ԿարևորՎերլուծական

Ագրեսիա` խաղաղության փաթեթավորմամբ. քաղաքագետները խոսում են  բանակցային ամենաբարդ կետի մասին

Հերթական բրյուսելյան այցից հետո տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն արդեն օրինաչափորեն քննարկվում է Մոսկվայի հետ։ Սա քաղաքագետները դիտարկում են դիվանագիտական բալանս պահելու համատեքստում։ Այս անգամ մեկ օրում Երևանը ԱՄՆ և ՌԴ է գործուղում իր առանցքային պաշտոնյաներից միանգամից երկուսին՝ Ռուսասատան է մեկնում արտգործնախարար Միրզոյանը, ԱՄՆ՝ պաշտպանության նախարարը։  Բալանսավորված քաղաքականությունը հատկապես այս փուլում ճիշտ գործելաոճ է համարում քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

«Մենք տեսնում ենք, թե ինչ ռիսկեր է պարունակում միայն ռուսական գերակայությամբ պրոցեսը լուծման տանելը․ մենք տեսնում ենք, թե Ռուսաստանն ինչ պայմանավորվածություններ կամ գործարքներ կարող է ունենալ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ։ Մենք գիտենք, թե Ուկրաինայի պատերազմն ինչքան է բարձրացրել Թուրքիայի գինը Ռուսաստանի համար։ Եվ այս համատեքստում շատ կարևոր է, որ մենք կարողանանք այդ դիվերսիֆիկացիա ապահովել տարածաշրջանային հարցերի շուրջ»,– նկատում է քաղաքագետը։

Դեռ հուլիսից ԱՄՆ-ը նոր ու առանձնակի շեշտադրումներով է խոսում հայ–ադրբեջանական ամենաառանցքային հարցերի մասին՝  ի հեճուկս Բաքվի դիրքորոշման՝ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ դերը, կայունության ապահովման անհրաժեշտությունը և ապաշրջափակման դրույթը։ Հակոբ Բադալյանը հենց այս ակտիվացած օրակարգով է բացատրում Պաշտպանության նախարարի այցը Միացյալ Նահանգներ։ Աշխարհում խոշոր խաղացողները փորձում են մեկը մյուսից հետ չմնալ և անպայման նաև այս հարցում ամրապնդել իրենց դիրքերը։

«Գլխավոր խնդիրն այս պահին՝ թույլ չտալ, որ Ադրբեջանը կարողանա զարգացնել իր օրակարգը ու այդ հարցում ինչ-որ արձանագրումների ու ամրագրումների բերել։ Հայաստանը փորձում է հիմա հնարավորինս լուծել այդ հարցը տարբերակված քաղաքականությամբ։ Դրա վառ ապացույցն այցերն են Մոսկվա և Վաշինգտոն»։

Ինչ սպասել բանակցային այս փուլում՝ օրվա հարցն է։ Մինչդեռ անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ բրյուսելյան հանդիպումից հետո բանակցություններն էական առաջընթաց չունեցան։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝  սա դեռ «կարմիր գծեր» վերահաստատելու և գործընթացը ձգձգելու վիճակ է։

Աանվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյան

«Ներկա պահին կողմերից ոչ մեկը չի ցանկանում իր «կարմիր գծերից» հրաժարվել։ Առաջին հերթին, իհարկե, Հայաստանը, քանի որ Հայաստանի վրա, որպես պարտված կողմի, բավականին մեծ ճնշում կա։ Բացի այդ՝ աշխարհում հիմա իրավիճակը հանգիստ չէ, հավասարակշռված չէ, և ոչ ոչ չգիտի, թե վաղն ինչ կլինի, և այսօր ձեռք բերված համաձայնությունները գուցե վաղը կյանքի կոչելն արդեն իմաստ չի ունենա, այդ պատճառով կողմերից որևէ մեկն առաջ գնալու և լուրջ փոխզիջումներ անելու անհրաժեշտություն չի տեսնում»,– ասում է Ղևոնդյանը։

Ամեն դեպքում բրյուսելյան հանդիպմանը հաջորդել են, քաղաքագետների ձեւակերպմամբ, ամփոփիչ-զեկուցող բարձրաստիճան հեռախոսազրույցներ, այդ թվում՝ հայ-ռուսական եւ ռուս–ադրբեջանական։ Կողմերը վերահաստատել են եռակողմ համաձայնագրերի հարցում հետևողական լինելու մտադրությունը և մանրամասն քննարկել  Հարավային Կովկասի իրավիճակը։ Քաղաքագետները նկատում են՝ շատ վաղուց հայ–ադրբեջանական հակամարտությունն ավելի լայն ու մեծ աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում է։

