ԿարևորՀասարակություն

Թեժ աշուն  փողոցո՞ւմ, թե՞ խորհրդարանում․ ընդդիմությունը փակագծերը չի բացում

Հաջորդ շաբաթ կմեկնարկի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը։ Լիագումար նիստերին ընդառաջ խորհրդարանական մշտական հանձնաժողովները  նիստեր են գումարում, քննարկում օրակարգում ընդգրկվելիք նախագծերը։ Դեռևս անորոշ է հարցը ՝ աշնանային նստաշրջանը կմեկնարկի ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ, թե՞ առանց նրանց։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը «Ռադիոլուր»-ին ասել է, թե այս պահին հարցը դեռ քննարկում են, առաջիկա օրերին կհստակեցնեն անելիքները և կներկայացնեն։ Խորհրդարանական մեծամասնությունը հույս ունի, որ ընդդիմադիրները կվերադառնան խորհրդարան։ Հակառակ դեպքում նորից օրակարգային կարող է դառնալ բացակայությունների համար պատգամավորներին մանդատից զրկելու հարցը։

Ազգային ժողովի նախորդ՝ երրորդ նստաշրջանի գրեթե կեսն անցել է առանց խորհրդարանական ընդդիմության։ Ապրիլի 12-ից «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին  լիագումար նիստերի աշխատանքը՝ հիմնավորմամբ, թե երկրի համար կարևորագույն հարցերն օրենսդիրի օրակարգից դուրս են։  Ընդդիմադիր պատգամավորները հայտարարում էին, թե խորհրդարան կվերադառնան սեփական օրակարգով։

Մեկ շաբաթից կսկսվի Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանը։ Պատրաստվու՞մ է արդյոք ընդդիմությունը վերադառնալ խորհրդարան։  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է, որ այս պահին հարցը դեռ քննարկվում է։ Ընդդիմությունը առաջիկա օրերին կհստակեցնի իր անելիքը և կներկայացնի այն։ Մամիջանյանը կարծում է, որ լիագումար նիստերին չմասնակցելը չի նշանակում, թե ընդդիմադիր պատգամավորները գործունեություն չեն ծավալել։ Այդ ամբողջ ընթացքում զբաղվել են ՀՀ քաղաքացիների, Հայաստանի ու Արցախի համար կարևորագույն հարցերով, քայլեր են ձեռնարկել խորհրդարանական դիվանագիտության ուղղությամբ։

«Ես և իմ ընկերները պայքարում ենք, որպեսզի Հայաստանն ու Արցախը ունենան անվտանգ ապագա, և այդ պայքարի ընթացքում մեզ ոչ տարվա եղանակներն են հետաքրքրում, ոչ եղանակային պայմանները։ Եթե ես հիմա սպասվող զարգացումների մասին ասեմ, ապա այդ զարգացումները շատ ավելի հեշտ կանխելի կլինեն, իսկ ես դա չեմ ուզում»։

Նախորդ նստաշրջանի ավարտից հետո խորհրդարանական մեծամասնությունը ընդդիմադիր երկու  խմբակցությունների 33 պատգամավորներին բացակայությունների հիմքով մանդատից զրկելու գործընթաց նախաձեռնեց։ ԱԺ խորհուրդը թեև այս հարցով նիստեր հրավիրեց, բայց մեծամասնությունը որոշեց մանդատներից զրկելու միջնորդությամբ ՍԴ չդիմել։

Բացակայությունների հիմքով, սակայն, ընդդիմադիր խմբակցությունները պաշտոններ կորցրին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պաշտոնանկ արվեց ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանը՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Դրանից հետո  հանձնաժողովներում փոխնախագահների իրենց պաշտոններից հրաժարվեցին ընդդիմության մյուս ներկայացուցիչները։  

