտասարդի, տեսնում են հայ հերոսի հավաքական կերպարը։

Նախօրեին համացանցում տարածվեց տեսանյութ, որում հայ զինվորը,  շրջափակման մեջ, միայնակ՝ ընդդեմ տասնյակ ազերի զինվորականների, փորձում է մարտի դուրս գալ։ Հրապարակված տեսանյութում պարզորոշ լսվում է, թե ինչպես է ադրբեջանցի սպան խոստանում չվնասել, հանձնել նրան երրորդ երկրի ու առաջարկում մեր զինվորին  հանձնվել։ Հենց այս կեղծ խոստումներին տղայի խիզախ արձագանքն է, որ համացանցում շարունակ քննարկվում է, ու հնչում են առաջարկներ՝ պարզել երիտասարդի ինքնությունն ու անգամ նրան հերոսի կոչում տալ։ Իսկ հայ զինվորը, որն այդպես էլ չի հանձնվում, հրաժարվում է ասել՝ Ղարաբաղն Ադրբեջան է, առանց վախի ինքն է իրեն օղակի մեջ առած ադրբեջանցիներին վախկոտ անվանում ու սկսում կրակել։

Ուշագրավ է, որ տեսանյութը մեծ հավանականությամբ հենց ադրբեջանցի զինվորականներից է տարածվել․կադրերում նրանց խոսքն է լսվում։

Իսկ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը փորձում է պարզել, թե ով է այդ հայ զինվորը։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյան․

 «Պաշտպանության նախարությունն արդեն երկրորդ օրն է՝ տեղորոշման, անձի նույնականացման ու ամսաթվի հստակեցման աշխատանք է տանում»։

Ընթացքում համացանցում հրապարակվեց լուսանկար և տեղեկատվություն տարածվեց, թե պարզվել է հերոսի ինքնությունը։ Անգամ անուն սկսեց շրջանառվել։ Արամ Թորոսյանն ասում է՝ տեղյակ են այդ լուսանկարից, բայց նախարարությունը չի կարող այս պահին հաստատել անձի ինքնությունը։

«Իհարկե, հետևում ենք համացանցում տարածվող տեղեկություններին, բայց պաշտպանության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ ու կհաստատի միայն 100 տոկոսով վստահ լինելու դեպքում։ Նախնական տվյալներ ունենք, բայց հրապարակման ենթակա չեն, քանի որ ՊՆն միայն ճշտված տեղեկություններ է հրապարակում»,–ասաց Թորոսյանը։

Բլոգեր Արամ Գևորգյանն այս տեսանյութի մասով տեղեկացրել էր, որ, ցավոք, կա նաև այդ տեսանյութի շարունակությունը, որտեղ երևում են տղայի մարմինը, մասամբ նաև՝ դեմքը, պարզապես դա հրապարակման ենթակա չէ։ Ըստ մամուլի հրապարակումների ու որոշ դիտարկումների՝ դեպքը տեղի է ունեցել Որոտանի՝ Կուբաթլուի տարածքում:

Հերոսների վերականգնողական քաղաք–կենտրոն»–ի հոգեբան Մարիամ Գրիգորյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում, ի դեմս այս տեսանյութի երիտասարդի, խոսում է հայ զինվորի չհանձնվող տեսակի մասին։ Մասնագետը մոտ երկու տարի աշխատել է 44 –օրյա պատերազմի մասնակից զինվորների, նրանց ընտանիքների հետ։ Ասում է՝ պարբերաբար են զրույցներ ունեցել պատերազմից վերադարձած զինվորների հետ, ովքեր պատմել են, թե շրջափակման մեջ հայտնվելուց ի՞նչ են մտածել, ի՞նչ ելքեր են փնտրել։

«Իրականության մեջ բոլոր մարդիկ սթրեսին տալիս են հակազդում, իրավիճակով ու անձով պայմանավորված՝ որոշները փախուստի են դիմում, որոշների մոտ սառելու պրոցես է լինում։ Իսկ այս պարագան արտակարգ իրավիճակ է, ու շատ հաճախ մարդն արտակարգ իրավիճակում չի կարող վերլուծություններ անել, այլ գործում տվյալ պահի թելադրանքով»։

Հոգեբանն ասում է՝ զինվորների հետ հաճախ են այս թեման արծարծել՝գերի ընկնե՞լ, թե՞ զոհվել։ Դեռ նախորդ պատերազմներից սկսած՝ հայ զինվորականության  դիրքորոշումը հստակ է՝ ավելի լավ է մեռնել, քան գերի ընկնել։ Նրանք, ինֆորմացված լինելով, պատկերացնելով, թե ինչ է իրենց սպասվում գերության մեջ, դա դիտարկում են որպես ամենավերջին տարբերակ՝ հստակ գիտակցելով՝ զոհվելը գերադասելի է թշնամու ձեռքում հայտնվելուց։

«Շատ իրավիճակային է, զինվորները պատմել են, որ որոշները, թևաթափ եղած, հանձնվել են, որոշներն էլ պայքարել են։ Իսկ իրականում մեր տղաների մեծ մասը, ում հետ աշխատել ենք, հաշվի առնելով  տարիքային շեմը, պայքարող տեսակ են։ Մեր բանակի զինվորները միշտ կանգնում են ընկերոջ մեջքին»։

Հայ զինվորի չհանձնվող տեսակը սա է՝ ասում է մասնագետը։ Ծանր իրավիճակում հայտնված հայ զինվորը գիտակցված է գնում է այս ելքին․ չհանձնվելը բնորոշ է հայ հերոսին։

Back to top button