ԿարևորՀասարակություն

«Հնագույն մարդու հետքերով քարի դար» նոր ցուցադրությամբ վերաբացվել է Պատմության թանգարանը

Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկում է մշտական ցուցադրության վերաբացումը՝ «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» խորագրով ցուցասրահի բացմամբ։

Այս կապակցությամբ թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը:

Պատմության թանգարանի տնօրենի՝ Դավիթ Պողոսյանի տեղեկացմամբ՝ թեև այս ընթացքում իրականացվել են կրթական ծրագրեր և առանձին ցուցադրություններ, սակայն թանգարանի մշտական ցուցադրության մեկնարկը նոր է տրվում՝ որպես հանրապետության կարևոր մշակութային իրադարձություն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրության բացման կապակցությամբ և նշել, որ վերաբացումը մշտապես եղել է նախարարության կարևոր իրադարձությունների շարքում՝ օր առաջ իրականացնելու առումով:

«Բավականին մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, թեև անելիքներ դեռ շատ կան: Թանգարաններն արդիականացնելը, նորարարություններ ներմուծելը մեր տեսլականն է: Եվ պետությունը պատրաստ է հնարավոր ռեսուրսների ներդրմամբ ունենալ ժամանակակից պատշաճ ցուցասրահներ՝ ներկայանալու թե՛ հայ, թե՛ օտարերկրյա այցելուներին»,- ասել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Հայաստանի պատմության թանգարանում ընթանում էին վերանորոգման, մասնավորապես թանգարանի ջեռուցման և օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներ՝ ՀՀ կառավարության աջակցությամբ:

Առաջին անգամ բացվող «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» խորագրով ցուցասրահում ներկայացված է 2008 թ. «Արենի-1» քարանձավի պեղումներից հայտնաբերված կաշվե ոտնամանը, որը թվագրվում է Ք.ա. 3600-3500 թթ.։ Այն ցուցադրվելու է ոտնամանի համար հատուկ կայուն պայմաններ ապահովող ցուցափեղկում, որը պատրաստվել է ՀՀ կառավարության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցությամբ։

Ցուցադրությունը համալրվել է մի շարք նոր նմուշներով, նոր ցուցադրական կահույքով և նոր մոտեցմամբ: Ընդգրկված են քարեդարյան բարձրարժեք նմուշներ Հայաստանի տարբեր հնավայրերից, որոնց թվում` 500-300 հազար տարվա հնություն ունեցող ձեռքի հատիչ, Ք.ա. 6-րդ հազարամյակի թվագրվող քարե կացին, Ք.ա. 5-րդ հազարամյակի թվագրվող փոքրիկ կավանոթ, որի մեջ պահպանվել է օխրա ներկանյութի փոշի և կիրառվել է նախնադարյան մարդու կողմից, հատկապես թաղման ծեսում։

Դավիթ Պողոսյանը հատկապես կարևորել է թանգարանում ցուցադրվող նոր գտածոների՝ որպես կրթական ռեսուրս ծառայելու հանգամանը: Նա տեղեկացրել է, որ շարունակաբար կբացվեն նաև այլ ցուցասրահներ:

Նոր ցուցասրահում ներկայացվող նմուշների մասին իր գնահատականն է ներկայացրել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը. «Աշխարհի հնագիտությունը մի մեծ կաթսա է, որտեղ ամեն հնագետ մի կաթիլ ջուր է լցնում, և վերջում ձևավորվում են այս կամ այն գիտական խնդիրների մասին տեսակետներ: Հայկական հնագիտությունն այսօր այդ ձևաչափով փոփոխում է մարդկային հասարակության զարգացման մասին եղած համաշխարհային պատկերացումը: Ունենք եզակի ցուցանմուշներ: Մենք իսկապես հպարտանալու առիթ ունենք՝ առանց ավելորդ համեստության»:

Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համագործակցությամբ: Կառույցի ներկայացուցիչը՝ փոխտնօրեն Տորք Դալալյանը, նշել է, որ  Հնագիտության և ազգագրության ինստիտուտը շատ է կարևորում մշակութային հաստատությունների հետ համագործակցությունը:

«Այս համատեղ աշխատանքը բացառիկ է այն առումով, որ մեր շատ գիտաշխատողներ միաժամանակ նաև թանգարանի աշխատակիցներ են: Դա նրանց հնարավորություն է տալիս իրենց գիտական հետազոտությունները փորձարկելու նաև թանգարանային ոլորտում՝ ստեղծելով կամուրջ գիտության և թանգարանային ոլորտի զարգացման համար: Եվ այս ցուցադրությունը դրա ապացույցն է»,- ասել է ՝ Տորք Դալալյանը:

Ցուցադրությունը լայն հանրության համար բաց կլինի սեպտեմբերի 9-ից:

Back to top button