Վերնատուն

Հեքիաթը միավորում է հնարավորն ու անհնարինը․ «Վերնատուն»

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հեքիաթագետ, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանը խոսում է հեքիաթների ստեղծած զուգահեռ աշխարհների, թաքնված ուղերձների, լեզվամտածողության և այն զարգացնելու հնարավորությունների մասին։

«Տարաշխարհիկ այս իրականությունը օրվա ծանրությունից խուսափելու հնարավորություն է տալիս ու նաև ապահով տարածք է, եթե նույնիսկ խոսում է տագնապների մասին։ Հեքիաթը միավորում է բոլոր հնարավոր և անհնարին բաները։

Այս խորհրդավոր հավասարակշռվածությունն է, որ հեքիաթը մինչ օրս պահում է որպես ամենագայթակղիչ ժանրերից մեկը», – ասում է Ալվարդ Ջիվանյանը։ Բոլոր մշակույթների հեքիաթները կարևոր և արմատական հարցերում գրեթե նույնանում են։

Ալվարդ Ջիվանյանը հայտնի հեքիաթերի իր տարբերակներն է գրում թե՛ երեխաների, թե՛ մեծերի համար։ Ասում է՝ հեքիաթը աշխարհագրական սահմաններ չի ճանաչում, նույն պատմությունները հազարավոր վերնագրերով և տարբերակներով կան։

«Երբ խորանում ես, ցանկություն է առաջանում քո տարբերակը ստեղծել։ Այստեղ անձնական մոտեցումներ են․ քո կյանքի փորձը, անձնական ընկալումներն ու ենթագիտակցությունը, որը դառնում է խոստովանություն», – նշում է հեքիաթագետը։

Խոսելով հեքիաթների՝ իրականությունից կտրելու կամ իրական աշխարհ վերադարձնելու գործառույթի մասին, Ալվարդ Ջիվանյանն ասում է, որ երեխաները պետք է կարդան դաժան հեքիաթներ, որպեսզի չլինի ահռելի անջրպետ հեքիաթի և իրականության միջև․ «Գոնե տեքստային կամ վիրտուալ տիրույթում երեխան պետք է տեղյակ լինի, որ կան «հրեշներ», «վիշապներ», իսկ վիշապների մասին ոչ միայն պետք է իմանալ, որ նրանք կան, այլ նաև նրանց պետք է հաղթել»։ Հայկական հեքիաթների պարագայում առաջնայինը լեզուն է։

«Այս փոքրիկ տեքստերը գրելիս, որն արել եմ մեծ հաճույքով, կարևորագույն շերտը լեզուն էր։ Լեզվին հաճախ մոտենում են ոչ այնքան լուրջ, ես փորձում եմ ինքնությունը գտնել լեզվի միջոցով։ Հայկական հեքիաթի ինքնությունը տեսնում եմ փառահեղ լեզվական դրսևորման մեջ և այստեղ աշխատելու շատ բան կա », – ասում է Ալվարդ Ջիվանյանը։

Առաջիկայում նախատեսում է հայկական հեքիաթների այլալեզու թարգմանություններ։ Վստահ է, որ հայկական հեքիաթների այլալաեզու թարգմանությունն ու համակարգումը մեծապես կնպաստի մեր ինքնության հաստատմանը միջազգային հեքիաթագիտության մեջ հայկական հեքիաթների ճանաչելի դառնալուն։

Back to top button