ԿարևորՀասարակություն

Սթարմուսյան օրագիր․ Մարսը՝ համալիրում, մեդալակիրները՝ «Մարսում»

Հիսուն տարի է, խոսում ենք տիեզերքի մասին, հույս ունեմ, որ առաջիկա հիսուն տարում կխոսենք Երկիր մոլորակի եւ այն ավելի անվտանգ դարձնելու մասին՝ Երևանում ասել է Queen խմբի լեգենդար կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը։ Նա Սթարմուսի գլխավոր` Սթիվեն Հոքինգի մրցանակի չորս դափնեկիրներից մեկն է։ Սթիվեն Հոքինգի մեդալը, որն անվանում են «Գիտության Օսկար», ամեն տարի շնորհվում է գիտության հանրայնացման գործում համաշխարհային  ներդրում ունեցած գիտնականներին: Այս տարի նրանք են  Queen խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը, պոետ և նատուրալիստ Դայան Աքերմանը,  պրիմատոլոգ և մարդաբան Ջեյն Գուդոլը։

Համալիրում տեղավորվել է Մարսը, Մարսի վրա՝ «Գիտության Օսկարի» մրցանակակիրները:

Happy Birthday, Freddy! 

«Ծննուդդ  շնորհավոր, Ֆրեդի»,  «Գիտական Օսկարը»՝ Սթիվեն Հոքինգի մեդալը, լեգենդար Ֆրեդի Մերկուրիի ծննդյան օրը ստանալուց հետո Queen խմբի կիթառահար Բրայան Մեյի առաջին արտահայտությունն է։ Կիթառահարը հիշում է՝ Ֆրեդին հետաքրքրասեր , բայց կենտրոնացած մարդ էր, ասում էր՝ մյուսները կարող են անել ամեն ինչ,  իսկ ես միայն երաժշտությամբ կզբաղվեմ։ Բրայան Մեյ

«Ֆրեդին ամեն ինչով էր հետաքրքրվում։ Նա պարբերապար ինձ ասում էր՝ դու չես կարող զբաղվել երաժշտությամբ և, միևնույն ժամանակ, հասնել պրոֆեսորի աստիճանի գիտության ոլորտում, սակայն ես իմ թեկնածուականը պաշտպանելուց հետո գիտությունն ու երաժշտությունը համատեղեցի։ Ինձ համար մեծ պատիվ է այդ երկու ճյուղերը միավորելը»։  

Ոչինչ չէր մնում, քան ընդունել այս մրցանակը՝ ասում է Բրայան Մեյը։ Պատմում է, երբ Գարիկ Իսրայելյանն ասաց, որ իրեն են շնորհելու մեդալը, զարմացավ և ընդվզեց․

«Ես ասացի, որ որպես խորհրդի անդամ չեմ քվեարկի, նա էլ ասաց՝ ոչ, դու  այլևս չես կարող դա անել»։

Փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի խոսքով՝ հատկապես համավարակից հետո խիստ կարևոր է, որ մարդկությունը վստահի գիտնականներին։ Անելու են ամեն ինչ, որ Սթիվեն Հոքինի մրցանակի հեղինակությունն ավելի բարձրանա։

«Սթիվեն Հոքինգի մեդալը տալիս ենք չորս անվանակարգում։ Այս տարի երաժշտության և արվեստի համար մեդալը շնորհել ենք դոկտոր Բրայան Մեյին, գիտահանրամատչելի գրականություն գրելու համար տվել ենք Դայանա Աքերմանին, ֆիլմերի և գիտության հաղորդակցությունն ապահովելու  համար՝ ՆԱՍԱ–ի հեռուստատեսության և հաղորդակցման օֆիսին, և ամբողջ կյանքում արած աշխատանքի համար տվել  ենք Ջեյն Գուդոլին»։

Այսօր աշխարհում գոյություն ունեցող տիեզերական ծրագրերը հավակնում են «օկուպացնել» Լուսինը, Մարսի վրա բնակություն հաստատելու ծրագրեր կազմել։ Եթե դա հաջողվի մարդկությանը, ինչպե՞ս կանդրադառնա մեր բանականության վրա։ Արդյո՞ք Երկրի ուղեծրից դուրս ապրելով՝ մենք կսկսենք բոլորովին այլ կերպ մտածել․ «Ռադիոլուրի» հարցը Բրայան Մեյին տեղափոխում է Սթարմուս 1։ Պատմում է իր և Նիլ Արմսթրոնգի խոսակցությունը։

«Ես չեմ մոռանա Նիլ Արմսթրոնգի հետ հանդիպումը։ Ես ասացի, որ սիրում եմ տիեզերագնացությունը, այդ ամբողջ քայլերթը և տիեզերք ուսումնասիրելը, սակայն շատ կուզեի, որ երկիր մոլորակին և մարդկությանն անդրադառնանք։ Ես ինձ մի փոքր վատ զգացի, որ դա ասում եմ աստղագետների ներկայությամբ, սակայն Նիլ Արմսթրոնգն իր վերջնական ելույթում ներառեցի իմ այդ միտքը և նշեց, որ ճիշտ եմ։ Հիսուն տարի շրջագայում և խոսում ենք տիեզերքի շուրջ, հույս ունեմ գալիք 50 տարին կխոսենք Երկիր մոլորակի և այն ավելի անվտանգ դարձնելու մասին»։

Բրայան Մեյը շտապում է փորձի, շուտով ելույթ է ունենալու Տավուշի մանկական երգչախմբի սաների հետ։ Արդյո՞ք նորից կայցելի Հայաստան հարցին 75 ամյա երաժիշտը պատասխանում է կատակելով։

 «Եթե երկար ապրեմ, անպայման կգամ»:

Հարցուպատասխանը շարունակվում է Սթիվեն Հոքինգի անվան երկրորդ մրցանակի դափնեկիր  բանաստեղծ, էսսեիստ, նատուրալիստ Դայան Աքերմանի հետ։ Պատասխանելով նույն հարցին նշում է․

«Երբ տիեզերքից ենք նայում Երկիր մոլորակին, հստակ տեսնում ենք, որ չկան քաղաքական ու աշխարհագրական սահմանափակումներ։ Ամբողջ մարդկությունը գտնվում է մեկ նավի վրա։ Այստեղ մենք հայելին ուղղում ենք ինքներս մեզ, և մարդկությունը տեսնում ենք այնպես, ինչպես որ կա»։

Սթարմուսի դափնեկրի խոսքով՝ հիմա գիտությունն ու արվեստն ընկերացել են․ արվեստագետը կարող է ոգեշնչվել գիտության բացահայտումներով, իսկ գիտությունը ներթափանցել է արվեստի գրեթե բոլոր ճյուղեր։

Back to top button