ԿարևորՏնտեսական

ՀԱԷԿ-ն անվտանգ է՝ պատրաստ աշխատելու ևս 10 տարի

Ռուսական «ՏՎԷԼ» ընկերությունն ու «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր են ստորագրել։ Մատակարարումը կիրականացվի այս տարվա 4-րդ եռամսյակում՝ ամբողջովին  բավարարելով թարմ միջուկային վառելիքի՝ հայկական ատոմակայանի ներկայիս պահանջները։

Վերջին վերազինումներից ու փորձաքննություններից հետո մասնագիտական դաշտում պնդում են՝ Մեծամորի ատոմակայանը հնարավոր է շահագործել ևս 14 տարի՝ մինչև 2036 թվականը։ Միաժամանակ վստահեցնում են՝ ատոմային էլեկտրակայան ունենալը կարևոր է ինչպես էներգետիկ, այնպես էլ պետական անվտանգության տեսանկյունից։

Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման հարցն այս պահին էլ օրակարգում է՝ 2026 թվականից հետո ևս 10 տարի։ Մասնագիտական դաշտում ընդգծում են՝ արդեն նախատեսված են «Ռոսատոմ»-ի հետ համատեղ միջոցառումներ՝ ավելի բարձրացնելու ատոմակայանի անվտանգության մակարդակը։ Օրակարգում է նաեւ ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկի կառուցման հարցը։ Երկրի հոսանքի «մայր երակի» կյանքը 

 Երկարաձգելն ամրագրված է մինչև 2040թ էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրում՝ հիշեցնում է էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Արթուր Ավետիսյանը․

«Ըստ էության՝ նախորդ տարվա վերանորոգման աշխատանքները ցույց տվեցին, որ տեխնիկապես հնարավոր է երկարաձգել Ատոմակայանի աշխատանքները։ Սա հավաստել են ոչ միայն վերանորոգող կազմակերպությունում, այլ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները։ Բոլոր միջազգային կառույցները հավաստում են, որ մեր ատոմակայանը պատրաստ է , և համապատասխան աշխատանքներ իրականացնելու դեպքում հնարավոր է աշխատանքները երկարաձգել մինչև 2036 թվականը»։

Անվտանգային հարցերը կարգավորելու նպատակով ամեն տարի ՀԱԷԿ-ը որոշակի ժամանակով դադարեցնում է աշխատանքը։ Այս տարի դադարը մոտ 50 օր էր։ Կայանի ռեակտորն աշխատում է լիցքավորման միջոցով։ Տարին մեկ  լիցքավորման ժամանակ 349 վառելիքային կասետ է տեղադրվում։

ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանն արձանագրում է՝

«Այժմ որոշ աշխատանքներ ենք կատարում, որպեսզի ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգենք մինչև 2026 թվականը։ Հայկական ատոմային կայանը, որպես շահագործող ընկերություն, որոշում է կայացրել դրանից հետո արդեն երկրորդ էներգաբլոկի աշխատանքները ևս տասը տարով երկարաձգել՝ մինչև 2036 թվականը»։

Ռուսական «ՏՎԷԼ» վառելիքային ընկերության  ու «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի միջև  ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիրը ստորագրված է։ 2022 թվականի 4-րդ եռամսյակում ռուսական կողմը կմատակարարի ատոմակայանի միջուկային վառելիքի ընթացիկ պահանջները։ Նախատեսվում է ևս մեկ պահեստարան կառուցել՝ օգտագործված վառելիքը պահելու համար։ 1990-ականներից, երբ փակվեց երկաթուղին, Հայաստանից օգտագործված վառելիք չի արտահանվել։ Մինչ այդ այն ՌԴ էր արտահանվում։ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը տեղեկացնում է․

«3 շինություն արդեն կառուցված է, չորրորդի համար ունենք բոլոր պահեստամասերը։ Կկառուցենք։ Մենք մինչև 2034-2036թթ միջուկային վառելիքի պահպանման խնդիր չունենք»։