«Առկա է ինտենսիվ քննարկում, առանցքում՝ տնտեսական ապաշրջափակման թեման։ Սա էլ է պայմանավորված ավելի լայն աշխարհաքաղաքական իրավիճակով, քանի որ այդ հարցերն արդեն առնչվում են Ռուսաստան–Արևմուտք հակամարտությանը, և դրանով պայմանավորված՝ նաեւ ակտիվացել են քննարկումները հայ-ադրբեջանական թեմայի շուրջ։ Եվ դերակատարները փորձում են պարզապես հետ չմնալ իրարից եթե ունեն նույն կարծիքը փորձեն դրա շուրջ համաձայնության գալ եթե չունեն ապա փորձեն իրենք իրենցը առաջ տանել, Բրյուսելյան հանդիպումը հենց Շառլ Միշելի փորձն էր այդ իմաստով»,– ասում է քաղաքագետ Բադալյանը։

Բրյուսելյան հերթական բանակցություններից հետո թե պաշտոնական Երևանը, թե պաշտոնական Բաքուն, թեև որոշակիորեն տարբերվող ձեւակերպումներով, ընդգծում են խաղաղության հասնելու ձգտումներից։ Բարդ է, բայց շարունակվում է՝ օրերս ձեւակերպել է ՀՀ վարչապետը։ Մի քանի ամսում խաղաղության պայմանագիր կնքելու իր հույսն էլ փոխանցել էր Ալիեւը։ Ու թեեւ պաշտոնական հաղորդագրություններից նույն օրակարգն ունենալու տպավորություն է ստեղծվում, բանակցության հակառակ կողմում Բաքուն շարունակում է սադրել։ Միայն 1 օրում՝ 2 ապատեղեկատվություն, թե իբր հայկական կողմը հրադադար է խախտել սահմանին։ Սա՝ ՊՆ-ի փոխանցմամբ։

Բաքուն փորձում է տապալել խաղաղության գործընթացը և ուժով շարունակել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։ Սա էլ՝ արտգործնախարարության ձեւակերպմամբ։ Վերջինս հաջորդեց Բաքվի հայտարարություններին, թե բանակցություններում առանցքայինն իրենց պահանջներն են։ Մեջբերում արտգործնախարարության հաղորդագրությունից․

 «Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի առաջարկած 5 կետի վերաբերյալ անփոփոխ է։ 2022թ. մարտի 10-ին Ադրբեջանի փոխանցած առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին փոխանցած մեր պատասխանով մենք լրացրել ենք օրակարգը և այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների։ Այս տեսակետը չլսելը կամ չլսելու փորձերը հայկական կողմին հիմք են տալիս կասկածելու Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծության մեջ»։

Հասել ենք հայ–ադրբեջանական բանակցությունների ամենաբարդ կետին՝ նկատում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը՝ նկատի ունենալով խաղաղության պայմանագրի հարցը։ Վերջնաարդյունքի հասնելը ոչ օրերի, ոչ էլ ամիսների խնդիր է, քանի որ հիմքում նաև ավելի մեծ խաղացողների՝ Արևմուտքի և Ռուսաստանի շահերն են, գումարած նաև ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը։

«Խաղաղության պայմանագիր ասվածը շատ բարդ խնդիր է, առաջինը՝ Հայաստանի և Ադրբեջանի անհամաձայնությունները, և ավելի բարձր՝ միջնորդական մակարդակում կողմերի տարաձայնությունները՝ Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ և այլն»։                  

Բրյուսելյան պայմանավորվածության համաձայն՝ առաջիկայում խաղաղության   շուրջ բանակցելու համար կհանդիպեն նաև Հայաստանի և Ադրբեջանի թիվ 1 դիվանագետները, հետագայում նաև՝ երկրների ղեկավարները։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն այս հանդիպումների հետ էլ մեծ հույսեր չի կապում։

«Էլի են լինելու հանդիպումներ, էլի են լինելու պայմանավորվածություններ, և էլի դրանք չեն կատարվելու, քանի դեռ գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտությունը՝ ռուս ուկրիանական բախումները ինչ որ հանգուցալուծման չեն եկել»,– ասում է Ռոբերտ Ղևոնդյանը։ 

Ու մինչ բանակցելու համար հանդիպումները շարունակվում են, քաղաքագետները շարունակում են նկատել ու ընդգծել թուրք-ադրբեջանական ագրեսիան խաղաղության քննարկման տողատակում։

Back to top button