ԿարևորՔաղաքական

Թուրքիայի դիվանագիտական նոր հնարքները․ ի՞նչ փոխեցին բանակցելու  հիմնական փորձերը Գյուլի այցից հետո ու առաջ

Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի այցից ուղիղ 14 տարի է անցել․ քաղաքագետները 2008-ը դիտարկում են որպես շրջան, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ամենամոտն էր թվում։ Վերջին 3 տասնամյակում բանակցելու 4 հիմնական փորձ է արվել՝ կարգավորելու խնդիրները, սակայն մեծ հաշվով ոչինչ չի փոխվել՝ արձանագրում են քաղաքագիտական-ակադեմիական շրջանակներում։ Թուրքիան նույն Թուրքիան է իր ավելի խորամանկ դիվանագիտությամբ ու մի քանի հիմնական նախապայմաններով, որոնք կոծկում է միջազգային հանրության աչքից, բայց որոնք նաեւ խիստ տեսանելի են հայկական կողմի համար ու նորից հաստատում են թեզը, որ պետք է բանակցել հանուն խաղաղության՝ պատրաստվելով պատերազմի։

Վերջին 3 տասնամյակում՝ բանակցելու 4 հիմնական փորձ․ այս ընթացքում որպես հաշվարկի հանգուցային կետ դիտարկվում է 2008-ի սեպտեմբերը, երբ Գյուլն այցելեց Հայաստան։

Հայ-թուրքական բանակցությունները սկսվել են Հայաստանի երրորդ հանրապետության գոյության հենց սկզբից։ Հիմքում, ըստ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, մինչև օրս էլ նորմալ դիվանագիտական հարաբերություններ ու գործող սահման ունենալու գաղափարն է։ Փորձեր են եղել և՛ 90–ականների սկզբներին, և՛ 2000-ականներին, և՛ ավելի ուշ՝ ֆուտբոլային դիվանագիտության շրջանում։ Ռուբինյան–Քըլըչ ընթացող բանակցություններն արդեն 4-րդ փորձն են։ Հայաստանի նպատակը երեք տասնամյակում չի փոխվել։ Թուրքիան, սակայն, ողջ  ընթացքում հրաժարվել է գնալ նորմալ դիվանագիտական հարաբերությունների․ չպարզաբանված հարցերը մնացել են չպարզաբանված։ Թուրքիան Հայաստանին միշտ դիտարկել է որպես փոքր, դեպի ծով ելք չունեցող երկիր, որն ինքն է շահագրգիռ սահմանների բացման հարցում ու ինքն էլ պետք է զիջումների գնա։

«Այն մտածելակերպն է, որ տասնամյակներ շարունակ իշխող է եղել, և մինչև հիմա էլ գոյություն ունի թուրքական վերնախավի ամենատարբեր խմբավորումների մոտ, որոնք ղեկավարել են այդ երկիրը։ Եվ, փաստորեն, այդ մոտեցումը Թուրքիայի շարունակվել է ու պահպանվել»։

Խնդիրները, որոնք Թուրքիան դիվանագիտորեն ձևակերպել էր դեռ 1991-ին Հայաստանի անկախությունը ճանաչելիս, ենթադրում են հետևյալը՝ Հայաստանը հրաժարվում է Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից, հրաժարվում է Արցախի շահերը պաշտպանելուց և վերահաստատում 1921-ի Կարսի պայմանագրի պահանջները։ Երեք այս պայմանները Թուրքիան դրել է Հայաստանի առջև 3 տասնամյակի ընթացքում։ Ըստ «Ռադիոլուրի» զրուցակցի՝ Թուրքիայի՝ զիջումների չգնալը հանգեցրել է հարաբերությունների չկարգավորմանը։ Ուղիղ 14 տարի առաջ կարգավորումն ամենամոտն էր թվում։

«Ամենամոտը եղել է ֆուտբոլային դիվանագիտության շրջանում, երբ նախաստորագրվեցին տխրահռչակ արձանագրությունները, որոնք պետք է հետագայում վավերացվեին խորհրդարանների կողմից։ Բայց Թուրքիայի խորհրդարանը հրաժարվեց դա անել։ Ինչո՞ւ, որովհետև այն ուժերը, որոնք այն ժամանակ ընդդիմադիր էին, շատ ուժեղ քննադատության ենթարկեցին կառավարությանը, որ գնացել էր այդ փաստաթղթղի նախաստորագրմանը։ Եվ դրա համար էլ կառավարությունը հրաժարվեց և Ադրբեջանին էլ որպես պատճառ ներկայացրեց, որ Ադրբեջանն է դժգոհ»։

