ԿարևորՀասարակություն

Մեծ օրը սարերի հետևում չէ, Հայաստանում պետք է արթնացնել արդյունաբերությունը. SATLANTIS-ի համահիմնադիր

Հաջող մեկնարկից հետո Հայաստանի առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, արդեն հաղորդել է տվյալներ, ինչը վկայում է, որ երկրի դիտարկման համակարգը նորմալ գործում է և պատրաստ է ուղարկել պիտանի տվյալներ։ Հայաստանի կողմից դրանք ստանալու պայմանավորվածությունն առաջիկա 4 տարվա համար է։ Մինչև 2023-ի տարեվերջ Հայաստանում կստեղծվեն արբանյակի կառավարման կենտրոն ու ընդունիչ կայան, կպատրաստվեն համապատասխան մասնագետներ։ Սթարմուսի շրջանակում SATLANTIS ընկերության հիմնադիրն ու ԲՏԱ փոխնախարարը անդրադարձել են ARMSAT-1–ին և հետագա համագործակցության ծրագրերին։

«ArmSat-2»-ի ուղղությամբ մտածում ենք՝ ասում է ԲՏԱ փոխնախարար Գևորգ Մանթաշյանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի առաջին արբանյակին՝ «ArmSat-1»-ին, նկատում է, որ այն տիեզերքում իրեն «լավ է զգում»։

«Աշխատում է, լուսանկարներ կան, բայց չենք կարծում, որ այն, ինչ որ արել ենք ժամանակին ոչ այդքան բարձրաձայնելով, հիմա կարիք ունի, որ շարունակենք դրա մասին շարունակաբար բարձրաձայնել։ Կան պատճառներ։ Այսքանով կսահմանափակվեմ։ Գիտենք, որ կա, աշխատում է, գործողություններ կատարում է։ Չգիտեմ՝ ինչու է պետք ավել բան իմանալ։ Ովքեր կաշխատեն նախագծի հետ, իրենք կիմանան»։

Հայաստանում պետք է արթնացնել արդյունաբերությունը՝ կարծում է Տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող իսպանական SATLANTIS-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն, գիտնական Խուան Թոմաս Հերնանին։ Սա այն ընկերությունն է, որի միջոցով Հայաստանը տիեզերք էր արձակել իր առաջին արբանյակը՝ «ArmSat-1»-ը։ Հերնանիի խոսքով՝ երկարաժամկետ ծրագրեր են նախատեսում իրականացնել։ Առաջին քայլն արված է, արբանյակը թողարկվել է տիեզերք։

«Բացի առաջին քայլից մենք ունենք երկարաժամկետ պլաններ, որոնք կլինեն հաջորդ քայլերը, մասնավորապես, հայկական արտադրության արբանյակների համար գործարանի ստեղծումը։ Ակնհայտ է, որ այս երկարաժամկետ և մեծածավալ ծրագրերը պետք է համադրելի լինեն առօրեական կտրվածքով մուտքային տվյալների և ռեսուրսների ներգրավման հետ։ Սա երկարաժամկետ ծրագիր է, և պետք է համբերությամբ լցվել, որովհետև սրա համար արդյունաբերությունը պետք է արթնացել։ Թեև Հայաստանում օպտիկայի և էլեկտրոնիկայի տիեզերական նշանակության արտադրության նախագծեր և կարողություն է եղել, այնուամենայնիվ, այն որոշակի ժամանակ քնած էր և հիմա պետք է նորից հառնի»։

Իսպանացի գործընկերոջ խոսքից հետո՝ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը որոշակի փակագծեր է բացում։  Ասում է՝ արբանյակից ստացված տվյալները կառավարվում են պայմանագրային հիմունքներով, ինչպես պլանավորված էր։

«Հայաստանում կառավարման կենտրոնի հիմնադրման շատ ակտիվ փուլում ենք, շատ կարճ ժամանակ հետո դրա արդյունքները կտեսնենք։ Կառավարման կենտրոնի աշխատանքները ծրագրվածի համաձայն են գնում՝ նույնիսկ հաշվի առնելով համաշխարհային լոգիստիկ դժվարությունները»։

Առաջիկա օրերին երկու մեծ ծրագիր է մեկնարկելու՝ ասում է SATLANTIS-ի գլխավոր տնօրենը։ Համագործակցելու են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ՝ երիտասարդներին Իսպանիայում վերապատրաստելու և համատեղ հետազոտական նախագծեր իրականացնելու համար։ Ծրագրերից առաջինը վերաբերում է ամպային տեխնոլոգիաներում արբանյակային տվյալների պաշտպանությանը։ Երկրորդը Եվրոպայում իրականացվող համագործակցային գիտական նախաձեռնությանը մասնակցությունն է։

«Հենց մեր որոշումն էր գալ Հայաստան և այստեղ գործել, որովհետև մենք ունեինք երակարաժամկետ տեսլական։ Այստեղ ինքնուրույությունից ինքնավարության անցման քայլ է արվում։ Դիսպետչերների կառավարման վահանակները, տվյալների կառավարման և մշակման հնարավորությունները, գործարկումը, Հայաստանում այդ բոլոր կարողությունները կլինեն, և սա համապատասխանում է կառավարության քաղաքականությանը։ Մեծ օրը սարերի հետրևում չէ»։ 

ԲՏԱ փոխնախարարի խոսքով՝ Տիեզերական գործունեության ռազմավարությունը դեռ հաստատված չէ․Սթարմուսի շրջանակում ճշգրտվում են նաև մեր առաջնահերթությունները,

«Ամենակարևորներից մեկը նպատակի ճշգրտումն է,  հարափոփոխ աշխարհում շատ կարևոր է, որ չսահմանափակես քեզ մի ուղղությամբ ու ճկունություն ունենաս, որ կարողանաս կարևոր ուղղություններն ինդենտիֆիկացնես, ռեսուրսներ գտնես, կարողանաս կազմակերպել ու հասնել այդ նպատակին։ Այս տրամաբանության ներքո Սթարմուսի օրերին ամենակարևորը տեղի է ունենում այդ ուղղությունների ճշգրտումները»

ԲՏԱ փոխնախարարի խոսքով՝ ստեղծվելու են ենթակառուցվածներ, որոնք կապահովեն միջավայր՝ արդյունաբերությամբ զբաղվելու համար։ 

Back to top button