ԿարևորՀասարակություն

Արմավիրի քոլեջում արշալույսները խաղաղ չեն․ դասադուլը շարունակվում է, տնօրենը՝ հերքում մեղադրանքները

Արմավիրի տարածաշրջանային քոլեջում բողոքի ակցիան նոր թափ է ստանում: Դասախոսները հայտարարել են գործադուլ, դարձյալ պահանջում են տնօրեն Անգին Արշակյանի հրաժարականը: Տնօրենն արդեն մի շաբաթ աշխատանքի չի գնում, բայց նախօրեին նրա հրամանով աշխատանքից ազատվել են բուժքույրն ու ֆիզկուլտուրայի մարզիչը: Դասախոսները բողոքում են, որ քոլեջի տարածքից դուրս հրամաններ են տրվել։ Ավելի վաղ սկիզբ առած դժգոհությունների հիմքում մի շարք հարցեր են՝ ինչու են քոլեջի տնօրենի հրահանգով ուսումնական հաստատության պատից հանվել արցախյան հերոսների նկարները, ինչու է տնօրենը կամայական որոշումներ կայացնում, ինչու է  խմելու ջրով ոռոգվել քոլեջի տարածքը՝ հսկա պարտքեր կուտակելով։ Հարցերը սրանցով չեն ավարտվում։

Արմավիրի տարածաշրջանային քոլեջում դասախոսները վերսկսել են իրենց բողոքի ակցիան՝  2 աշխատակցի ազատման հրամանի մասին լսելով: Տնօրեն Անգին Արշակյանն աշխատանքի չի ներկայանում, բայց  ազատման հրամաններ է ստորագրել՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում կիսվում են իրենց դժգոհություններով.

«Չի գալիս գործի, թղթերը տարել են դուրս, ստորագրված բերել են»։

«Ես գիտեմ՝ աշխատանքային օրենսգրքով, որ հիմնարկության կնիքը դուրս տանելու իրավունք չունեն: Անօրինական կերպով դուրս են տարվել նաև մեր բոլոր հրամանագրքերը, դրսում, փողոցում տրվում են հրամաններ և աշխատանքից ազատվել են մեր բուժքույրն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչը»:

Ֆիզկուլտուրայի ուսուցչին ազատման ծանուցագիրը տրվել է աուդիտորական ստուգումներից հետո։ Դեռ որակավորում չունեցող ուսանողն իրավունք չունի աշխատել՝ պարզաբանում է ԿԳՄՍ նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը.

«Տեսչությունը գարնանն ուսումնական հաստատությունում իրականացրել է ստուգում, հայտնաբերել է խախտում և ժամկետ է տվել՝ վերացնելու խախտումը: Ֆիզկուլտուրայի ուսուցիչը կարգի խախտմամբ է նշանակվել. ուսանողը չի կարող աշխատել, քանի որ որակավորված մասնագետ չէ»:

Ֆիզկուլտուրայի մասնագետ Արամ Արզումանյանը խոստովանում է, որ ժամանակավոր է աշխատանքի ընդունվել, քոլեջը 2 անգամ մասնագետի մրցույթ է հայտարարել, բայց հայտատու չի եղել, ուստի ինքը շարունակել է աշխատանքը.

«Ժամանակավորապես ընդունվել ու աշխատում եմ, ուսանողներն ու կոլեկտիվը գոհ են իմ աշխատանքից»:

Արամ Արզումանյանի հրամանը մեկ օր առաջ է ստորագրվել: Ուսանողների փոխադրման նոր հրամանները նույնպես նոր են տրվում՝ հաստատում է ուսումնական գծով փոխտնօրեն Սուսաննա Մարգարյանը.

