ԿարևորՀասարակություն

Պարգևատրվել են դպրոցների այս տարվա մեդալակիրները, «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2021-2022 ուսումնական տարվա հանրակրթական դպրոցների գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին մեդալներ հանձնելու արարողությունը:

2021-2022 ուսումնական տարում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններից մեդալի հայտ ներկայացրած 88 սովորողներից քննությունների արդյունքում մեդալի են արժանացել 61 շրջանավարտներ: Գործող կարգի համաձայն` մեդալի հավակնորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաներից: Միջոցառման ընթացքում պարգևատրվել են նաև միջազգային մաթեմատիկական «Կենգուրու» և հայերենի իմացության «Մեղու» մրցույթների հաղթողները:

Մեդալակիրներին և առարկայական մրցույթների հաղթողներին շնորհավորել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Սիրելի՛ շրջանավարտներ և առարկայական մրցույթների հաղթողներ, այսօրվա պարգևատրումը ձեր կյանքում առանձնահատուկ իրադարձություն է: Իմ ցանկությունն է, որ հետագայում դուք նվաճումներ ունենաք նաև բարձրագույն կրթության, գիտության ոլորտներում, մշտապես զգաք ձեր աշխատանքի արդյունքը` լինելով գնահատված,- նշել է նախարար Վահրամ Դումանյանը և շարունակել,- շնորհակալ ենք բոլորիդ ուսուցիչներին ու ծնողներին, որովհետև նրանք մեծ ներդրում ունեն ձեր ցուցաբերած արդյունքի գործում:

Կրթության ոլորտի բարեփոխումները, որոնք այսօր իրականացվում են նախարարության կողմից, մեկ նպատակ ունեն. ապահովել ամուր հենք, որ մենք ունենանք ավելի մրցունակ ու լավ քաղաքացի: Ապագան ձերն է, երկրի տերը դուք եք: Շնորհակալ ենք, որ ունենք ձեզ նման հրաշալի սերունդ»:

Մեդալները հանձնելուց հետո ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ամփոփել է հանդիսավոր արարողությունը` ընդգծելով, որ գերազանց առաջադիմության մեդալը 12 տարվա աշխատանքի գնահատականն է:

«Վստահ եմ, որ շատերդ արդեն ընտրել եք մասնագիտություն և դառնալու եք մեր երկրի համար արժանավոր և պիտանի քաղաքացի»,- դիմելով ներկաներին` նշել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նրա առաջարկությամբ ներկաները ծափերով ողջունել են Երևանի թիվ 87 դպրոցի շրջանավարտ, մեդալակիր Կարեն Սաֆարյանին, ով մեդալի քննությունները հաջողությամբ հանձնելուց և բուհ ընդունվելուց անմիջապես հետո զորակոչվել էր ժամկետային զինծառայության և արարողությանը ներկայացել էր զինվորական համազգեստով ու հրամանատար Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ:

Շնորհավորելով «Կենգուրու» և «Մեղու» առարկայական մրցույթների հաղթողներին` Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ դրանք կարևոր են աշակերտների մասնագիտական կողմնորոշման և ապագայի պլանավորման հարցերում:

«Կարևոր է, որ դուք կարողանաք լավագույնս ինքնադրսևորվել մեր երկրում` մասնագիտական կարողությունների աճն ու անձնական երջանկությունը տեսնելով մեր հայրենիքում»,- եզրափակել է փոխնախարարը:

Նշենք, որ «Կենգուրու» և «Մեղու» մրցույթները ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է «Այբ» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Back to top button