ԿարևորՄշակույթ

Կցուցադրվի 5500 տարվա հնության կաշվե կոշիկը

Հայաստանի պատմության թանգարանում սեպտեմբերի 9-ին տեղի կունենա մշտական ցուցադրության վերաբացումը՝ «Հնագույն մարդու հետքերով. քարի դար» խորագրով ցուցասրահի պաշտոնական բացմամբ։

Ցուցանմուշներն ընդգրկում են մեզանից 1.8 միլիոն տարի առաջ պատրաստված քարե գործիքներից մինչև Ք.ա. 5-րդ հազարամյակի տարբեր ուշագրավ գտածոներ։ Ցուցադրությանը մասնավորապես ընդգրկված են քարեդարյան բարձրարժեք նմուշներ Հայաստանի տարբեր հնավայրերից, որոնց թվում` 500-300 հազար տարվա հնություն ունեցող ձեռքի հատիչ, Ք.ա. 6-րդ հազարամյակի թվագրվող քարե կացին, Ք.ա. 5-րդ հազարամյակի թվագրվող փոքրիկ կավանոթ, որի մեջ պահպանվել է օխրա ներկանյութի փոշի և կիրառվել է նախնադարյան մարդու կողմից, հատկապես՝ թաղման ծեսում։

Ցուցահանդեսին կներկայացվի նաև 2008 թ. «Արենի-1» քարանձավի պեղումներից հայտնաբերված կաշվե ոտնամանը, որը թվագրվում է Ք.ա. 3600-3500 թթ.։ Այն կցուցադրվի ոտնամանի համար հատուկ կայուն պայմաններ ապահովող ցուցափեղկում, որը պատրաստվել է Կառավարության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության շնորհիվ։

Ցուցադրությունը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի, «Արմոս» կոշիկի ձեռնարկության, «Յունայթեդ Ստեյթս Օֆ Արմենիա» ազգային-հայրենասիրական հասարակական կազմակերպության և այլ գործընկերների հետ համագործակցությամբ։

Back to top button