ԿարևորՀասարակություն

Աղավնո գետի վրա կառուցված կամրջից օգտվելու է հայկական կողմը

Աղավնո գետի վրա կառուցված կամրջից օգտվելու է հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների կողմից անվտանգության ապահովմամբ, իսկ կամրջի տակով անցնող ճանապարհով իրականացվելու են ադրբեջանական կողմի փոխադրումները՝ խաղաղապահների վերահսկողության ներքո՝ «Արցախ» լրատվականին հայտնել են ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից։

Հաշվի առնելով Լաչինի միջանցքի նոր երթուղու գործարկման հետ կապված հանրային մտահոգությունները, Արցախի հանրային ռադիոյի լրատվական ծառայությունը հարցում էր ուղարկել Անվտանգության խորհրդի քարտուղարին՝ պարզելու որո՞նք են միջանցքի ֆիզիկական պարամետրերն ու աշխարհագրական կոորդինատները, հստակեցված են, արդյո՞ք, դրանք, 5կմ լայնությամբ միջանցքում որևէ ձևով լինելո՞ւ է ադրբեջանական ներկայություն՝ քաղաքացիական կամ ռազմական։

«Արցախ» լրատվականը նաև հետաքրքրվել էր՝ ո՞ր երկրի օրենքներն են գործելու միջանցքում, և եթե ճանապարհին որևէ միջադեպ լինի, ո՞ր երկրի օրենքներով է արդարադատություն իրականացվելու։ Հին շեն գյուղին և նոր երթուղուն իշխող բարձունքում այժմ ադրբեջանական դիրք կա։ Այն, ակնհայտորեն, 5 կմ-ից ներս է գտնվում։ Արդյոք, մնալու՞ է այդ դիրքը, թե՞ պետք է տեղափոխվի։

«Միջանցքում որևէ հայկական կամ ադրբեջանական զինվորական ներկայություն չի լինելու։ Միջանցքը գործելու է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողությամբ»,-հայտնել են ԱԽ-ից։

«Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր միջանցքում, որն ունի 5 կմ լայնություն և 7 կմ երկարություն, ևս գործում է Արցախի Հանրապետության օրենսդրությունը։Ինչ վերաբերում է Հին շեն գյուղին և նոր երթուղուն իշխող բարձունքում ադրբեջանական դիրքի առկայությանը, ապա ԱԽ գրասենյակից հայտնել են, որ աշխատանքներ են տարվում՝ ապահովելու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան պահանջների կատարումը»,-նշել են Խորհրդից։

Back to top button