ԿարևորՀասարակություն

Սոցցանցերում վարկային կազմակերպության կեղծ էջեր է բացել և հափշտակել 6,729,703.4 դրամ․ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն, փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց, ինչպես նաև տուժածների շրջանակը, հափշտակության և փողերի լվացման մեխանիզմը, քաղաքացիներին պատճառված վնասի չափը:

Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ Երևանի 26-ամյա բնակչի կողմից 2020-2022 թվականներին «facebook.com» սոցիալական կայքում, որպես վարկային կազմակերպության էջեր, ստեղծվել են «Money Man credit», «Universal Credit», «Universal Credit՛», «Universal Credit UCO» և «Global Credit» անհատական տվյալներով օգտահաշիվներ և ներկայանալով որպես վարկային կազմակերպության գործակալ, իրականությունը խեղաթյուրելով, բանկային քարտի կամ «Telcell wallet» էլեկտրոնային դրամապանակի հաշվում առկա գումարի հնգապատիկի չափով վարկ տրամադրելու պատրվակով, խաբեությամբ, ինչպես միայնակ, այնպես էլ ընկերոջ հետ համատեղ, պարզել են օգտատերերի անվամբ թողարկված բանկային քարտերի վավերապայմանները և դրանց կցված բջջային հեռախոսահամարներին, ելքային փոխանցումներ կատարելու նպատակով, ստացված գաղտնաբառերը:

Այնուհետև, օգտատերերին հավաստիացրել են, թե նրանց հեռախոսահամարներին ստացված գաղտնաբառը հանդիսանում է որպես իրենց կողմից փոխանցվող վարկի հաստատման գաղտնաբառ, և ապօրինի տիրապետելով նրանց անվամբ և նույնականացման տվյալներով «Telcell wallet» էլեկտրոնային դրամապանակներին, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ապօրինի հասանելիություն են ստացել թվով 65 օգտատերերի էլեկտրոնային դրամապանակներին և տնօրինելով նշված անձանց հաշիվները, փոխանցումներ կատարելու եղանակով, հափշտակել դրանցում առկա ընդհանուր 6,729,703.4 ՀՀ դրամ գումար, որից 4,251,823.4 ՀՀ դրամը 26-ամյա երիտասարդը հափշտակել է խմբի կազմում, իսկ 2,477,880 ՀՀ դրամը՝ միայնակ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 269-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Վերջինիս ընկերոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 296-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ ընտրվել է չբացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Նախաքննության ընթացքում քաղաքացիներին պատճառված վնասից 2,900,000 դրամը վերականգնվել է:

ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է՝ նմանատիպ և այլ դեպքերից խուսափելու համար անծանոթ անձանց չտրամադրել անձնական տվյալներ:

Back to top button