ԿարևորՀասարակությունՏեսանյութ

Սթիվեն Հոքինգի մրցանակը շնորհվել է Queen խմբի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Բրայան Մեյին

«STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնից հայտնում են, որ փառատոնի շրջանակներում շնորհվող Սթիվեն Հոքինգի շքանշանն այս տարի առաջինը շնորհվել է Queen խմբի համահիմնադիր, երաժիշտ, երգիչ, երգահան, աստղաֆիզիկոս և լուսանկարիչ Բրայան Մեյին։

Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում փառատոնի պաշտոնական բացման արարողությամբ մեկնարկել է Sonic Universe համերգային ծրագրով, որին մասնակցում են Ռիք Վեյքմանը՝ հանրահայտ Yes! խմբից, Սերժ Թանկյանը, Sons of Apollo սուպեր խումբը, Տիգրան Համասյանը, Անդրեյ Մակարևիչը, տիեզերագնաց-երաժիշտ Քրիս Հեդֆիլդը։ Բեմում է նաև Հայաստանի ազգային ֆիլհարմնիկ նվագախումբը։

Նախօրեին Երևանում ջազային՝ Տիգրան Համասյանի համերգով, տրվեց փառատոնի մեկնարկը։

Բացման խոսքով հանդես է եկել և հյուրերին է ողջունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

STARMUS VI փառատոնի մասին

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում: Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:

«Մարս 3-ը» տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։ STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

Back to top button