ԿարևորՀասարակություն

Ծրագրի հայտերը կան, գումարները հատկացվում են. բայց արդյունավետության գնահատման չափորոշիչները հստակ չեն

Գործադիրն այսօր ավելի քան 600 մլն դրամ է հատկացրել վեց մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը։ Այսպես ասենք, ամենապահանջված ուղղություններն են ասֆալտապատումը, համայնքային կենտրոնների  վերանորոգումը, լուսավորությունը,  ջրագծերի կառուցումը, գյուղտեխնիկայի ձեռքբերումը։ Գումարները տրամադրվում են, սակայն  արդյունավետ են արդյո՞ք այդ ծրագրերը, ի՞նչ են տալիս  համայնքներին ու ընդհանրապես՝ որքանո՞վ է  հենց այդ պահին անհրաժեշտ հենց այդ ծրագրի իրականացումը տվյալ բնակավայրում։ Պարզվում է՝ հարցերը հստակ պատասխաններ չունեն։ Իրականացված սուբվենցիոն ծրագրերի արդյունավետության գնահատման հստակ չափորոշիչներ չկան, բայց դրանք մշակվում են։

Ավելի քան մեկ մլրդ դրամ՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքում մի քանի այգիների բարեկարգմանը։  Սուբվենցիոն ծրագիրն իրականացվել է, գումարի 30 տոկոսը տրամադրել է կառավարությունը, 70 տոկոսը՝ համայնքը։ Արդյո՞ք ծրագրի իրականացումից հետո այգիները մարդաշատ են դարձել, ու փոխվել է մարդկանց կյանքի որակը։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում «Ուղղակի ժողովդրավարություն» հասարակական կազմակերպության ղեկավար Գևորգ Քոթանջյանը ընդգծում է․ 

«Որպես այգի՝ իրենք շարունակում են չօգտագործվել, մարդկային հոսք չկա, ժամանցային կետ չդարձան։ Ասֆալտապատվեց, բայց էսթետիկ տեսք՝ ժամանցի անցկացման համար, դրանց չտրվեց»։

Սուբվենցիոն ծրագրերն, ըստ էության,  նոր մշակույթ են, ենթադրում են համայնքի ու պետության  համագործակություն, ծրագրերի համատեղ ֆինանսավորում, որի հիմնական նպատակը համայնքի բնակչության կյանքի որակը բարձրացնելն է։ Համայնքների ղեկավարներն իրենք են որոշում, թե ինչն է առաջնահերթ համայնքի համար։ Ավագանու նիստերում հաստատվելուց հետո հայտերը ներկայացվում են մարզպետարան, ապա՝ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն։ Հետո արդեն՝ կառավարություն։ Փոխվարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովն է որոշում՝ ֆինանսավորե՞լ հայտը, թե՞ ոչ։

Տարեսկզբից մինչև սեպտեմբեր կառավարությունը  8 մլրդ 758 մլն դրամ է տրամադրել 303 սուբվենցիոն ծրագրի համար: Նախարարը տեղեկացրել է , որ 2023 թվականի համար արդեն  112 մլրդ դրամի նախնական հայտ է ներկայացվել: Այս տարվա հերթական հատկացումը վեց մարզում նախատեսված ծրագրերի համար է՝ 696 մլն դրամ։ ՏԿԵՆ Գնել Սանոսյան.

«Արարատի մարզում 1 ծրագիր՝ 71 մլն դրամ, Գեղարքունիքում՝ 3 ծրագիր՝ 70 մլն դրամ, Լոռու մարզում՝ 1 ծրագիր՝ 23 մլն դրամ, Շիրակում՝ 1 ծրագիր՝ 29 մլն դրամ, Սյունիքում՝ 4 ծրագիր՝ 353 մլն դրամ և Վայոց ձորում՝ 5 ծրագիր՝ 145 մլն դրամ: Ծրագրերի մի մասն ավարտվել է, մի մասն ավարտական փուլում է: Ծրագրերն ընդհանուր առմամբ 15-ն են, դրանք իրականացվել են 11 բնակավայրում»։