Եւ չնայած հարեւան ոչ բարեկամ երկրների կողմից պարբերաբար բարձրացվող հիսթերիային՝ մասնագետները վստահ են ու վստահեցնում են՝ Մեծամորի ատոմակայանն անվտանգ է շահագործման տեսանկյունից։ Անցյալ տարի արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու սառեցման վթարային համակարգը։ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանն ընդգծում է՝ ատոմակայանը ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին բավարարող նոր անվտանգության համակարգ ունի․

«Կառուցվել է նոր սերնդի՝ Ֆուկուսիմայի վթարից հետո մշակված չափանիշերով աշխատող անվտանգության համակարգ։ Վթարային համակարգը գործում է վթարը լոկալիզացնելու, արագ սառեցնելու և համապատասխան քանակությամբ ջուր մղելու միջոցով, ինչը համապատասխանում է ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին»։

Ատոմակայանի կյանը երկարաձգելու աշխատանքի կողքին նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրն է։ Մասնագիտական դաշտում այս մասով պատկերացումները տարբեր են։ Աշխարհը գնում է մոդուլային ատոմակայանների ճանապարհով՝ «Ռադիոլուր»-ին ասում է ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ Սուրեն Բզնունին։ Բացատրում է՝ դրանք չափերով փոքր են, կառուցվում են առանձին մոդուլներով՝ ըստ երկրի էներգետիկ պահանջների․

«Դրանք կառուցվում են մեծ երկրների ենթակառուցվածքներ չունեցող հեռավոր երկրամասերում, օրինակ՝ Սիբիրում, որտեղ հնարավոր չէ հազարավոր կիլոմետրերով էլեկտրահաղորդման լարեր անցկացնել։ Կառուցվում են նաև փոքր երկրներում, որտեղ ցանցը փոքր է, փոքր ռեակտորի կարիք կա»։

Փորձագետը պարզաբանում է՝ մոդուլային ատոմակայանը կազմվում է մի քանի մոդուլներից, իսկ, օրինակ, ՀԱԷԿ-ը՝ մեկ մեծ ռեակտորով։ Փոքր հզորությամբ ռեակտոր կառուցելն ավելի շահավետ է, ուստի աշխարհում ատոմակայաններ նախագծող ընկերություններն այժմ նախապատվությունը տալիս են մոդուլային ատոմակայաններին։ Քննարկման օրակարգում են բոլոր՝ այդ թվում մոդուլային ատոմակայաններ ունենալու հարցը, բայց հայ մասնագետները, ՏԿԵ փոխնախարարի փոխանցմամբ, հակված չեն Հայաստանում նոր տեսակի կայան տեղակայելու տարբերակին։ Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանը հիշեցնում է՝ նախ ատոմակայանն ամենաէժան հոսանք արտադրող կայանն է ու ապահովում է Հայաստանի էներգետիկ պահանջարկի 30 տոկոսը։ Բացի այդ, «խաղաղ ատոմի ընտանիք»-ի անդամ է Հայաստանը, ինչը տարածաշրջանում Հայաստանին կարևոր դերակատարում է տալիս։

«Սա մեզ բավականին կարևոր դերակատարում է տալիս տարածաշրջանում։ Ներկայում տարածաշրջանում գործող ատոմակայան ունի միայն Իրանը։ Հաջորդ տարի Թուրքիան է պատրաստվում շահագործել իր առաջին էներգաբլոկը։ Ինչ վերաբերում է պետական անվտանգությանը, հիշեցնեմ, որ երկար տարիներ թուրք-ադրբեջանական տանդեմը քայլեր է ձեռնարկել (երբեմն հաջողութամբ, երբեմն՝ ոչ ), որ ՀԱԷԿ-ը փակվի՝ պատճառաբանելով էկոլոգիական կամ անվտանգային խնդիրներով։ Սակայն իրականում դա միֆ է, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետներն են անգամ փաստել, որ ՀԱԷԿ-ի շահագործումն անվտանգ է։ Նույնը նաև Ռոսատոմի մեր գործընկերներն են հավաստել»։

Մասնագետները վստահ են՝ Հայաստանի էներգետիկ ապագան ատոմային է։ Բացի այդ՝ ատոմային էլեկտրակայան ունենալն ինչպես էներգետիկ, այնպես էլ պետական անվտանգության հարց է։

Back to top button