Այն, որ ամռանը բացակայությունների հիմքով մանդատներից զրկելու գործընթացն առկախվեց, չի նշանակում, թե հարցն օրակարգ չի վերադառնա աշնանը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է  ՔՊ խմբակցության  պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Եթե չմասնակցեն խորհրդարանի աշխատանքներին և օրենքով սահմանված կարգով ունենան բացակայությունների այնպիսի թվաքանակ, որ թույլ է տալիս, որ մենք դիմենք ՍԴ, ապա այդ հարցը նորից կբարձրանա մեր խմբակցությունում։ Եվ ես կարծում եմ՝ այս անգամ այդ որոշումն անպայման կընդունվի։ Ինքնանպատակ չէ, որ ասում ենք եկեք խորհրդարան ու զարդարեք ձեր ներկայությամբ խորհրդարանը։ Մենք կարևորում ենք ընդդիմության դերը՝ որպես պետական ինստիտուտ, որպես իշխանության մի մաս, որպեսզի գան ու քվեարկեն»։

-Հիմնավորումն այն է, որ երկրի առջեվ ծառացած շատ ավելի կարևոր հարցեր կան, քան այն հարցերն են, որոնք քննարկվում են նիստերի դահլիճում։

Դա էլ իրենց տեսակետն է, և իրավունք ունեն այդպես մեկնաբանելու։ Դատավորը ժողովուրդն է, որ պետք է որոշի անհրաժեշտ պահին, թե որ դիրքորոշումն է ճիշտ»։

Ընդդիմադիր պատգամավորը համամիտ է վերջին դիտարկմանը։

«Մեզ մանդատ տվել է հայ ժողովուրդը, և մենք հաշվետու ենք հայ ժողովրդին, ոչ թե ՔՊ-ական երեսփոխաններին»։

Ընդդիմության ներկայությունը կբարձրացնի խորհրդարանական աշխատանքի որակը՝ համոզված է իշխանական պատգամավորը։

Իսկ ընդդիմության վերջին հայտարարությունները ոչ թե խորհրդարանական աշխատանքի վերադառնալու, այլ հանրահավաքային պայքարը վերսկսելու մասին են։

Սեպտեմբերի 2-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ Իշխան Սաղաթելյանը խոսեց  վարչապետին պաշտոնանկ անելու մտադրության մասին։ Դրա համար ընդդիմադիրներին պետք կլինի 72 ժամ և համաժողովրդական աջակցություն։

Սաղաթելյանի խոսքով՝  իմպիչմենտի գործընթաց սկսելու ժամկետները դեռ հստակ չեն, սակայն հստակ են քայլերն ու նախապայմանները։

«Գործընթացը տևելու է 48-72 ժամ և այդ 72 ժամվա ընթացքում անհրաժեշտ են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ 24 ժամվա ռեժիմով, ընդամենը 72 ժամ։ Մենք չենք սկսելու պրոցես պրոցեսի համար։ Մենք հասունացնելու ենք այդ օրը միասին և վերջնական ու վճռական մտնենք այդ գործընթացի մեջ ու ավարտենք հաղթանակով»։

Պաշտոնանկության գործընթաց սկսելու համար խորհրդարանում անհրաժեշտ կլինի պատգամավորների ձայների  1/3–ի աջակցությունը, այսինքն՝ 36 քվե, իսկ վարչապետին պաշտոնից հեռացնելու համար պետք կլինի 54 քվե ։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին խորհրդարանում  ունեն 35 պատգամավոր։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը իրադարձությունների՝ նման սցենարով զարգանալն անհավանական է համարում։ Հովիկ Աղազարյանը վստահ է, որ  իրենց խմբակցությունից որևէ մեկը չի պաշտպանի  ընդդիմության դիրքորոշումը։

«Այդ սցենարի հավանականությունը զրո է․ իրենք հույս ունեն, որ մեր խմբակցության պատգամավորներից ոմանք կփոխեն իրենց դիրքորոշումը և կմիանան իրենց նախաձեռնությանը։ Դա տեղի չի ունենա։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ խմբակցությունը կուռ է և համախմբված վարչապետի շուրջ։ Իսկ այդ տակտիկան քաղաքական մանիպուլյացիա է՝ իրենց հանրահավաքների մարդաքանակությունն ապահովելու համար, որպեսզի հետագայում  նորից փորձեն ինչ-որ հաշվարկներ անել»։

Ընդդիմադիրները հայտարարում են, որ հենց վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն, կհայտարարեն նաև վարչապետի իրենց թեկնածուի անունը:

Back to top button