ԿարևորՀասարակություն

Հողը կա, տնօրինելու իրավունքը՝ ոչ․ «Հաղթանակ»-ի բնակիչները սեփականության օրինականացում են ուզում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով պետական գրանցում տալ պապերից ու ծնողներից ժառանգած իրենց հողերին։ Բնակիչներն ասում են՝ չեն կարողանում որևէ շինարարական աշխատանք կատարել իրենց տներում, նվիրել կամ ժառանգել այն որևէ մեկին, քանի որ 90-ականներին իրենց տրված սեփականության ակտերն այսօր իրավական որևէ արժեք չունեն։ Քաղաքապետարանն էլ նշում է՝ ակտերի իսկությունը կասկածելի է, անհրաժեշտ է փորձաքննություն կատարել, և գործընթացն ավելի արագ կլինի, եթե քաղաքացիները այդ հարցում օգնեն իրենց։

Հողն ունենք, մեզ մեր հողը տնօրինելու իրավունք տվեք․ սա «Հաղթանակ» թաղամասի բնակիչների պահանջն է արդեն գրեթե 3 տարի։ Դեռ 90-ականներին այդ տարածքի հողերը բաժանվել են բնակիչներին, փաստաթուղթը եղել է սեփականության ակտը։ Այն պիտի փոխարինվեր սեփականության վկայականով, ինչը, սակայն, դեռ տեղի չի ունեցել․

«Ես ծնվել, մեծացել եմ «Հաղթանակ» գյուղում, ունեմ սեփական բնակարան, 40-ից ավել տարվա բնակարան է։ Էսօր անձրևը գալիս է, կռիշից կաթում, կառուցել չեմ կարողանում։ 3 տարի է՝ ակտը ձեռքս թաղապետարանի, քաղաքապետարանի, կադաստրի դռները բռնել եմ, չեմ կարողանում սեփականացնել իմ բնակարանը»։

Թաղամասի բնակիչները հերթական անգամ բողոքում են Երևանի քաղաքապետարանի դիմաց․ ասում են՝ բոլոր հարթակներում արդեն խոսել են այս մասին․

««Հաղթանակ» 4-րդ թաղամասի բնակելի տարածքների շուրջ 80 տոկոսը չունի պետական գրանցում, հետևաբար նաև՝ պետության նկատմամբ պարտավորություն։ Պահանջում ենք անհատույց տալ պետական գրանցում, որի արդյունքում գույքի դիմաց գույքահարկի գանձմամբ կշահի պետական բյուջեն»։

Թաղամասի բնակիչներից ոմանք էլ  կորցրել են փաստաթուղթը, բայց ասում են՝ տասնյակ տարիներով այդտեղ են ապրում, իրենց, իրենց հայրերի ու երեխաների անձնագրերում այդ հասցեն է նշված, ոչ ոք չի կարող կասկածել, որ հողն իրենցն է․

«Իրենք այդ տան մեջ ծնվել են, մեծացել են։ Փաստաթուղթ չունեն, բայց չէ՞ որ էդ տունը իրանց ա եղել․ կառուցել են, ապրում են, բայց չեն կարողանում օրինականացնել, որ հարկ ու տուրք մուծեն։ Թող հարցում անեն, ստորագրություններ վերցնեն։ Հասցեն կա, ապրում են, ջրի, գազի վարձ են մուծում, բայց փաստաթուղթ չունեն»։

Արդեն 2 տարի բնակիչները գույքահարկ չեն վճարում։ Մտավախություն ունեն, որ այդ պատճառով հայրերից ժառանգած տների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել  չեն կարողանա։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար քաղաքապետի հետ հանդիպում էին պահանջում, որոշ ժամանակով փակեցին նաև հարակից փողոցը․

«Փողոցը բացում եք, 3 հոգի բարձրանում են, իջնում եք, դրանից հետո դուք եք որոշում՝ ոնց շարունակեք»,- առաջարկը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանինն է։ Նա պարզաբանում է՝ ակտերին վերաբերող կեղծիքներ են եղել, անհրաժեշտ է բոլոր ակտերի բնօրինակները փորձաքննության ենթարկել։ Սակայն տարբեր պատճառներով բնակիչները դրանք քաղաքապետարանին չեն տրամադրում․

