ԿարևորՀասարակություն

«Սուրմալու»-ի պայթյունի էկոլոգիական հետևանքները՝ անհայտ

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում օդում փոշու և ազոտի երկօքսիդի կոնցենտրացիաների նորմայի գերազանցում էր գրանցվել։ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն» այդ շեղումները գրանցել էր հատկապես պայթյունի հաջորդող օրերին:

Մասնագետներն ասում են՝ վտանգավոր  նյութերի քանակն այժմ մոտեցել է թույլատրելի սահմանաչափին։ Բայց թե պայթյունի հետևանքով ինչ նյութեր են այրվել և ինչ վնաս են հասցրել մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին, հայտնի չէ․  մոնիթորինգ չի իրականացվել։

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո հարակից տարածքների բնակիչներին անհանգստացնող այրված նյութերի   տարօրինակ հոտը, դրանց առաջացրած գլխացավը,  աչքերի մրմուռն արդեն չկան, մնացել է միայն փոշին։ Իսկ Երևանում փոշու մակարդակը մի քանի անգամ բարձր է սահմանված բոլոր նորմերից։

«Մոխրոտիկի նման ամբողջ օրը մաքրում ենք։ Անընդհատ փոշի է նստում, հատկապես օրվա երկրորդ կեսից արդեն շնչելու օդ չի մնում։ Ոչ պատուհանները բացել է լինում, ոչ փակել»։

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը «Սուրմալու»-ի պայթյունին հաջորդած օրերին ինտենսիվ մոնիթորինգ է իրականացրել ու արձանագրել՝ այժմ արդեն այդ հատվածում օդի աղտոտվածության մակարդակը նույնն է, ինչ Երևանի մյուս տարածքներում։ Կենտրոնը Երևանում  5 անշարժ դիտակայան ունի, որտեղ չափում են փոշու, գետնամերձ օզոնի, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունն օդում ։ Աղտոտվածություն արձանագրվել է երկու դիտակայանում ՝ Արշակունյացում  եւ   Ագաթանգեղոս-Լուսավորիչ փողոցների խաչմերուկում։ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանի փոխանցմամբ

«Հիմնականում մեր կենտրոնի կողմից ուսումնասիրվել են ազոտի ու ծծմբի երկօքսիդը։ Իսկ ավելի հեռվում՝ կրկեսի մոտ տեղակայված դիտակայանում, նաև փոշին ենք  դիտարկել։  Անցյալ շաբաթվա տվյալներով՝ փոշու  կոնցենտրացիան նորման գերազանցում է մինչև 3 անգամ։ Այդ օրերին ծծումբն ու ազոտի երկօքսիդը մինչև 3-4 անգամ գերազանցում էին սահմանային թույլատրելի շեմը»։

Հատկանշական է, որ Կենտրոն վարչական շրջանի  բնակիչներն օդի աղտոտվածությունից դժգոհում են ոչ միայն  պայթյունից հետո։ Փոշին միշտ էլ խիտ է եղել տարածքում, բայց այժմ էականորեն ավելացել է՝ «Ռադիոլուրին» պատմում են բնակիչները․

«Մինչև պայթյունը օդի աղտոտվածությունն արդեն շատ-շատ բարձր էր, ահավոր են փոշին ու կեղտը։ Պատուհանները վախենում էինք բացել, անհնար է նորմալ շնչել։ Բայց պայթյունից հետո հատկապես երեկոյան ժամերին քամին, ծուխն ու հոտը շենք են լցվում։ Պատուհանները փակենք, թե չփակենք՝ ոչ մի օգուտ չկա։ Ներսում նստած՝ այդ օդն ենք շնչում»։

 Թե ի՞նչ վտանգավոր նյութեր այրվեցին օդում, ի՞նչ վնասներ հասցրին  մարդուն ու շրջակա միջավայրին, այդպես էլ որևէ մեկը չի իմանա․ բացատրությունը կա․ մոնիթորինգ չի արվում։ Նոր նյութեր չեն ուսումնասիրվում։ Պարզվում է՝ պրակտիկան միայն Հայաստանին բնորոշ չէ։ Ամբողջ աշխարհում է այդպես՝ ասում է Գայանե Շահնազարյանը։ Այնպես չէ, որ այլ երկրներում հրդեհների ժամանակ բոլոր հետազոտություններն արվում են, քանի որ ծուխը, օդում հայտնվելով, շատ արագ քայքայվում է, քամու միջոցով ցրվում․

«Բավական տոքսիկ նյութեր են արտանետվել մթնոլորտ։ Մեր մթնոլորտային օդի դիտարկման համակարգում ստանդարտ աղբյուրներից առաջացող ցուցանիշեր ենք ուսումնասիրում։ Այսինքն՝ արտակարգ իրավիճակների դեպքում  բացահայտել, թե տվյալ տարածքում ապրանքների այրման հետևանքով ինչ տոքսիկ նյութեր կարտանետվեն, հնարավոր չէ իրականացնել այդպիսի դիտարկումներ։ Բայց, ելնելով մնացած ցուցանիշերի բարձրացումից, որոնք ուղեկցվում են այդ նույն տոքսիկ նյութերի հետ, ենթադրվում է, որ մնացած ցուցանիշերը նույնպես բարձր են։ Բայց դրանց թվային պատկեր, ցավոք սրտի, չունենք, որպեսզի ասենք, թե մեր դիտարկումներից բացի, ինչ այլ թունավոր նյութեր կան»։

Մասնագիտական դաշտում համոզված  են, որ վտանգավոր արտանետումներ եղել են, բայց  դրանց քանակական ու որակական պատկերը ոչ մի հետազոտության չի փաստում։

Back to top button