ԿարևորՀասարակություն

Սթարմուսյան օրագիր․ ինչպե՞ս ապրել Մարսում, եթե այնտեղ խորոված չկա

Սթարմուս փառատոնի շրջանակում սկսվել է դասախոսությունների և ելույթների շարքը։ Դրանք ներկայացնում են գիտության հանրայնացման նպատակով Հայաստանում հավաքված աշխարհահռչակ գիտնականներն ու լեգենդար արվեստագետները։ Սթարմուսի դասախոսները նոբելյան մրցանակակիր գիտնականներ են,  տեխնոլոգիական բնագավառի առաջնորդներ, ինչպիսիք են iPhone-ի համահեղինակ Թոնի Ֆադելը, Եվրոպական տիեզերական գործակալության նախկին տնօրեն Ժան-Ժակ Դորդեյնը։

Եթե Մարսում ապրելու առաջարկ ստանայիք, կընդունեի՞ք այն։ Արդյո՞ք այլմոլորակայիններ կան։ Ինչո՞ւ է մարդկանց վարքը փոխելն ավելի դժվար, քան տիեզերքի ուսումնասիրությունը։ Արդյո՞ք դուք մարսեցի եք։ Դավադրության տեսություններում հանգիստ տեղավորվող այս հարցերը գիտական ամենահայտնի փառատոնի՝ Սթարմուսի ելույթների ժամանակ էլ են հնչում։ Քանի որ փառատոնը գիտությունը հանրահռչակելու նպատակ ունի, միջոցների հարցում խտրականություն չկա։

Մարսում խորոված և պիցցա չկաԳարեթ Ռեյզման

Աստղագնաց, ինժեներ Գարեթ Ռեյզմանը տարիներ շարունակ աշխատել է  SpaceX-ում, այժմ ընկերության ավագ խորհրդատուն է։ Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի աստղագնացական ինժեներիայի պրոֆեսոր է: Հասցրել է 3 տիեզերական ուղևորություն կատարել դեպի Միջազգային տիեզերական կայան։ Հայաստանում առաջին անգամ է, պատմում է՝ մի հայ ընկեր ունի՝ Սարգիս Չիլինգարյանը, որն իրեն անընդհատ ասել է, թե որքան հրաշալի երկիր է Հայաստանը։ Երբ Սթարմուսին մասնակցելու հրավեր ստացավ, զանգեց ընկերոջն ու ասաց։

«Երբ Գարիկն ինձ հրավիրեց Սթարմուսին, ես արագ զանգեցի Սարգիսին ու ասացի՝ հավաքիր ճամպրուկդ, գնում ենք Հայաստան, սա քո միակ հնարավորությւոնն է, որ ապացուցես ինձ։ Ես այստեղ եմ ընդամենը 24 ժամ, բայց ուզում եմ ասել, որ նա ճիշտ էր»։

Արդյո՞ք Ռեյզմանը կապրեր Մարսում, եթե նման առաջարկ ստանար։ Հարցին աստղագնացը կատակելով է պատասխանում․

«Իհարկե, հետաքրքիր կլինի, որ շատ մարդիկ ուղարկենք կյանքի հնարավորությունը և համատեղելիությունը հասկանալու համար։ Դա շատ հեշտ չի լիելու, բարդ է տրվելու։ Այնտեղ խորոված և պիցցա չկա»։

Ավելի դժվար է մարդկանց վարքը փոխել, քան տիեզերական հետազոտություն անել․Ժան-Ժակ Դորդեյն

Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) նախկին տնօրեն Ժան-Ժակ Դորդեյնը «Ուղերձ Երկրից՝ Երկիր մոլորակի մարդկանց» ելույթում անդրադառնալով տիեզերական ուսումնասիրություններին նշում է, որ դրանք ծառայեցին Երկիր մոլորակը «նկատելուն»։ Հիշում է՝ տիեզերագնաց Միլ Անդերսոնի ուղերձը, որին անձամբ ներկա էր։

«Մենք այս ճանապարհն անցել ենք Լուսինը հետազոտելու համար, բայց ամենակարևորն այն է, որ մենք, Լուսինն ուսումնասիրելով, կարողացել ենք հայտնաբերել մեր սեփական մոլորակը՝ Երկիրը»։

Դորդեյնի խոսքով՝ Երկիր մոլորակը սահմանափակ ռեսուրսներ ունի, բայց մենք կարծում ենք, թե դրանք անվերջ են։ Վստահ է, որ մոլորակն առանց մարդկանց էլ գոյություն կունենա, սակայն մարդկանց կայնքն առանց մոլորակի դժվար է պատկերացնում։ Նրան մտահոգում է մարդկության ապագան։

«Մարդկանց վարքը փոխելն ավելի դժվար է, քան տիեզերքում կատարվող հետազոտությունները։ Ամեն դեպքում՝ ես լավատես եմ, քանի որ մենք տիեզերքում կայան ունենք` Միջազգային տիեզերակայանը, որի 6 աստղագնացները մշտապես աշխատանքի մեջ են` սահմանափակ ռեսուրսներով, ինչը մարդկության համար հրաշալի օրինակ է»։

«Ցավազրկողը»՝ ոգեշնչման աղբյուր

iPod-ի հիմնադիր, iPhone-ի համահիմադիր, ինժեներ և ձեռներեց Թոնի Ֆադելը փառատոնին մասնակցում է գիտելիք ստանալու համար։ Ասում է՝ աշխատանքում նրա ոգեշնչումը խնդիրներ լուծելն է, ցանկանում է «ցավազրկողներ» գտնել ցավոտ խնդիրների համար։

«Ինձ համար ոգեշնչման հիմնական աղբյուրը ցավոտ խնդրի առկայությունն է, որի համար կարող եմ ցավազրկող գտնել»

Եթե այլմոլորակայինները գան, մենք կիմանանք

Պրոֆեսոր Միշել Մայորը Ժնևի համալսարանի աստղաֆիզիկոս է (Շվեյցարիա): 1995 թվականին Դիդյե Կելոզի հետ հայտնաբերել է առաջին արտաարեգակնային մոլորակը։ Արդյո՞ք այլմոլորակայիններ կան հարցին պատասխանում է։

«Այս պահին դժվար է նշել, որովհետև բավականաչափ ապացույցներ չկան այլմոլորակայիննների գոյության մասին, սակայն կյանքի քիմիայի զարգացումը գուցե դրա վերջնական բացատրությունը տա։ Ֆիզիկայի օրենքներն ամենուր են, տիեզերքի ցանկացած կետում։ Մենք գիտական ապացույց չունենք, բայց հնարավորություններ ունենք, որ երբ այլմոլորակայինները հայտնվեն, մեզ համար նվազագույնը տեսանելի կլինեն»։   

«Արդյո՞ք դուք մարսեցի եք» ելույթով է եզրափակվում Սթարմուսի երկրորդ օրը։ Դեյվիդ Զամբուկային հաջողվում է ներկաների մեջ թաքնված մարսեցուն հայտնաբերել։ Իսպանացի, իսկ ավելի ճիշտ արդեն մարսեցի Խոսեն, ելույթի ավարտին կարդում է ելույթի սկզբում բեմում հայտնված պաստառի տեքստը, որում իր արտաքինի նկարագրությունն էր։

Back to top button