ԿարևորՀասարակություն

Գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Միքայել Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու հիմքերը պարզելու համար

ՀՀ գլխավոր դատախազությունը սկսել է կոնկրետ միջոցներ ձեռնարկել Մ. Մինասյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարված միջազգային հետախուզումը դադարեցնելու հիմքերը պարզելու և դրանից բխող համապատասխան նոր ընթացակարգեր նախաձեռնելու ուղղությամբ:

Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է.

«Միքայել Մինասյանի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը Ինտերպոլի կողմից վերացված լինելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների այսօրվա հրապարակումների կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով Միքայել Մինասյանը 2020թ. մարտի 17-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, հետագայում նրա մեղադրանքը փոփոխվել է, և նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 310-րդ հոդվածով, 310.1 հոդվածի 1-ին մասով (երեք դրված), 314-րդ հոդվածի 2-րդ մասով (հինգ դրվագ):

2020թ. մարտի 23-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և Ինտերպոլին են ներկայացվել ներառյալ նրա մեղադրանքին առնչվող համապատասխան փաստաթղթեր և հիմնավորումներ՝ Մ. Մինասյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզում հայտարարելու համար:   

Ելնելով լատվամիջոցների այսօրվա հրապարակումներից՝ ՀՀ դատախազությունը, օպերատիվ կերպով ձեռնարկել է համապատասխան միջոցներ՝ ստուգելու դրանցում առկա՝  Ինտերպոլի կողմից Մ. Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ տեղեկատվության իսկությունը՝ հաշվի առնելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մինչ այդ պաշտոնապես որևէ տեղեկատվություն կամ իրազեկում դրա վերաբերյալ չի ստացել:   
Արդյունքում ըստ Ոստիկանությունից ստացված տեղեկության՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն գրությամբ տեղեկացրել է, որ Մ Մինասյանի կողմից ներկայացված դիմումի քննարկման արդյունքում, Ինտերպոլը 2022թ. հուլիսի 7-ից դադարերել է նրա միջազգային հետախուզումը:

Այսինքն նշված գրությամբ չեն ներկայացվել որոշման կայացման իրավական հիմքերը:

Վերոնշյալից ակնհայտ է դառնում նաև, որ ԶԼՄ հրապարակումներում առկա այն պնդումը, թե  Մ. Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է ՀՀ իրավասու մարմինների նախաձեռնությամբ, իրականության հետ որևէ աղերս չունի:  

Ամեն դեպքում, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայում արդեն իսկ սկսել է կոնկրետ միջոցներ ձեռնարկել Մ. Մինասյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարված միջազգային հետախուզումը դադարեցնելու հիմքերը պարզելու և դրանից բխող համապատասխան նոր ընթացակարգեր նախաձեռնելու ուղղությամբ»։

Back to top button