ԿարևորՀասարակություն

Դատավորները իրավունք կունենան բողոքարկելու իրենց վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշումները․ ԱՆ նախագիծը

Արդարադատության նախարարությունն առաջարկում է դատավորներին հնարավորություն տալ բողոքարկելու իրենց նկատմամբ կայացված կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցնելու Բարձրագույն դատական խորհրդի որոշումները։ Դատավորները երբևէ նման հնարավորություն չեն ունեցել՝ շեշտում է ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության պետ Հայկ Սանոյանը։

«Գործող դատական օրենսգրքի շրջանակներում գործող կարգավորումներով կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լիազորությունների դադարացնելու որոշումները որևէ կերպ ենթակա չեն բողոքարկման, այսինքն երբ ԲԴԽ-ն կայացնում էր որոշում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, այդ որոշումները վերջնական են։ Իհարկե, որոշակի բացառություններ կան․ երևան եկած հանգամանքների դեպքում օրենսդիրը հնարավորություն է տալիս գործի վարույթը վերսկսել և որոշակի հանգամանքներ նորից քննել, բայց դա որոշումները բողոքարկելու ինստիտուտ չէ»։

Այլ կերպ ասած, Արդարադատության նախարարությունը առաջարկվող փոփոխություններով նախատեսում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված որոշումների բողոքարկման ինստիտուտ ներդնել։ Սա առաջին հերթին միջազգային իրավական ակտերով սահմանաված պարտավորություների կատարում է՝ նկատում է Սանոյանը։ Դատավորների իրավունքների տեսանկյունից սեփական անձի վերաբերյալ կայացված որոշումները բողոքարկելու հնարավորություն չունենալն իրավաչափ չէ՝ ասում է Հայկ Սանոյանը։

«ՀՀ-ում գործող պետական կառավարման մարմիններից կամ դատական ատյաններից ԲԴԽ-ն է հանդիսանում այն մարմինը, որը կարող է այս լիազորություններն իրականացնել»։

Սահմանադրության համաձայն ՝Հայաստանում հենց ԲԴԽ-ին է տրված դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լիազորությունները դադարացնելու որոշումները կայացնելու իրավասությունը։ 10 անդամից բաղկացած դատական բարձրագույն խորհրդի կազմը ձևավորվում է ԱԺ-ի կողմից ընտրված 5 իրավաբան-գիտնականից և դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված 5 դատավորնից։

«Ըստ նախագծի՝ սահմանվում է հետևյալ կերպ․ կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերը նախ քննվում է ԲԴԽ-ի գործող անդամներից 4-ի կողմից, այլ կերպ ասած, «առաջին ատյանը» գործում է 4 անդամով, որի մեջ ներառված են ԱԺ-ի կողմից ընտրված 2 անդամներ, այսինքն գիտնականներ և դատավորների ընդհանուր ժողովի կողմից ևս 2 անդամ, մեր կարծիքով, այստեղ լեգիտիմության սկզբունքը ավելի քան պահպանված է։ Իսկ պայմանականորեն «վերադաս ատյանը» այն 6 անդամներն են, ովքեր չեն մասնակցել քննված գործին»,-ասում է Հայկ Սանոյանը։

Նախագիծը, սակայն, հակասահմանադրական են համարում քաղաքացիական հասարակությունում։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը վստահեցնում է՝ դատավորների իրավունքների տեսանկյունից նախագծի տրամաբանությունը՝ բողոքարկման ինստիտուտի ներդրումը, այո՛, ողջունելի է ու անհրաժեշտություն, սակայն նախագծով սահմանվող կարգը, ըստ իրավապաշտպանի, խաթարում է ԲԴԽ լեգիտիմությունը։

«Սահմանադրությունը սահմանում է, որ ԲԴԽ-ն 10 անդամից բաղկացած մարմին է, և դրանով ապահովվում է ժողովրդավարական լեգիտիմություն և հենց այս 10 հոգանոց կազմն է միասնական մարմին և դրա տրոհումը Սահմանադրությունը չի նախատեսում։ Այդ մարմինը հենց 10 հոգանոց կազմով է լեգիտիմ և տրոհել այն 4 կամ 6 հոգանոց մարմինների խիստ խնդրահարույց կարող է լինել լեգիտիմության և անաչառության հետ»,-ասում է Արաքս Մելքոնյանը։

Ստացվում է, որ ԲԴԽ-ն դատավորների ընտրում է 10 հոգանոց կազմով, սակայն նույն այդ դատավորների վերաբերյալ կարգապահական պատասխանատվություն կիրառելու և լիազորությունները դադարացնելու որոշում է կայացնում կեսից ավելի փոքր՝ 4 հոգանոց կազմով։ Արաքս Մելքոնյանը նկատում է՝ նախագծով ԲԴԽ-ի մի ամբողջական լիազորությունը տրվում է խորհրդի մի քանի անդամի․ սա արդեն, ըստ իրավապաշտպանի, հակասահմանադրական է։

«Խնդրահարույց եմ համարում այն անգամանքը, որ 4 հոգանոց կազմով, իհարկե, փորձ է արվում հավասարակշռություն ապահովվել, բայց նախագիծը նշում է, որ վերաքննությունը կիրականացվի ոչ թե մյուս 6 անդամների կողմից, այլ որոշման կայացմանը չմասնակցած անդամների կողմից, այսինքն մի դատավորի դեպքում կարող է ստացվել, որ այդ դատավորները 6-ն են, եթե ԲԴԽ-ն համալրված լինի, իսկ մյուս դատավորի դեպքում կարող է լինել 4 կամ 5 անդամ և սա էականորեն փոխելու է և քվորումը և իրավական որոշման տրամաբանությանը»,-նկատում է իրավապաշտպանը։

Նախարարությունում ներկայացվող դիտարկումներն ու քննադատություններն իրավաչափ չեն համարում, նախագծում հակասահմանադրական դրույթներ չեն տեսնում։ ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության պետ Հայկ Սանոյանը շեշտում է՝ նախագիծի հանրային քննարկման ներկայացնելուց հետո նաև Վենետիկի հանձնաժողով են ուղարկել՝ կարծիքներ ու առաջարկներ ստանալու համար։ Վստահեցնում են՝ նախագիծն օրենսդիրին կներկայացնեն արդեն լրամշակված ու անհրաժեշտ շտկումներով։

Back to top button