Երաժշտական եռանկյունի

«Երեք սոպրանո». նոր ձևաչափ՝ երևանյան բեմում․ «Երաժշտական եռանկյունի»

Երբ 30 տարի առաջ Լուչիանո Պավարոտին կազմակերպեց «Երեք տենոր» համերգը՝ Խոսե Կարերասի և Պլաչիդո Դոմինգոյի ընկերակցությամբ, բոլորին զարմացրեց ծրագրի յուրօրինակ ձևաչափը՝ հայտնի օպերային արիաների հետ նույն ծավալով ներկայացված էին նեապոլյան և ժողովրդական երգեր սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

Պավարոտին մտահղացումը մեկնաբանելիս բացատրում էր, որ այդպիսով նրանք ոչ միայն մոտեցնում են լայն հասարակությանը ակադեմիական օպերային արվեստին, այլև բարձրաշխարհիկ բեմի հարթակից հնչեցնում են այդքան սիրված և ժողովրդականություն վայելող իտալական երգարվեստը:

30 տարիների ընթացքում այդ ձևաչափն այնքան լայն տարածում ստացավ աշխարհում, որ այսօր կարելի է ասել՝ ձևավորվել է նոր համերգային ավանդույթ, երբ երեք հայտնի օպերային մեներգիչներ հանդես են գալիս սիմֆոնիկ նվագախմբի հետ և օպերային արիաների կողքին ներկայացնում հանրաճանաչ կամ ժողովրդական երգարվեստը:

«Երեք սոպրանո» նախագծի մտահղացումը կայացել է հենց այդ տրամաբանությամբ և հաստատվել հայկական բեմում իբրև երեք սոպրանոների համերգային ձևաչափ, որը, մշտապես թարմացվելով, սիրվեց ոչ միայն ակադեմիական երգարվեստի սիրահարների, այլև լայն հանդիսատեսի կողմից:

Նախագիծը ծնվել էր տարիներ առաջ ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանի նախաձեռնությամբ, ինչին միացել են նույն թատրոնի մեներգչուհիներ Մարինե Դեինյանը և Նունե Բադալյանը:

«Սկզբնական մշակումները կատարել էր կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը, և առաջին համերգը ղեկավարում էր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Վերադառնալով թատրոն՝ նա առաջարկեց մեզ բեմ վերադարձնել այդ նախագիծը նորոգված և համալրված նոր մշակումներով՝ ձայնի և նվագախմբի համար»,- ասում է Մագդա Մկրտչյանը:

Նախագիծն այնպես սիրվեց հանդիսատեսի կողմից և այնքան պահանջված է, որ կատարողները պարբերաբար այն կրկնում են և կարելի է ասել, որ երևանյան ակադեմիական բեմում հաստատվեց նոր համերգային ժանր, որն ունի մեծ ստեղծագործական հեռանկարներ:

Հաղորդման ընթացքում հնչում են «Երեք սոպրանո» համերգային նախագծի բազմաթիվ կատարումներ՝ Մագդա Մկրտչյանի, Նունե Բադալյանի, Մարինե Դեինյանի, Ազգային օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմի և դիրիժոր Կարեն Դուրգարյանի կատարմամբ:

Back to top button