«Հիմա կադրերի բաժնի աշխատասենյակում աշխատում են կադրերի տեսուչն ու իրավախորհրդատուն, որոնք կազմում են ուսանողների փոխադրականի հուլիս ամսվա հրամանները, հաջորդը պետք է լինեն նոր ընդունվածների հրամանները: Որպես փոխտնօրեն՝ պահանջեցի ցույց տալ աշխատողների հրամանագիրքը, մերժեցին, ոչինչ չպատասխանեցին, իսկ շատ պնդելուց հետո տեսուչը պատասխանեց, որ այստեղ չի: Ինչպես կարող է կազմակերպության հրամանագիրքը տեղում չլինել, իսկ ու՞ր է»:

Քոլեջի կադրերի տեսուչ Միլենա Հակոբյանը հրաժարվեց բացատրություններից, իրավասու չէ՝ ասաց: Իսկ դասախախոսները շարունակում են գործադուլը: Պնդում են՝ չեն հանդուրժելու տնօրեն Անգին Արշակյանի կոպիտ պահվածքը, պահանջները, օրինակ, մասնակցել տարածքի գյուղատնտեսական աշխատանքներին ու, ըստ դասախոսների, ներկայացված պայմանը՝ քաղհան չանեն՝ ժամեր չեն ստանա.

«Մեկ ամիս շարունակ ես դասին պարբերաբար տեսնում եմ նույն ուսանողները բացակայում են, ասում են՝ տնօրենի գիտությամբ իրենք զբաղված են շինարարական կամ այլ աշխատանքներով»:

Ուսանողի կրության իրացման իրավունք է խախտվում՝ իրենց հերթին ուսանողներն են դժգոհում, որոնց եւս ներգրավել են տարածքով զբաղվելու աշխատանքին:

«Կարևորը դասերը նորմալ ընթանան ու դասախոսները լավ մթնոլորտում աշխատեն, ուսանողներն էլ լավ զգան ու նույնպես լավ մթնոլորտում սովորեն»:

Արմավիրի տարածաշրջանային քոլեջում տիրող իրավիճակին տեղյակ են կրթական գերատեսչությունում, հորդորել են խաղաղվել ու հանգիստ շարունակել իրենց գործը: Նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը «Ռադիոլուրին» ասում է՝ փաստերն ուսումնասիրվում են, ինչը ժամանակ է պահանջում.

«Ներկայում նախարարությունն աշխատում է կրթության տեսչության հետ, տեսչությունը կգնա ուսումնական հաստատություն: Մենք բոլոր հանգամանքներն ենք պարզում՝ խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու համար: Բայց, որպես հետևանք, մինչև մենք չունենանք որևէ իրավական հիմք՝ ընթացք տալու՝ մենք չենք կարող բանավոր խոսքի կամ գրավոր, բայց չապացուցված խոսքի հիման վրա որևէ գործողություն անել»:

Ինքը՝ քոլեջի տնօրենը, բողոքն ու դժգոհություններն արդարացված չի համարում։ Մանրամասն պարզաբանումներ է տալիս, բացատրում՝ զինվորների նկարները պատից հանվել են, քանի որ որ նախատեսում էր առանձին սենյակ կահավորել։

«Տարիներ շարունակ դիպլոմ են հանձնել ուսանողներին 2-րդ և 3-րդ կուրսի գնահատականներով: Ոչ թե 2 տարվա ուսուցման գնահատականով, այլ 3 տարվա պետք է լինի: Ես հայտնաբերեցի. Լիազոր մարմնին գրում են 19 գերազանցիկ, բայց իմ դիմաց փոխտնօրեն տիկին Մարգարյանը դնում է 39 հոգու»։

Նաեւ խնդրում է սպասել ու թույլ տալ իրեն՝ հանգստանալ նախորդիվ մեզ հետ զրույցում ասել է, որ ուսանողները կամավոր են ցանկացել մասնակցել աշխատանքներին: Կամավոր են եկել նաև աշխատողները.

«Ֆիզկուլտուրայի ժամ է եղել, տեսել եմ մի քանիսը գնդակ են խաղում, մյուսները ուղղակի նստած են պատի տակ, ասել եմ, երեխաներ ջան, եթե ազատ եք, եկեք այս քարերն ու ապակիները հավաքենք, աղբի մեքենան գա, տանի: Երեխաները սիրով օգնել են, դասախոսները նույնպես օգնել են»:

Կրթական հաստատությունում ստուգներ կսկսի նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Իսկ առայժմ քոլեջի աշխատակազմը նոր տնօրեն է պահանջում ու խոստանում այդ դեպքում լրացնել բաց թողած դասերը։

Back to top button