ԿարևորՔաղաքական

Հին վտանգներ ու նոր երաշխիքներ․ Փաշինյանը ճանապարհների ու սահմանագծման քարտեզների մասին է խոսել

Սահմանազատում ու սահմանագծում, կոմունիկացիաներ, գերիների վերադարձի խնդիրներ ու ոչ միայն՝ վարչապետը հայաստանին առնչվող զգայուն այս հարցերի շուրջ խոսել է Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ Հայ Առաքելական եկեղեցում՝ պատասխանելով տեղի հայ համայնքի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին։ Կառավարության ղեկավարին դիմավորել են Տեր Սարգիս Քահանա Փարախչյանը և Վլադիվոստոկի հայ համայնքի ղեկավար Հարություն Ավեդյանը:   Սահմանազատումն ու սահմանագծումը պետք է լինի իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթերի վրա, այլապես ցանկացածս կարող է քարտեզ նկարել ու թվագրել՝ մասնավորապես նկատել է վարչապետը։

Հայաստանի իշխանությունները երկրի տարածքով որևէ մեկին որևէ միջանցք չեն տալու՝ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը Երեւանից դուրս մեկ անգամ եւս շեշտում է վարչապետ Փաշինյանը։ Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպմանը հարցերը շատ են։ Դրանցից մեկով  ներկաները հետաքրքրվում են՝ որքանով տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կարող է սպառնալիք լինել Հայաստանի, մասնավորապես, Սյունիքի մարզի համար: Չեն լինի՝ վստահ է Փաշինյանը։ Ընդհակառակը, դա կբերի անվտանգության և կայունության լրացուցիչ երաշխիքներ, այլ բան, որ ադրբեջանական խոսույթի մեջ երբեմն մտնում են արտահայտություններ, որոնք բացահայտում են որոշակի վտանգներ․  

«Օրինակ, խոսում են միջանցքի մասին: Ես ուզում եմ շատ հստակ լինի, որ մենք Հայաստանի տարածքով որևէ միջանցք որևէ մեկին չենք տալու: Բայց մենք ճանապարհ տալու ենք, բացելու ենք և պատրաստ ենք դա անել ցանկացած պահի: Մենք նաև առաջարկներ ենք փոխանցել, որ պահին Ադրբեջանն այդ առաջարկներն ընդունի, արդեն այդ առաջարկների հիման վրա կարելի է կոնկրետ փաստաթուղթ ստորագրել և շատ արագ իրագործել այդ պայմանավորվածությունը: Եվ հավատացնում եմ, որ դա ոչ մի սպառնալիք չի ստեղծում»։

Ադրբեջանն ուզում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ: «Դա սպառնալիք է, երբ ճանապարհը բացվի, ուրիշներն այդ կոմունիկացիաներից օգտվելու հնարավորություն ունենան, իսկ Հայաստանը չունենա: Մենք ի՞նչ նկատի ունենք. տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում  Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային կապ է ստանում  Ռուսաստանի հետ՝ մանրամասնում է Փաշինյանը։

Փոխարենը  վարչապետը սպառնալիք է տեսնում սահմանագծման եւ սահմանազատման հետ կապված հարցերում. Ադրբեջանի հայտարարությունների մեջ վարչապետը հաճախ թաքնված մեսիջներ է տեսնում։

«Երբ Ադրբեջանն օգտագործում է «Արևելյան Զանգեզուր» արտահայտությունը, նկատի է ունենում, որ գոյություն ունի նաև Արևմտյան Զանգեզուր։ Սա ևս ոչինչ չի  նշանակում, բայց այստեղ թաքնված նկրտումներ կան»։

Սահմանազատումն ու սահմանագծումը պետք է լինեն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթերի վրա, այլապես ցանկացածս կարող է քարտեզ նկարել ու թվագրել՝ նկատում է վարչապատը։  Նախ պետք է պարզել՝ քարտեզի տակ ի՞նչ իրավական որոշումներ են դրված։ Մինչդեռ ադրբեջանական տիրույթում ինչ-ինչ պատկերներ են հորինվում Արեւելյան Զանգեզուրի մասով, ինչը դեստրուկտիվ մոտեցում է, բայց մյուս կողմից Բաքվի սպառնալիքներն ու նկրտումներն է արտահայտում։ Սահմանազատումն ու սահմանագծումը խնդիր են, որին պետք է կարողանալ լուծում գտնել՝ առերեսվելով բոլոր սպառնալիքներին։ Առաջ գնալը պարտադիր է, այլապես հետ ենք գնալու, նկատում է Փաշինյանը․

«Կան տարբեր կարծիքներ, թե սահմանազատումն ու սահմանագծումը որ քարտեզների հիման վրա պետք է  կատարվի։ Ասում են՝ 1923թ, 1921թ, 1975թ, 1969թ։ Մենք ասում ենք, որ սահմանագծումն ու սահմանազատումը պիտի տեղի ունենա իրավական ուժ ունեցող փաստթաթղթերի  վրա, որովհետև քարտեզն իրականում նկար է»։

Գերիների վերադարձը հայրենիք․ սա եւս խնդիր է, որով հետաքրքրվում են  Վլադիվոստոկի հայ համայնքում։ Ադրբեջանում պահվող հայ զինվորները սպասում են իրենց վերադարձին տուն։ Փաշինյանն արձագանքում է՝ այս հարցը «կարմիր թել» է բարձրաստիճան բոլոր հանդիպումներում։ Հումանիտար այդ խնդիրը պետք է լուծվի՝ սա է հայկական կողմի դիրքորոշումը՝ հակիրճ է ձեւակերպում երկրի ղեկավարը։

Back to top button