«Մենք բավական երկար ժամանակ սպասել ենք, որ բնակիչները ներկայացնեն  իրենց ակտերի բնօրինակները, որ մենք ուղարկենք փորձաքննության, դրանից հետո նոր արդեն գործընթացը կշարժվի։ Բայց քանի որ մարդիկ էդ հողի իրավունքի վերաբերյալ ունեն ընդամենը էդ մի փաստաթուղթը ու արխիվային որևէ փաստաթուղթ գոյություն չունի, մարդկանց մոտ մտավախություն էր, որ կարող է տան բնօրինակը ու դա կորի»։

Մոտ 130 տնտեսությունից 42-ի սեփականության ակտն է ներկայացվել քաղաքապետարան։ Սաշա Կատվալյանը նշում է՝ փաստաթղթերի հետ կապված խնդիրները տարբեր են։

 «Այստեղ մենք ունենք հիմնականում 3 կամ 4 խնդիր, առաջինը՝ երբ մարդիկ ունեն հողի սեփականության հին ակտերը, որը գրանցում չի արվում, երկրորդ դեպքում, երբ մի ակտով բնակչին տրվել է երկու հողակտոր մեկը տնամերձ, մյուսը՝ այգեգործական նշանակության, տնամերձն արդեն գրանցում իրականացվել  է, իսկ այգեգործականի դեպքում չի իրականացվել, և երրորդ դեպքը, երբ այն քաղաքացուն, ում հատկացվել է տվյալ հողակտորը մահացել է, և ժառանգություն է բացվել, նոտարում է գտնվում տվյալ ակտի բնօրինակը»։

Բնակիչների խումբը քաղաքապետի հետ քննարկման գնաց առանց լրագրողների։ Ավելի քան մեկ ժամ տևած զրույցից եզրահանգման մասին հայտնեց բնակիչ Գեղամ Վլասյանը։ Քաղաքապետը հայտնել էր, որ բոլոր խնդիրները լուծելիության տիրույթում են․

«Քաղաքապետի հետ քննարկեցինք խնդիրները, առաջարկեցին ստեղծել աշխատանքային խումբ, հանդիպումները լիենլու են շարունակական, հերթով անդրադառնալու են խնդիրներին։ Քանի որ դրանք բազմաշերտ են, պիտի փուլային լուծեն։ Իրենք պատրաստակամ էին․ չեմ կարող ասել, որն է պատճառը, որ մինչև հիմա համպաղում էին։ Քաղաքապետարանն իր աշխատանքային խմբով, մենք մեր աշխատանքային խմբով իրար օգնելով պիտի արդյունքի հասնենք»։

Սաշա Կատվալյանի խոսքով՝ մինչև հաջորդ հինգշաբթի բնակիչները գույքագրելու են իրենց խնդիրները, ամփոփելու՝ որ բնակարանի սեփականության ակտի բնօրինակը որտեղ է գտնվում, որից հետո կսկսվի փորձաքննությունը․

«Իհարկե, այստեղ մենք խնդիրներ ունենք, որ դուրս է մեր դաշտից, օրինակ՝ կան բնակիչներ, որոնք կորցրել են իրենց ակտերը, արխիվներում որևէ թուղթ պահպանված չէ, և արդեն բնակիչների միակ տարբերակը, որ հողի մասով իրենց իրավունքը հաստատեն, մնում է դատարանը։ Այդ մի կտորը դուրս է մեր լիազորություններից»։

Բնակիչներն այս մասով ևս մտավախություն ունեն․ դատական պրոցեսը երկար է ու ծախսատար, կորած ակտից բացի որևէ ապացույց գտնել չի հաջողվի։ Սակայն նրանց համար խնդրի լուծումը, կարծես, միայն այդ կերպ է հնարավոր։

Back to top button