ԿարևորՀասարակություն

ՀՀ նախագահը IBM-ի փոխնախագահին է հանձնել ՏՏ ոլորտում Հայաստանի բարձրագույն մրցանակը

անրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը մրցանակը հանձնել է IBM ընկերության էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին:

Դոկտոր Սթոկի հիմնական ներդրումը նորարարական չիպերի ստեղծումն է, որոնք ապահովում են IBM-ի ամպային տեխնոլոգիաների, տվյալների վերլուծության, բջջային, սոցիալական և անվտանգության համակարգերի գործունեությունը բիզնեսներում։ Նրա թիմը մշակում է համաշխարհային կարգի նախագծման և ստուգման հոսքեր և ծրագրային գործիքներ, որոնք օգտագործվում են աշխարհի ամենամեծ գերհամակարգիչների IBM Z և Power համակարգերի, ինչպես նաև IBM Quantum համակարգերի նախագծման համար։

Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշել է, որ արդեն 12-րդ անգամ անցկացվող այս մրցանակաբաշխությունն իր նշանակությամբ բացառիկ է մեր երկրի ճանաչելիության և դերակատարման բարձրացման առումով: «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում բավական մեծ դերակատարներ կան, սակայն նրանց մեջ կան մարդիկ, որոնց գործունեությունը բերել է հեղափոխական նվաճումների և փոխել է մարդկանց կյանքի որակը: Այս մրցանակաբաշխության տրամաբանությունը կայանում էր նրանում, որպեսզի մենք մեծարենք նման լեգենդներին, հրավիրենք Հայաստան և հաղորդակից դարձնենք մեր պատանիներին, ուսանողներին և տեխնոլոգիական ու հանրակրթական հանրությանը»,— նշել է Հովիկ Մուսայելյանն ու թվարկելով նախորդ տարիներին նման պետական մրցանակի արժանացած դափնեկիրների անունները նշել է, որ նրանք Հայաստանի հետ կապը մշտապես պահպանում են:

Այնուհետև «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը ներկայացրել է Լեոն Սթոկի աշխատանքային գործունեության վերաբերյալ որոշ տվյալներ, որին հաջորդել է մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Ուրախ եմ, որ այսպիսի առիթով ենք հավաքվել: Համոզված եմ, որ բոլորիս մոտ այս պահին հպարտության զգացում կա, որովհետև ամեն մի երկիր չէ, որ այսպիսի հնարավորություն ունի և պարգև է հանձնում համաշխարհային դեր, նշանակություն ունեցող ընկերության ներկայացուցչի:

Նախքան մրցանակաբաշխությունը հանդիպում ունեցա Լեոն Սթոկի հետ և փորձում էի հասկանալ, թե նրա մոտ ինչպիսի զգացողություններ կան, ինչ է մտածում այս ամենի մասին: Հերթական անգամ համոզվեցի, որ իրականում տաղանդավոր մարդիկ շատ համեստ են, իրենց գործի վարպետն են:

Իրականում, մեր երկրի, անձամբ ինձ համար մեծ պատիվ է այսօր հնարավորություն ունենալ պետական մրցանակ շնորհել Լեոն Սթոկին:

Նման մրցանակի արժանացած մարդիկ իրենց դերն ու մասնակցությունն են ունեցել ժամանակակից տեխնոլոգիական ոլորտի հեղափոխական մոտեցումների ձևավորման գործում:

Համոզված եմ, որ նման միջոցառումները, նման ավանդույթների շարունակությունը մեզ մոտ է՛լ ավելի կմեծացնի հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ և մեր երիտասարդների, ինչպես նաև կայացած գիտնականների մոտ ցանկություն կառաջացնի իրենց անունը ևս տեսնել դափնեկիրների ցուցակում»:

Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ կրթությունից և գիտությունից բացի Հայաստանի Հանրապետության համար զարգացման այլ ճանապարհ չկա: «Մենք այլ հնարավորություն չենք ունեցել և հիմա առավել ևս չունենք: Մենք ժամանակին ունեցել ենք զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաներ, բարձր տեխնոլոգիական տնտեսություն որպես այդպիսին: Մենք պարտավոր ենք վերականգել այդ լավագույն ավանդույթները: Համոզված եմ, որ դրան կհասնենք, որովհետև այն միտումը, որ կա այսօրվա կառավարության ծրագրերում դրան է ուղղված: Կարևոր է հնարավորություն տալ բոլոր նախաձեռնող մարդկանց տարբեր ոլորտներում՝ լինի դա գիտության, բիզնեսի, մշակույթի, մեր կյանքի բոլոր բնագավառներում: Բոլոր այն մարդիկ, ովքեր նախաձեռնող են, իսկապես ցանկություն ունեն և կարող են արժեք ստեղծել, պետությունը պատրաստ է օգնել, հովանավորել, ֆինանսավորել: Դա վստահություն է ներշնչում, որ մենք մեր վաղվա օրվա ճանապարհը անցնելու ենք շատ ավելի հեշտ, քանի որ գիտենք, թե որ ճանապարհն ենք ընտրել: Այդ ճանապարհը մեզ իսկապես տանում է դեպի բարեկեցություն, կյանքի որակի լավացում և նաև երկրի անվտանգության բարձրացում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:

