ԿարևորՀասարակություն

Վաղվա համար կուտակվող թոշակի այսօրվա խնդիրները․ ԿԲ-ն փորձում է ռիսկերը մեղմել

Վերջին ամիսներին կուտակային կենսաթոշակային ֆոնդերը նոր ռիսկերի առաջ կանգնեցին․ դրսի շուկաների ռիսկերը հասան Հայաստան, ու մարդիկ սկսեցին նկատել, որ որպես վաղվա կենսաթոշակ կուտակած իրենց գումարները նվազել են, դրանց եկամտաբերությունը՝ ևս։ Մասնագետներն էլ սկսեցին ահազանգել երկարաժամկետ ռիսկերի մասին։ Պետական կառույցներից շտապեցին հանգստացնել, որ ռիսկերը կան, բայց իրենք «ձեռքը զարկերակին են պահում»։ Այս համատեքստում կենտրոնական բանկն առաջարկ ունի՝ կենսաթոշակային ֆոնդերին թույլ տալ ընդլայնել մարդկանց կուտակած կենսաթոշակային գումարները ներդնելու ոլորտները։ Այսինքն՝ ֆոնդը, որպես մեր վաղվա թոշակների այսօրվա կառավարիչ, կարող է այդ գումարով նաև տեղական ընկերությունների սեփականատեր կամ բաժնետեր դառնալ։ Սա կարող է և ավելացնել շրջանառվող գումարների եկամտաբերությունը։ Առաջարկը սրանով չի սահմանափակվում։

Կուտակային կենսաթոշակային ֆոնդերում մեծացնել պահպանողական արժեթղթերով ներդրումները՝ 25%-ից դարձնելով 35%․ ԿԲ առաջարկն է փոփոխել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը։ Արդյունքում, ըստ ԿԲ-ի, կընդլայնվեն ֆոնդերի կողմից ներդրումների և եկամուտների հնարավորությունները, իսկ հանրության խնայած միջոցներից ավելի մեծ բաժին կներդրվի տնտեսության իրական հատվածում ու հայաստանյան ընկերություններում։

«Աքսես» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է․

«Օրենսդրական նախաձեռնությունը միտված է ապահովելու ավելի բարձր եկամտաբերություն կենսաթոշակային ֆոնդերի համար։ Առաջնային նպատակը սա է, իսկ երկրորդային՝ ավելի երկարաժամկետ հեռանկարում կարող է ավելի դրական անդրադառնալ Հայաստանի կապիտալի շուկայի վրա։ Բայց այս պահին, հաշվի առնելով,որ մեզ մոտ այս պահին գործող այլ ներդրումային ընկերությունները լուրջ խնդիրներ ունեն՝ տեղաբաշխելու իրենց միջոցները մասնավոր կազմակերպությունների կանոնադրական կապիտալում, կարծում եմ, որ այս պահին դժվար կլինի կյանքի կոչել այն։ Շուկան շատ փոքր է, և կազմակերպությունները, որոնք պատրաստ են կլանել այդ բաժնեմասնակցային ֆինանսավորման ներդրումները, այդքան շատ չեն»։

Այս հունիսի վերջին, ըստ Կենտրոնական բանկի, կենսաթոշակային ֆոնդերում կուտակված է 490 մլրդ դրամ։ 2021-ին կենսաթոշակային ֆոնդերը զբաղեցրել են ֆինանսական համակարգի ակտիվների 5․7 տոկոսը՝ 2020–ի 4․7 տոկոսի դիմաց՝ նկատում է տնտեսագետ Մերի Բոյաջյանը։ Ֆոնդերի կառավարիչները քաղաքացիների կուտակած գումարների առնվազն 60-70 տոկոսը ներդնում են ՀՀ-ում՝ պետական պարտատոմսերում, մնացածն` արտասահմանում։

«40 տոկոսը դրվում է արտարժութային ակտիվներում, 60 տոկոսը՝ հայաստանյան։ Նպատակն այն է, որ որոշակիորեն դիվերսիֆիկացված լինեն դրանք։ Երբ մի շուկայում կտրուկ անկում տեղի ունենա, մեկ այլ շուկայում լինի դիվերսիֆիկացում, որ ընդհանուր չլինի անկումը։ Այս տարիների փորձը ցույց է տալիս, որ համակարգը որոշ չափով արդյունավետ է եղել՝ պայմանավորված դիվերսիֆիկացիայի բարձր մակարդակով»։

Հայաստանում արժեթղթերի շուկան զարգացած չէ, կենսաթոշակային ֆոնդերը տեղական մասնավոր ընկերություններում ներդրումներ չեն անում, փոխարենը կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների մինչև 25%-ը հոսում են արտասահմանյան ընկերություններ։ ԿԲ-ն առաջարկում է ֆոնդերին հնարավորություն տալ առանց միջնորդ ֆոնդերի և կառույցների, ինչպես այսօրվա օրենքն է պահանջում, ներդրումներ կատարել, օրինակ, ենթակառուցվածքային նախագծերում, եթե դրանք եկամտաբեր են գնահատում։ 

