ԿարևորՔաղաքական

Բացվող ուղիները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են․ ՀՀ վարչապետ

Լեռնային Ղարաբաղի խնդրով մշտական կապի մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից առաջ:

Երկու երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Վլադիվոստոկում՝ այստեղ ընթացող Արևելյան տնտեսական ֆորումի  լիագումար նիստից հետո։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ ամենազգայուն հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակն է եւ այս հարցով մշտական կապ կա Հայաստանի իշխանությունների հետ:

Միջազգային հանրության եւ Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի ուշադրության կենտրոնացումը ուկրաինական խնդրի վրա կարող է հանգեցնել Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման՝ Վլադիվոստոկում ընթացող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում ասել  է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով 2020 թվականի 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդած իրավիճակը։

Հատուկ շեշվտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որում  նշվում է տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին։

«Այդ նախագծի գաղափարն այն է, որ  Հայաստանն Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության հնարավորություն է ստանում, ինչը նշանակում է գլոբալ առումով տրանսպորտային միջազգային նոր ուղիների բացման հնարավորություն։ Հայաստանը մեծապես հետաքրքրված է այդ հնարավորության իրագործմամբ: Հույս ունենք մոտ ապագայում Ռուսաստանի աջակցությամբ լուծել այս հարցը»։

Ըստ Փաշինյանի՝ առաջընթաց կա եռակողմ հանձնաժողովի աշխատանքներում․ անհրաժեշտ է լուծել իրավական բնույթի այն հարցերը, թե ինչ իրավակարգավորումներով են գործելու այդ ճանապարհները։

«Հստակ է, որ բացվող ուղիները պետք է գործեն այն երկրների ամբողջական ինքնիշխանության ներքո, որոնց տարածքներով անցնում են: Հուսով ենք, որ այս սկզբունքի հիման վրա կկարողանանք իրագործել հարավը հյուսիսին, արեւելքն արեւմուտքին կապող այս նախագիծը, որն անվանում ենք «Հայկական խաչմերուկ»:

Հայաստանը Ռուսաստանի աջակցությամբ բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ, նաև ինտենսիվ շփումներ կան Ադրբեջանի հետ Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ։ Երկու գործընթացներում էլ, ըստ վարչապետի, դրական տեղաշարժի հույսեր կան, երկուսում էլ կարևոր է Ռուսաստանի դերակատարումը։

«Հույս ունենք Ռուսաստանի աջակցությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ: ԼՂ հիմնախնդրի շուրջ ինտենսիվ խոսակցություններ են ընթանում Ադրբեջանի հետ: Ակնկալում ենք Ռուսաստանի աջակցությունը ոչ միայն որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, այլեւ՝ որպես Ադրբեջանի մերձավոր գործընկեր։ Ուզում եմ ընդգծել նաեւ Ռուսաստանի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որը զբաղվում է ԼՂ խնդրի կարգավորմամբ»:

ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունում դրական դինամիկա է նկատվում․ այս տարի Հայաստանը 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Այն, ըստ Փաշինյանի,  պայմանավորված է նաև ԵԱՏՄ-ի կողմից ապահովող ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժով։ Կա դրական դինամիկա եւ պետք է ջանքեր գործադրել, այն պահպանելու համար՝ ասաց Փաշինյանը։

Իսկ չի՞ վախենում ՀՀ վարչապետը Ռուսաստանի հետ շփումների ակտիվացման պատճառով Արեւմուտքի պատժամիջոցների տակ հայտնվելուց՝ հարցրեց համաժողովի համակարգողը։ Փածինյանի խոսքով՝  պատժամիջոցներից վախենալն այդքան էլ օգտակար չէ եւ պետք է հնարավոր սպառնալիքները կառավարելու ուղիներ գտնել։

Ասաց նաեւ, որ տարբեր երկրներում խաղաղության մասին պատկերացումները տարբեր են։ «Տպավորություն ունեմ, որ բոլորը խաղաղություն են ուզում, բայց ամեն մեկն իր պատկերացումն ունի խաղաղության մասին, եւ գլխավոր խնդիրն այն է, որ մոտեցնենք մեր պատկերացումները խաղաղության, կայունության բանաձեւերի մասին»,-նշել է Փաշինյանը։

Back to top button