Լեոն Սթոկը շնորհակալություն հայտնելով նման գնահատանքի համար ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը Հայաստանում: Հատկապես մեծ պատիվ է այս մրցանակը ստանալ Ձեզնից, պարոն նախագահ: Գիտեմ, որ դուք շատ եք կարևորում կրթությունը, գիտությունը: Լիովին համաձայն եմ Ձեզ հետ, որ կրթությունը հիմնաքարային նշանակություն ունի և ամբողջ կյանքի ընթացքում սովորելն ու գիտելիք ձեռք բերելը շատ կարևոր է»: Դոկտոր Սթոկը նշել է, որ Հայաստանում դժվար է չնկատել գիտության և տեխնոլոգիաների ոլորտի հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև չզգալ ընկերասեր և բարյացկամ մարդկանց վերաբերմունքը:

Այնուհետև տեղի է ունեցել հատուկ ծրարի մարման արարողություն՝ նվիրված Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին:

Լեոն Ստոկը IBM‘-ի Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահն է։ Նրա թիմը մշակում է համաշխարհային կարգի նախագծման և ստուգման հոսքեր և ծրագրային գործիքներ, որոնք օգտագործվում են աշխարհի ամենամեծ գերհամակարգիչների IBM Z և Power համակարգերի, ինչպես նաև IBM Quantum համակարգերի նախագծման համար։

IBM-ը դասվում է աշխարհի խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների շարքին՝ տրամադրելով ապարատային, միջանկյալ ապահովման և ծրագրային ապահովման լայն սպեկտր, ինչպես նաև ամպային հաշվարկների, տվյալների վերլուծության և խորհրդատվական ծառայություններ՝ հիմնական համակարգիչներից մինչև նանոտեխնոլոգիաների ոլորտներում: Ընկերությունը նաև տարիներ շարունակ ծառայել է որպես գիտա-հետազոտական ​​խոշոր կորպորացիա՝ այնպիսի նշանակալից գյուտերով, ինչպիսիք են ճկուն սկավառակը (floppy disk), կոշտ սկավառակ կրիչը (hard disk drive) և UPC շտրիխ կոդը:

Դր․ Լեոնի հիմնական ներդրումը նորարարական չիպերի ստեղծումն է IBM-ի այնպիսի արտադրանքների համար, ինչպիսիք են Automation, Robotics, Artificial intelligence, Cloud computing, Consulting, Blockchain, Computer hardware, Software, Quantum computing մշակումները, որոնք ապահովում են IBM-ի հիմնական ուժեղ կողմերը՝ ամպային տեխնոլոգիաների, տվյալների վերլուծության, բջջային, սոցիալական և անվտանգության համակարգերի բիզնեսներում։

Լեոն Ստոկը ուսանել է Էլեկտրատեխնիկա Նիդեռլանդների Էյնդհովենի Տեխնոլոգիական համալսարանում, որը գերազանցությամբ ավարտել է 1986 թվականին։ 1991 թ․-ին էյնդհովենի համալսարանում ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան։ IBM-ի Թոմաս Ջ․ Ուոթսոնի կենտրոնում Լեոն Ստոկը առաջնորդել է տրամաբանական սինթեզների աշխատանքը՝ որպես BooleDozer-ը ստեղծող թիմի անդամ։ Հետագայում ղեկավարել է IBM -ի սինթեզի խումբը և առաջնորդել IBM-ի լիովին ինտեգրված ֆիզիկական սինթեզի գործիք PDS-ի, (PDS-IBM’s Placement Driven Synthesis tool) առաջին կոմերցիոն կիրառական փաթեթի ստեղծումը։

1999-2004 թվականներին ղեկավարել է IBM-ի նախագծման ավտոմատացման բոլոր հետազոտությունները՝ որպես «IBM Research»-ի նախագծման ավտոմատացման ավագ կառավարիչ։ Նա առաջ է բերել առանցքային նորարարություններ արտադրությանն ուղղված նախագծման համար (DFM-Design For Manufacturing )՝ օգտագործելով արմատապես սահմանափակող կանոններ (RRR-Radically Restrictive Rules), և, ստատիկ ժամանակային վերլուծության համար՝ օգտագործելով խոշոր բլոկների ֆիզիկական սինթեզում ստատիկ ժամանակային վերլուծություններ։

Դոկտոր Սթոկը հրապարակել է ավելի քան 60 հոդված համակարգային, ճարտարապետական ​​և տրամաբանական սինթեզի տարբեր ասպեկտների, էներգախնայմանն ուղղված նախագծման, տեղաբաշխման վրա հիմնված սինթեզի և սխեմատիկ դիագրամների ավտոմատ տեղադրման և երթուղղման վերաբերյալ:

Նա ունի 13 գյուտի արտոնագիր էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում։ Նա ընտրվել է IEEE առաջատար գիտնական համակարգային մակարդակի և տրամաբանական սինթեզի ալգորիթմների մշակման և կիրառման համար:

Back to top button