ԿարևորՀասարակություն

Շոշի Ս. Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել քարի օծման կարգ

Ասպրամ Ավանեսյան
Արցախի Հանրային ռադիո

Խաչի օծման  արարողությունը կարևոր իրադարձություն էր  Շոշի համար: Արցախյան ազատամարտի հենց սկզբից էլ հայ զինվորը խաչին էր ապավինել՝ հիշում է եկեղեցու վերակառուցման հովանավոր, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը:    Այն ժամանակ Հայաստանից էին խաչեր բերում ու բաժանում զինվորներին:

«Ի՜նչ խանդավառությամբ էին զինվորները ընդունում խաչերը»,  Ցավում է՝ մեր եկեղեցիներն այսօր դատարկ են: 

«Ես որպես զինվորական ինձ իրավունք եմ վերապահում մեր ժողովրդից պահանջելու, որ նորից շրջվեն դեպի Աստված: Մենք պետք է աղոթող լինենք ոչ միայն նեղ տեղում, այլ նաև առատության, լիության ու հաջողության ժամանակ: Մեր միակ փրկությունը մեր հավաքական ուժի, մեր հավատքի, մեր միասնության մեջ է»: 

«Ավելի քան 30 տարի շարունակ արցախցիներն ապավինելով խաչին ապրեցին ու ստեղծագործեցին հայրենի հողում: Մենք Աստծո կամոք ստեղծեցինք պետկանություն, բայց սայթաքեցինք մեր ճանապարհին, որովհետև այդպես էլ չկարողացանք գիտակցել, որ Աստծո տված յուրաքանչյուր պարգև պետք է փայփայել»,-ասում է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: 

«Երբ ազգը համախմբվում և ընդունում է խաչի զորությունը, այն ժամանակ է խաչը հոգևոր լույս տալիս: Այդ լույսը ջերմացնում է բոլորիս հոգիները: Մենք միշտ եկեղեցիներ ենք կառուցել»:

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը համարում է, որ սա հաղթանակի խաչ է, այն նշանավորում է մեր հավատքն առ Աստված: Եպիսկոպոսն օրհնության  խոսք ունի ոչ միայն սահմանի ու սահմանապահի համար,  այլև  եկեղեցու վերակառուցման հովանավորի:

«Թող Աստված օրհնի մեզ, որ կարողանում ենք այս դժվար օրերին նաև աստվածահաճո գործեր անել: Մենք մեր երեխտագության խոսքն ենք հղում այն մարդկանց ովքեր օգնեցին վերակառուցել և վերանորոգել եղեղեցին: Մեր գնահատանքն ու օրհնությունը պարոն Ջալավյանին, նրա թիմին ու զինակիցների այս սուրբ գործի համար»: 

Խաչը զորություն է, խաչը հավատացյալի զենքն է՝ ասում է Աննա Ավանեսյանը: Նա Շոշում է բնակվում: Օրը գյուղի պատմության մեջ նշանակալից է: Խաչը օրհնություն կբերի գյուղին՝ վստահ է: Հետպատերազմյան Արցախում Աննա Ավանեսյանը արթնության շունչն է զգում: 

«Մեծ հույս ունենք, որ այս խաչի տեղադրմամբ Աստծո օրհնությունը կգա մեր գյուղի ու ժողորդի վրա: Ու պետք է արթնություն լինի: Լիահույս ենք, որ Սուրբ Աստվածածնի անունը կրող այս եկեղեցին պետք է զորացնի մեր գյուղի բնակիչներին, որ մարդիկ ապրեն, արարեն, ստեղծագործեն»: 

Քրիստոնիայի փրկության գաղափարը ամենօրյա աղոթքների ու հավաքի մեջ է: Եկեղեցին ու խաչը ծառայում են այդ հավատքին: Եկեղեցին միավորող ուժ ունի, Շոշի Ս. Աստվածածին եկեղեցին նույնպես կոչված է միավորելու ինչպես շոշեցիներին, այնպես էլ ամբողջ արցախահայությանը:

Back to top button