ԿարևորՀասարակություն

Ուզում ենք, որ ավելին իմանալը, ավելին ստեղծելը դառնա յուրաքանչյուրի տրամադրությունը Հայաստանում. վարչապետի խոսքը՝ «STARMUS»-ի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝
Շուշան Փաշինյանի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անցվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել  «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի բացման պաշտոնական արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանը, Համբարձում Մաթևոսյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, հյուրեր արտերկրից:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. 

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ,

Փառատոնի հարգելի անդամներ,

Պետական այրեր, մշակույթի և գիտության գործիչներ,

Հարգելի հյուրեր,

Ողջունում եմ «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում: Մեր կառավարությունն աջակցել է 6-րդ «STARMUS»-ը Հայաստանում անցկացնելու գաղափարը, որովհետև փառատոնի նպատակները հիմնականում համընկնում են Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականին: «STARMUS»-ը որպես նպատակ է ձևակերպել հետազոտողների նոր սերնդին ներշնչելը, կրթելը, հայտնագործությունների ոգին ամրապնդելը և հզորացնելը: Սա լիարժեք համընկնում է մեր տեսլականի հետ, որովհետև մենք շարունակաբար մեծացնում ենք գիտության ֆինանսավորումը: 2022 թվականին պետական բյուջեով գիտության ֆինանսավորումն ավելացել է շուրջ 83 տոկոսով, լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում կրթության ոլորտում:

«STARMUS»-ը մեկ հարթակի վրա է դնում արվեստը և գիտությունը, ցանկանում տաղանդավոր մարդկանց ներգրավմամբ ոգևորել նոր տաղանդների, գիտությունն ավելի ու ավելի շատ մոտեցնել մարդուն և այն դարձնել երջանկության գործիք: Սա նաև մեր կառավարության տեսլականն է: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ երիտասարդներ զբաղվեն գիտությամբ, հետազոտությամբ, տեխնոլոգիաներով: Մենք ուզում ենք, որ ավելին իմանալը, ավելին ստեղծելը դառնա յուրաքանչյուրի տրամադրությունը Հայաստանում: «STARMUS»-ը ցանկանում է ձևակերպել հնարավորինս բարդ և նույնիսկ անսպասելի հարցեր, և մեր տեսլականն է, որ միայն չձևակերպված հարցեր ձևակերպելով և այդ հարցերի ուղիղ և ազնիվ պատասխանելով է, որ Հայաստանը կկարողանանք դարձնել մեր երազանքների երկիրը: Եվ այս իմաստով, սա բոլորիս համար հանդիպում է ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում:        

Փառատոնն այս տարի կրում է «50 տարի Մարսի վրա» խորագիրը՝ նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Հպարտորեն պիտի ընդգծեմ, որ 1971 թվականին Խորհրդային Միության կողմից Մարս իջեցված «Մարս-3» սարքի մեջ էր գտնվում հայ գիտնական-ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի «մարսագնացը», իսկ «Մարս-3» սարքը Երկիր ուղարկեց մոլորակի առաջին լուսանկարը: Փառատոնի շրջանակում մենք տոնում ենք նաև մեր մեծ հայրենակցի 100-ամյակը:

Բայց ուզում եմ ուշադրություն դարձնել, որ մենք սա անում ենք ոչ միայն որպես պատմական հիշողություն կամ հարգանքի տուրք: Աշխարհն այսօր ապրում է Մարս մոլորակի  դյուրացման, և մեծ հավանականությամբ, բնակեցման գնալով ավելի ու ավելի շոշափելի դարձող օրակարգով: Եվ մենք ուզում ենք, որ հայաստանցի գիտնականներն ու հետազոտողներն իրենց ներդրումն ունենան քաղաքակրթական այս մեգանախագծին:  

Այսօր աշխարհն ապրում է «Ջեյմս Ուեմբ», «Հաբլ» «Կեպլեր» տիեզերական աստղադիտակների դարաշրջանում։ Եվ մենք ուզում ենք, որ հայաստանցի հետազոտողները նույնպես մասնակցեն այս աստղադիտակներից ստացվող տվյալների մշակմանը և նմանատիպ նոր նախագծերի մշակմանն ու ստեղծմանը։

Այս առումով, ցանկանում եմ ընդգծել «STARMUS» փառատոնի կարևորությունը գիտության, բարձրագույն կրթության և մշակույթի  ոլորտներում՝ միջազգային գործընկերության ակտիվացման տեսանկյունից։

Հույս ունեմ՝ փառատոնի հյուրերից շատերին տեսնել մեր նորացող բուհական, կրթական համակարգում դասախոսելիս, մեր երկրի բեմերում հյուրախաղերով հանդես գալիս, մեր հետազոտական, գիտական ծրագրերի մեջ ներգրավված և նաև հույս ունեմ, որ փառատոնի արդյունքներով մեր ավելի ու ավելի շատ հետազոտողներ կներգրավվեն միջազգային գիտական նախագծերի մեջ:

Ամփոփելով խոսքս` շնորհակալություն եմ հայտնում փառատոնի հոգաբարձուների խորհրդին, կազմակերպչական ողջ թիմին, մասնակիցներին ու հյուրերին այստեղ գտնվելու և այս օրերը մեր հայրենիքում անցկացնելու համար: Ուզում եմ ընդգծել և շնորհակալության հատուկ խոսքեր ասել փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին՝ իր բացառիկ ջանքերի համար:

Բոլորիս մաղթում եմ գիտակրթական և մշակութային հագեցած օրեր, նոր բացահայտումներ և համագործակցության նորանոր հեռանկարներ»:   

Back to top button