Քըլըչ-Ռուբինյան բանակցությունների այս փուլում թուրքական կողմը պահպանում է սկզբունքային իր մոտեցումը՝ ասում է բանակցությունների առաջին հանդիպմանը մասնակցած թուրքագետը և ընդգծում՝ բայց և ավելի ճկուն է դարձել դրա դիվանագիտությունը։ Բանակցելիս Թուրքիան հայտարարում է, թե նախապայմաններ չունի։ Բայց սա շինծու է։ Բանակցային գործընթացը թուրքական կողմը կապում է երկու կարևոր հարցի հետ։

«Երկու խնդիրներ են հիմա Թուրքիայի համար կարևոր։ Դրանք նա փորձում է լուծել այս բանակցային գործընթացում։ Առաջինը, որ Հայաստանը ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, և երկրորդ՝ համաձայնություն լինի «Զանգեզուրյան միջանցքի»։ մասով։ Հիմա որոշակի ճկունություն են մտցրել թուրքերն իրենց բանակցային դիվանագիտության մեջ, բայց իրականում ոչ մի բան չի փոխվել։ Մենք կարող ենք ասել, որ որոշակի առումով հիմա ճկուն է Թուրքիայի դիրքորոշումն այն առումով, որ բանակցային գործընթացի որոշակի փուլում Թուրքիան երկու քայլի համաձայնվեց։ Առաջինը՝ բացեց իր սահմանը, և Հայաստանը՝ համապատասխանաբար, որ անցնեն երրորդ երկրների քաղաքացիները, և նաև հնարավորություն տրվեց, որ օդային ճանապարհով տեղափոխվեն ապրանքներ»։

Դիվանագիտական իր հնարքների հետևում Անկարան կարևոր հարցերի լուծման ակնկալիքներ ունի, ու դրանք սերտորեն կապվում են Բաքվի պահանջ-ցանկությունների հետ։ Վերջինների թվում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը դիտարկում է նաև այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցք» ունենալու ձգտումը, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հաստատվի ցամաքային կապ։ Թուրք-ադրբեջանական ագրեսիվ դաշինքը անթաքույց խոսում է համատեղ տարվող քաղաքականության ու անգամ նորից ռազմական ճանապարհով դրան հասնելուն պատրաստ լինելու մասին։ Կարեն Հովհաննիսյանը փորձում է հաշվել պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո ադրբեջանական, թուրք-ադրբեջանական զորավարժությունների ու զորավարժանքների թիվը՝ հարյուրից ավելի։ ասում է։

«Ընդ որում հիմնականում անցկացրել է եռակողմ կամ երկկողմ՝ Թուրքիա-Ադրբեջան կամ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան։ Իրականում բոլոր զորավարժությունները տեղի են ունեցել ցամաքային և օդային ուժերի ներգրավմամբ և հարձակողական բնույթի են բոլորը։ Ամեն դեպքում թիրախը հասկանալի է, թե որտեղ է և ինչի համար։ Այս ամենի համատեքստում Ադրբեջանը, կարծես խաղաղության պայմանագրի քաղաքական ջատագովը կամ առաջամարտիկը լինելով հանդերձ, այնուամենայնիվ շեշտը դնում է ռազմական ուժի կիրառման վրա և հստակ մեսիջներ է հղում թե միջազգային հանրությանը, թե տարածաշրջանում խաղացող պետություններին, այդ թվում տարածաշրջանի պետություններին՝ Հայաստանին, որ կարող է ցանկացած հարց լուծել ռազմական ճանապարհով»։

Ըստ զրուցակցիս՝ թշնшմին պատրաստվում է, զինվում ու զինվում է, թե ում համար, թե ում դեմ, դժվար չէ կռահել։ Կարեն Հովհաննիսյանն այս զորավարժությունները և զորավարժանքները հատկապես ցամաքային և օդային ուժերի ներգրավմամբ հենց այդ համատեքստում է դիտարկում և նկատում՝ հայկական կողմից այդ զորավարժություններին  միջազգային հնչեղություն չի տրվել։ Հայաստանը կարող է այս հանգամանքը դիվանագիտորեն օգտագործել Ադրբեջանի դեմ, երբ վերջինս խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, բայց գնում ռազմականացման ճանապարհով։

Back to top button