Սփյուռքի ձայնը

11 տարվա աշխատանքից հետո Իսպանիայում կառուցվեց առաջին հայկական եկեղեցին․ «Սփյուռքի ձայնը»

Այս տարվա հուլիսին Իսպանիայի հարավում` Մալագա քաղաքում տեղի ունեցավ նորակառույց հայ եկեղեցու բացումը։ «Դռնբացեքի և սրբապատկերների օծման արարողությանը ներկա էին համայնքի ներկայացուցիչներ, բարերարներ ու Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Արարողության ավարտին արքեպիսկոպոս Պարսամյանը, խոսքն ուղղելով բոլոր ներկաներին, նշել է, որ այս եկեղեցին պետք է լինի բոլոր հայերի տունը և բոլորը հոգ պետք է տանեն այն կյանքով լցնելու համար:

Առաջիկայում նախատեսվում է նաև բացել եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց։ Մալագայի հայ համայնքի նախագահ, «Իսպանիա –Հայաստան և Հայրենիք» ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Բադալյանը շեշտում է, որ Պիրենեյան թերակղզում հայ եկեղեցի չկա, իսկ հայապահպանության ու համախմբման գործում մեծ է եկեղեցու դերը: Հենց այս հագամանքը հաշվի առնելով` համայնքի ղեկավարն իր շուրջն է հավաքել այն ակտիվ ու հայասեր անհատներին, որոնց շնորհիվ թե տարածքի, թե ճարտարապետության, թե շինարարության հարցերն են լուծվել:
Եկեղեցու բարերար այդ անհատներից է Անապա քաղաքում բնակվող գործարար Ալիկ Ավդալյանը։

«Երբ Ռաֆայել Բադալյանը դիմեց ինձ և եղբորս՝ Պետրոս Ավդալյանին, եկեղեցու կառուցմանը աջակցելու համար, միանգամից համաձայնեցինք: Մշեցու սերունդներ ենք, գիտենք օտարության մեջ համախմբման կռվանները»,- ասում է Ալիկ Ավդալյանը:

Նա ծնվել է Ռուսաստանում, մշեցի հոր շնորհիվ է հաճախել հայկական դպրոց, սովորել մայրենի լեզուն:

Ի դեպ, Ավդալյան եղբայրների շնորհիվ տարբեր քաղաքներում եկեղեցիներ են կառուցվել, աշխատանքներ են տարվում նաև Ռուսաստանում հայկական դպրոցի կառուցման համար:

Մալագայի հայկական եկեղեցու ճարտարապետը արգենտինահայ Արմեն Սիրոյանն է, եկեղեցու կառուցմանը մասնակցել են տասնյակ հայրենասերներ՝ տարբեր երկրներից, նշում է Ռաֆայել Բադալյանը::

Զրուցակիցներս համոզված են, որ համախմբումն է բոլոր աշխատանքների հիմքը: «Մենք չպետք է մոռանանք մեր պատմությունը, մեր ինքնությունը, հետո դա պահանջել նաև ուրիշներից»,- ասում են:

Back to top button