ԿարևորՀասարակություն

Նոբելյան մրցանակի դափնեկիր աստղաֆիզիկոս Քիփ Թորնը դասախոսություն է կարդացել ԵՊՀ-ում

«ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված առաջին դասախոսության ընթացքում Նոբելյան մրցանակի դափնեկիր աստղաֆիզիկոս Քիփ Թորնը և արվեստագետ, նկարչուհի Լիա Հալորանը ներկայացրին սև խոռոչների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները, արվեստի դերը գիտության զարգացման գործում և այն, թե ինչ կկատարվի մարդու հետ, եթե նա հայտնվի սև խոռոչի մեջ։

Քիփ Թորնը, անդրադառնալով Սթարմուսին՝ որպես գիտությունն ու արվեստը միավորող փառատոնի, նշեց, որ արվեստ-գիտություն համադրությունը ոգևորիչ է տարբեր մշակույթների կրող երիտասարդների համար:

Աստղաֆիզիկոսը գիտությամբ հետաքրքրվողներին արժեքավոր խորհուրդներ տվեց: Ըստ նրա՝ հաջողակ գիտնական լինելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ:

«Առաջին հերթին անհրաժեշտ է լինել գործի նվիրյալ, ցուցաբերել մեծ խանդավառություն և ունենալ մեծ հավատ սեփական ուժերի հանդեպ: Գիտության մեջ ներդրում ունենալու համար պահանջվում է հետևողական և մանրակրկիտ աշխատանք։ Ես միշտ երիտասարդներին ոգևորել եմ, որ հետաքրքրված լինեն նրանով, ինչ սովորում և ուսումնասիրում են և կենտրոնացնեն ողջ ուշադրությունն իրենց աշխատանքի վրա: Սա թերևս ամենագլխավոր պայմանն է»,- ընդգծեց Նոբելյան մրցանակակիրը:

«ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում ս.թ. սեպտեմբերի 6-9 համալսարան են այցելելու Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկոսներ և աստղաֆիզիկոսներ Միշել Մայորը (սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին) և Էմանուել Շարպենտիեն (սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին), որոնք հանդես կգան դասախոսություններով: Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, նախատեսվում է «Տիեզերք և ներշնչանք» խորագրով պանելային քննարկում՝ հայազգի տիեզերագնաց Ջիմ Բաղյանի, ԵՊՀ շրջանավարտ, Սթարմուս փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և գրող Դեյվիդ Ջոն Էյքրի մասնակցությամբ։

Back to top button