ԿարևորՀասարակություն

Ո՞վ է ստուգելու սնունդը ստուգող լաբորատորիաների աշխատանքը

Արտերկրից Հայաստան բերվող սնունդը երկիր մտնելուց առաջ անցնում է որակի անվտանգության փորձաքննություն։ Սա վերաբերում է սննդի ոչ բոլոր տեսակներին, իսկ լաբորատորիաների տված փորձաքննական կարծիքը, մասնագետների գնահատականով, կասկածելի է ու ոչ միանշանակ։ Սննդի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են՝ մասնավոր լաբորատորիաների փորձաքննության արդյունքները վերահսկելու որևէ լծակ չունեն։ Միևնույն ժամանակ պետությունը որոշում կայացնում է՝ հենվելով հենց այս լաբորատորիաների տված եզրակացության վրա։

Սննդամթերքը Հայաստան ներմուծելու թույլտվություն տալու համար պետությունը հենվում է մասնավոր լաբորատորիայի կարծքի վրա, ինչը փորձագիտական համայնքը խիստ խնդրահարույց է համարում։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը «Ռադիոլուր»-ին պատմում է՝ որակի անվտանգության ինչ փորձաքննություն է անցնում արտերկրից Հայաստան բերվող սնունդը․

«ԵԱՏՄ տարածքից եկող բեռները չեն փորձաքննվում, դա չի համարվում ներմուծում, համարվում  է տեղափոխում, լաբորատոր հետազոտություն սահմանին չեն անցնում, գալիս են անասնաբուժական, բուսասանիտարական կամ առողջության սերտիֆիկատներով։ Երրորդ երկներից եկող բարձր ռիսկային մթերքը՝ կենդանի կենդանիները, ենթակա են արդեն սահամանային վերահսկողության։ Լաբորատորիաներում դրանք  հետազոտություն են անցնում, որից հետո թույլ ենք տալիս մտնել հայկական շուկա»։

Ստացվում է, որ երկիր մուտք գործող սննդի հարցում պետությունը մի դեպքում առանց փորձաքննության վտահում է արտադրողի ունեցած սերտիֆիկատին, իսկ մեկ այլ դեպքում՝  մանսավոր լաբորատորիաների տված փորձաքննության արդյունքներին։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը նկատում է՝ մասնավոր լաբորատորիաների տված փորձաքննության որակի կառավարման հարցում պետությունը որևէ մասնակցություն չունի, մինչդեռ խնդիրները շատ են․

«Ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ նույն ապրանքի փորձարկումը տարբեր լաբորատորիաներում տվել է տարբեր պատասխաններ և պետությունը, ըստ էության, զուտ մաթեմատիկական հաշվարկ է արել, նայել է՝ որն է շատ, դրանով կողմնորոշվել է։ Այսինքն՝ երկու հոգի տալիս են, որ սա վատն է, մի հոգի տալիս ա, որ սա լավն է։ Պետությունը որոշում է, որ սա վատն է, որովհետև երկու հոգի ասեցին վատն է, բա էն մի հոգին, որ ասել է՝ լավն է, ինքը պատասխանատվություն կրե՞լ է արդյոք իր ասած լավն է–ի համար։ Ոչ, չի կրել»։

Պիպոյանը սա այս հարցում մեծագույն խնդիրն է համարում։ Ասում է՝ եթե պետության որոշումը հենվելու է մանավոր լաբորատորիայի տված կարծիքի վրա, ապա պետք է լինեն այդ կարծիքի ճշմարտացիության լուրջ երաշխիքներ։ ՍԱՏՄ ղեկավարը, սակայն, տեղեկացնում է՝ իրենք ստուգում իրականացնող լավորատորիաները ստուգելու որևէ լծակ չունեն․

«Մենք լաբերատորիաներ ստուգող կամ լաբորատորիաների աշխատանքը վերահսկող չենք, մենք ուզենք-չուզենք հավատալու ենք հավատարմագրող մարմիններին՝ տեղական հավատարմագրում ունեցող կամ միջազգային հավատարմագրում ունեցող, այսինքն՝ մենք վստահում ենք այդ մարմիններին և վստահում ենք Էկոնոմիկայի նախարարությանը։ Ճիշտ է՝ հաճախ կրկնվող՝ նույն ցուցանիշներով շեղումներ հայտնաբեող լաբորատորիաների մասով մենք ահազանգել ենք, գրել ենք Էկանոմիկայի նախարարություն։ Չգիտեմ՝ լուծումներ տրվե՞լ են, թե՞ չեն տրվել։ Ամեն դեպքում մենք մեր անհանգստությունները հայտնել ենք»։

