ԿարևորՔաղաքական

Քաղաքական լուծումների ի՞նչ հնարավորություններ է տալիս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը

Արցախի Հանրային ռադիո
Վիկտորյա Սարգսյան

Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո Հայաստանի և Արցախի շատ շրջանակներ այն համարեցին  պարտվողական, նույնիսկ, կապիտուլիացոն։ Բայց այսօր հայկական դիվանագիտությունը պայքարում է՝ այդ փաստաթղթի կետերի պահպանման համար։ Սա է ստեղծված   իրականության զավեշտը՝ ասում է ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։ Երբ չես օգտվում  զիջելու քո իրավունքից, չես օգտվում նաև քո ստանալու իրավունքից՝ ասում է պատգամավորը՝ նշելով, որ այս իրավիկճակը կանխելու հնարավորություններ մենք ունեինք, բայց չօգտագործեցինք այն։ 

«1997թ․ սեղանի վրա կար խաղաղության գնալու փաստաթուղթ, որը  ենթադրում էր 6 շրջանների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միջանկյալ կարգավիճակ՝ խաղաղապահների ներկայությամբ, և որ ամենակարևորն է, Լեռնային Ղարաբաղի՝ որպես  բանակցային կողմի ամրագրում։ Այդ ժամանակ սա գնահատվեց  որպես պարտվողական  ու  դավաճանական փաստաթուղթ, և Հայաստանում տեղի ունեցավ հեղփոխություն՝ այն մտայնությամբ, որ մենք կարող ենք ունենալ ավելին»։ 

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կողմերը մեկնաբանում են կամայականորեն՝ ասում է  քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ու  բացատրում. թե Հայաստանի և թե Ադրբեջանի կողմերի խորհրդարանները այս փաստաթուղթը չեն վավերացրել, այն չունի միջպետական պայմանագրի կարգավիճակ։ Թե այդ փաստաթղթի կետերը ով և ինչպես կմեկնաբանի՝  կախված է աշխարհաքաղաքական փոփոխություններից՝ ասում է քաղաքագետը: 

«Քաղաքական փոփոխություններ ընթանում են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հարավային Կովկասում։ Եվ նաև Արցախի կարգավիճակից է կախված Հարավային Կովկասում մեծ տերությունների միջև ուժային բալանսը։ Այսինքն եթե բալանսը թեքվում է մի կողմ, ապա այդ կողմը սկսում է իր իմացած ձևով մեկնաբանել։ Եթե այլ ուղղությամբ է թեքվում, ապա համապատասխանաբար մյուս կողմն է իր ձևով մեկնաբանում»։  

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե չկա Լեռնային Ղարաբաղ  և չկա Լեռնային Ղարաբաղի խնդիր։ Բայց, 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում, որն ըստ էության, ներկայումս գործող իրավաքաղաքական միակ փաստաթուղթն է, հաստատում է Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը։   Հայտարարության մոտ մեկ ու կես էջանոց տեքստում հինգ անգամ գործածվում է Լեռնային Ղարաբաղ անվանումը։ Որ՞ն է փաստաթղթով Լեռնային Ղարաբաղին վերապահված սուբյեկտայնությունը։  Ադրբեջանի նախագահը  որոշակի անհանգստություններ ունի հենց Արցախ սուբեկտայնության մասով, դրա համար էլ այդքան պայքարում  է Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի գոյության դեմ՝ ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: 

«Ինքը կարծում է, որ իր համար հիմա լավագույն իրավիճակն է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հանդեպ կիրառվող սանկցիաներն ու ուկրաինական պատերազմը։ Մյուս կողմից Իրանի հետ «Միջուկային պայմանագիրը» դեռ կնքված չէ և Իրանը դեռ սահմանափակված է՝ արտաքին քաղաքականության առումով։ Եվ Ադրբեջանը հիմա ցանկանում է ձեռք բերել մաքսիմալը։ Բայց այնտեղ շատ լավ հասկանում են, որ ֆորմալ առումով իրենց տարածքում ունեն ռուսական ռազմաբազա և նաև հասկանում են, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունները կարող են բարդանալ ու սրվել։   Իրավիճակի կարող է  փոփոխվել»։

  Նոյեմբերի 9-ի եռակողմը հայտարարությունը  հստակ սահմանում է նաև  որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ և կան շփման գծի կողմեր։  Ի՞նչ է նշանակում շփման գիծ տերմինը քաղաքագիտության մեջ: 

Մանրամասնում է Ստեփան Դանիելյանը: 

«Շփման գիծը երկու միավորների միջև բաժանող գիծն է։ Այդ միավորները կարող են լինել ֆորմալ և ոչ ֆորմալ, բայց հակամարտության մեջ գտնվող։ Փաստաթուղթը ֆիքսում է, որ կան հակամարտող կողմեր և նրանց մեջ կա խնդիր և շփման գիծ։  Այդ փաստաթղթով Ադրբեջանը ընդունել է շփման գծի առկայությունը։ Թե շփման գիծը հետագայում ինչ բովանդակություն կստանա, կրկին կախված է քաղաքական իրավիճակից՝ Ռուսաստանի դերից: Ապագայում, կարծում եմ, նաև Իրանը կակտիվանա։ Հիմա Ադրբեջանը, բնականաբար, ցանկանում է  հարցը  մեկնաբանել իրեն  հարմար տեսանկյունից»։

Աշխարհի վերաձևումն   ընթացքի մեջ է:  Որքան այն կտևի և ինչպես ավարտվի՝ դժվար է կանխատեսել: Միանշանակ է միայն այն, որ ամեն ինչ միանշանակ չէ։ Եվ դրական փոփոխություններ դեռ կարող են լինել՝ վստահ է քաղաքագետը: Արցախի հարցը դեռ երկար պատմություն կունենա:   

Back to top button