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը երեք տեսակի են՝ հավասարակշռված, պահպանողական և կայուն եկամտային: Քաղաքացիներն իրենց խնայողությունների «առյուծի բաժինը»՝ 98%-ը, ուղղում են պահպանողական ֆոնդերին։ Օրենքով՝ պահպանողական ֆոնդերում բաժնային արժեթղթերի և դրանց հեջավորման  գործիքների կշիռը չի կարող գերազանցել 25 տոկոսը։ ԿԲ-ն առաջարկում է հենց այս տոկոսը 10 տոկոսով բարձրացնել։

Կարո՞ղ ենք արձանագրել, որ ԿԲ-ն փորձում է լուծել ֆոնդերի կողմից տնտեսության իրական հատվածում կատարվող ներդրումների հարցը․ տնտեսագետ Հայկազ Ֆանյան

«Սա թույլ կտա ուղղակիորեն ներդրումներ կատարել ընկերություններում, նաև այնպիսի, որոնք ցուցակված չեն ֆոնդային բորսայում։ Մեզ մոտ այդպիսի կազմակերպությունները շատ-շատ են։ Հնարավորություն կստեղծվի, բայց որքանո ՞վ դա իրականություն կդառնա՝ հաշվի առնելով, որ պետք է ոչ միայն առաջարկի կողմը նայել, այսինքն՝ որքան ֆոնդերը գումարներ կառաջարկեն, այլ այն, թե շուկան արդյո՞ք կկարողանան կլանեն դրանք։ Սա էլ հարցի երկրորդ կողմն է»։

Մյուս առաջարկն է՝ թույլ տալ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին առանց միջնորդ ֆոնդերի կամ այլ կառույցների ուղղակի ներդրում անել տնտեսության իրական հատվածում: Ներդրումների առկա սահմանաչափերը թույլ չեն տալիս կենսաթոշակային ֆոնդերի միջոցները լիարժեք ներդնել տարբեր ներդրումային նախագծերում։ Պատրա՞ստ է մեր տնտեսությունը կլանել այդ ներդրումները։

«Կարծում եմ՝ իրականում մեր շուկայի հնարավորությունն այդ միջոցները կլանելու համար բավական սահմանափակ է։ Ընդհանրապես բաժնեմասնակցային կապիտալն ինքն ավելի թանկ գործիք է, քան պարտքային՝ վարկի միջոցով ստացվող ֆինանսական ռեսւորսը։ Այսօրվա փորձը ցույց է տալիս, որ շատ կազմակերպություններ ավելի շատ ցանկանում են վարկերի միջոցով ներդրումներ ներգրավել, քան՝ բաժնեմասնակցային գործիքների»։

Տնտեսության իրական հատվածում կուտակային կենսաթոշակային ֆոնդից դներդրումները հիմնականում արդյունաբերության և սննդամթերքի վերամշակման ոլորտում են՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, «Սպայկա»-ն։ Իսկ եթե փոփոխությունն արվի, ֆոնդերը կարող են նաեւ բաժնետեր ու սեփականատեր դառնալ, ինչն ունի իր առավելությունները՝ արձանագրում է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։

«Առաջինը, որ ներդրողները կոնկրետ գործարարի հետ կիսում են ռիսկը և գրավի առարկա պետք չէ։ Իսկ մենք պատմականորեն գիտենք, որ այդ երկու հանգամանքները միշտ սահմանափակել են, որպեսզի տեղական կազմակերպությունները ներդրումներ ներգրավեն։ Բայց, որպեսզի ընկերությունները բաժնեմասնակցային գործիքներով ներդրումներ ներգրավեն, պետք է փոխեն իրենց մշակույթը։ Պետք է խորհուրդ ունենան, որը վերահսկողություն է իրականացնում գործադիր մարմնի նկատմամբ, պետք է աուդիտ անցնեն, որոշակի հաշվետվողականության մեխանիզմ պետք է ունենան։ Որպես կանոն՝ մեզ մոտ դա զարգացած չէ։ Իսկ սրանք հանգեցնում են նրան, որ մեզ մոտ կապիտալի շուկան ավելի թերզարգացած է, քան ֆինանսական շուկայի մյուս՝ բանկային հատվածը»։

ԿԲ առաջարկը կարող է կապիտալի շուկային նոր շունչ տալ՝ հուսով են նախագծի հեղինակները։ Բայց սրա կողքին նաև այս տարի կուտակային կենսաթոշակների ֆոնդերում կուտակված միջոցների և դրանց եկամտաբերության զգալի նվազումներն են ու դրա շարունակման լուրջ ռիսկերը։ Այս խնդիրը դրսից է «ներկրվում» Հայաստան, լրջորեն ազդում  կուտակային կենսաթոշակային ֆոնդի վրա ու նվազեցնում դրանց հանդեպ մարդկանց վստահությունը, այն մարդկանց, ովքեր իրենց ամեն ամսվա եկամտից այստեղ իրենց վաղվա գումարն են կուտակում։ Մասնագիտական գնահատումներով՝ եթե թոշակային ֆոնդերի գումարներն ավելի լայն ոլորտներում ներդրվեն, գուցե եկամուտներն էլ ավելանան։ Բայց դրանք դեռ հետագայի նախագիծ են, իսկ մեր ֆոնդում ցնցումներն արդեն սկսվել են։

Back to top button