Հայաստանում չկա սննդի որակի անվտանգության ռեֆերենս լաբորատորիա, այսինքն մի կետ, որի պատասխանը վերջնական ու ճշգրիտ կլինի։ Ավետիսյանն ասում է՝ ստիպված են տարբեր ցուցանիշների դեպքում գնալ պարզ մեծամասնությամբ առաջնորդվելու ճանապարհով։ Նմուշի փորձաքննություն անող լաբորատորիան որոշվում է մրցութային կարգով՝ նվազագույն գին առաջարկողը հաղթող է տրամաբանությամբ։ Այժմ գործում են այդպիսի 3 լաբորատորիաներ՝ «Ստանդարտ Դիալոգ», «Էֆ Դի Էյ Լավ» և «Նարեկ»։ Նրանցից որևէ մեկի հետ կապ հաստատել չհաջողվեց։ ՍԱՏՄ ղեկավարն է պատմում՝ ինչ կարգով են նրանք հավատարմագրում ստանում

«Հավատարմագրումը արվում է, եթե չեմ սխալվում 3 թե 4 տարին մեկ անգամ, բայց հավատարմագրումից հետո ամեն տարի էդ լաբորատորիաները պետք է անցնեն հավատարամագրման աուդիտ, այսինքն՝ այդ հավատամագրող մարմինը պետք է  գա աուդիտ անցկացնի և համոզվի, որ տվյալ լաբորատորիան պահպանում է իր հավատարմագրման հետ կապված ամեն ինչ և կարող են զրկել իհարկե»։

Պիպոյանը մեկ այլ խնդիր ևս առանձնացնում է։ Ասում է՝ մասնավոր լաբորատորիան բիզնես է, և ստուգում է մեկ այլ բիզնեսի արտադրանքը։ Այստեղ կարող է լինել համաձայնություն և ստուգվի ոչ թե որակի անվտանգությունը, այլ, օրինակ, այդ երկու բիզնեսի սեփականատերերի հարաբերությունների ամրությունը։ Գեորգի Ավետիսյանը, դիտարկմանն ի պատասխան նշում է, որ դա կանխելու փորձեր արվում են․

«Ես ոչինչ չեմ կարող բացառել, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ դա տեղի չունենա։ Մենք ուղարկում ենք լաբորատորիաներին կույր նմուշներ, լաբորատորիաները չգիտեն՝ որ ներմուծողի կամ որ արտադրողի սննդամթերքն են իենք հետազոտում և, իհարկե, ներմուծողին չենք ասում, թե որ լաբորատորիա է գնում»։

Գեորգի Ավետիսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նաև նշեց, որ ՍԱՏՄ-ին լիազորված գործունեության որոշ տեսակներ շուտով անցնելու են Պետական եկամուտների կոմիտեին։ Տեսչական մարմինն այս գաղափարը չի ողջունում, սակայն ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի կազմումից հետո այն, ամեն դեպքում, կյանքի կկոչվի։

«Ես չեմ կարող ասել՝ ինչու է առաջացել անհրաժեշտություն, որովհետև մեզանում չի առաջացել դա և մենք դեմ ենք եղել այդ պրոցեսին։ Պատրաստի սննդամթերքի զննությունը կանի ՊԵԿ-ը և տեղում բաց կթողնի՝ առանց մեր միջամտության, բայց մենք այդ ամբողջ պրոցեսը մեկ պատուհան ծրագրով տեսնելու ենք։ Մյուս դեպքերում մենք գործառույթն իրականացնելու ենք արդեն Հայաստանի տարածքում, ոչ սահմանների անցման կետերում, այսինքն՝ եթե պետք լինի լաբորատոր հետազոտություն անցկացնել, արդեն բեռը կուղորդի մեր Երևանի կամ մարզային կառույցներ, որտեղ կարվի զննություն նմուշառում և նմուշառումից հետո կգնա լաբորատորիա»։

Ստացվում է, որ Հայաստան մուտք գործող սնունդն այսուհետ սահմանային անցակետերում կանցնի ՊԵԿ-ի «ձեռքի տակով»։ Այնուամենայնիվ՝ կարիքի դեպքում կրկին իրականացվելու է լաբորատոր փորձաքննություն՝ նույն մասնավոր լաբորատորիաներում, որոնք կարող են նույն նմուշի մասին տարբեր կարծիքներ հայտնել։

Back to top button