Սուբվենցիաների ամենապահանջված ուղղություններն են  ասֆալտապատումը, համայնքային կենտրոնների  վերանորոգումը, լուսավորությունը, ջրագծերի կառուցումը, գյուղտեխնիկայի ձեռք բերումը։ Համաֆինանսվորմամբ ձեռք բերված տեխնիկան երբեմն   հայտնվում է բոլորովին այլ կազմակերպության ձեռքում, ինչպես օրինակ «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավար Գևորգ Քոթանջյանի մատնանշած դեպքում է։

«Մենք ունենք Ջրաշեն համայնք։ 2020 թվականին սուբվենցիոն ծրագրերի միջոցով տրակտոր է ձեռք բերվել, սակայն, մեկ ամիս անց ավագանու որոշմամբ գույքը փոխանցվել է «Արոտ» օգտագործողների կոոպերատիվին։  Պետությունև և համայնքը ահռելի գումար են  ներդրել ՝ այդ գույքը  ձեռք բերելու համար, մինչդեռ այն  համայնքի ու բնակչության շահերին չի ծառայում»։

Իրականացված սուբվենցիոն ծրագրերի արդյունավետության գնահատման հստակ չափորոշիչներ չկան՝ «Ռադիոլուր»–ին ասում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Վահե Բուլանիկյանը՝ հավելելով, որ  ՏԿԵ նախարարության  հետ հետազոտություն են իրականացնում՝ փորձելով համապատասխան գործիքակազմ մշակել ու տրամադրել գերատեսչությանը ։ Այս դեպքում հնարավոր կլինի գնահատել, թե ինչ կփոխի տվյալ ծրագրի իրականացումը կոնկերտ համայնքում կամ բնակավայրում։ Հայտը ֆինանսավորող մարմինը կկարողանա հստակ չափորոշիչներով գնահատել ու հասկանալ՝  արդյոք տվյալ ծրագիրը հենց այդ պահին անհրաժե՞շտ է տվյալ  համայնքին.

«Տնտեսության հիմնական  ենթաուղղություններն ենք վերցրել՝ ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն, տնտեսական ենթակառուցվածք ու աշխատանքի շուկա։ Մոդելի միջոցով ստացել ենք մի ինդեքս, որի միջոցով, հնարավոր է գնահատել սուբվենցիոն ծրագրերի կիրառման անհրաժեշտությունը»։

Եթե համայնքը ներկայացրել է դպրոցի, ճանապարհի, ջրագծի  վերանորոգման ծրագիր, պետք է նախ  հասկանալ, թե այն ինչպես կազդի տվյալ համայնքի սոցիալակյան հիմնախնդիրների լուծման վրա։ Այժմ նման գնահատում չի արվում։ Գիտական հետազոտությունը այս հարցի պատասխանն ունենալու  համար է նաև։ Ավելի քան 400 բնակավայր են ուսումնասիրել, պարզել դրանց խոցելիության աստիճանը։ Արդյունքներն անակնկալի չեն բերել ՝  որքան բնակավայրերը հեռու են մայրաքաղաքից, այնքան ավելի խոցելի են.

«Ժողովրդագրության տեսանկյունից կարող է բարձր  խոցելիություն ունենալ՝ մարդկանց արտահոսքը մեծ է, ծնելիության մակարդակը՝ ցածր, բայց  բնակչության քանակով առողջապահական ծառայությունների հասանելիության մասով՝ վիճակը բարվոք լինի»։

Մասնագետները կարծում են, որ սուբվենցիոն ծրագրերի գնահատման համակարգի ներդրումն այսօր անհրաժեշտություն է, քանի որ պետությունը մեծ գումարներ է հատկացնում մարզերում ծրագրերի իրականացմանը՝ առանց գնահատելու դրա հրատապությունն ու ազդեցությունը։

Back to top button