ԿարևորՀասարակություն

Ումից ու ինչ են լսել Ռադիոյի ստուդիայի պատերը․ «Խոսում է Երևանի լայնահաղորդ կայանը»՝ արդեն 96 տարի

1926 թվականի սեպտեմբերի մեկին առաջին անգամ եթեր հեռարձակվեց հայկական ռադիոն։ «Խոսում է Երևանի լայնահաղորդ կայանը»՝ արդեն 96 տարի։ Այս տարիների ընթացքում Հանրային ռադիոյի ստուդիաները տեսել են բացառիկ ու արժեքավոր մարդկանց, լսել ծանրակշիռ խոսք, ունեցել են պատմություն կերտած հյուրեր, Հայաստանի բոլոր անկյուններ ու դրա սահմաններից դուրս հասցրել կարևորի մասին պատմող ձայնը։ Այստեղ նաև փոքրիկ միջադեպեր են եղել, որոնք, սակայն, ստուդիայի պատերից սովորաբար դուրս չեն գալիս։ 

Այստեղ գրեթե մեկ դար շարունակ պատմությունը վավերագրվում է ոչ թե տառերով, այլ հնչյուններով։ Գրիչը միկրոֆոնն է, հեղինակը՝ արվեստագետն ու գիտնականը, արհեստավորն ու պետական գործիչը․․․

«Ռադիոն այնքան սրտաբաց հաստատություն է, որ դժվար է հիշել՝ իսկ ով չի եկել Ռադիոյում»,- ասում է Հանրային Ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան ռադիոկայանի ծրագրերի ղեկավար Կարինե Գևորգյանը։ Նա երկար ժամանակ է տրամադրել Ռադիոյի երկար կյանքի արխիվն ուսումնասիրելու համար։ Պատմում է՝ Ռադիոն միշտ է շատ ու մեծ բարեկամներ ունեցել։ Այստեղ ստուդիաները շատերին ու շատ բան են տեսել․

Արամ Խաչատրյանի Նոր տարվա ողջույնի խոսքը 1965թ

«Ռադիոյի բարեկամներն են եղել Ավետիք Իսահակյանը, Վիկտոր Համբարձումյանը։ Ես Արխիվից մի շատ հուզիչ նկար հայտնաբերեցի՝ Դերենիկ Դեմիրճյանի նկարը Հայկական ռադիոյի աշխատողների հետ, շրջեցի նկարը, տեսա՝ գրված է, որ լուսանկարվելուց 14 օր հետո Դերենիկ Դեմիրճյանը վախճանվել է»։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին ժամանակի ամենահեղինակավոր մարդիկ՝ քաղաքական ու մտավոր էլիտայի ներկայացուցիչները Ռադիոյում էին։ Նրանց ձայնը որոշիչ էր, տրամադրություն փոխող ու ուժ փոխանցող։ Նրանք հնչել են այն ժամանակ՝ Հայկական, հիմա՝ Հանրային Ռադիոյի տարբեր «կանգառներում»։

Դերենիկ Դեմիրճյան — Հոկտեմբերյան հեղափոխության 37-րդ տարեդարձ 1952թ․

«Հայկական ռադիոն շատ տարբեր հասցեներ է ունեցել Երևանում․ հնչել է կայարանամերձ տարածքից, հետո տեղափոխվել է «Ինտուրիստ» հյուրանոցի չորրորդ հարկ, մոտ 7 տարի այդ շենքից է աշխատել։ Այդ նույն հյուրանոցում ապրել է Չարենցը, որը բավականին ժամանակակից (և ժամանակից առաջ անցած) մարդ էր։ Շատ ողջունում էր Ռադիոյի ցանկացած քայլ»,- պատմում է Կարինե Գևորգյանը։

Նորայր Սարգսյանը ձայնագրման ստուդիա մտնելիս սովորույթի համաձայն սկսում է ուղղել միկրոֆոնը, ստուգել ձայնի բարձրությունը։ Հետո հիշում՝ այս անգամ իր գործը ստուդիայի ապակուց այս կողմ՝ ներսում է․ բնական է, 27 տարվա աշխատանքային սովորությունը կատակ բան չէ։

«Քանի որ ես տեխնիկական կազմի աշխատակից եմ, ես ավելի շատ լինում եմ ստուդիայից դուրս՝ հակառակ կողմում, այսինքն՝ ապահովում եմ եթերի անխափանությունը, մաքրությունը ու ձայնագրման գործընթացը, որ եթերում ամեն ինչ նորմալ լինի։ Բայց զարմանալի բան ասեմ․ ես հիմա նստած եմ ստուդիայում, ու այստեղ լրիվ ուրիշ աուրա է, քան հակառակ կողմում»։

Ձախից աջ` Վիկտոր Համբարձումյան,Մարտիրոս Սարյան, Դերենիկ Դեմիրճյան, Ավետիք Իսահակյան՝ Ռադիոյում (1950-ականներ)

Ստուդիայում ժամանակի ու տարածության այլ կանոններ են գործում։ Սա կփաստի «Երևանն է խոսում» արտահայտությունից հետո եթերում երբևէ ինչ-որ բան ասած յուրաքանչյուր մարդ։ Դու ձայնամեկուսացված պատերի ներսում ես և միաժամանակ ինչ-որ մեկի տանը, մեքենայում, ականջակալների մեջ։ Այստեղ ես, ու ամենուր, այս պահին, ու ժամեր անց։ Ռադիոյի կախարդանքն այս պատերի ներսում է ստեղծվում։ Իսկ դրան ապակուց այն կողմ հետևող տեխնիկական կազմի աշխատակիցներն այստեղ շատ բան են տեսել։

Մարտիրոս Սարյանի Նոր տարվա շնորհավորական խոսքը 1961թ․

«Ախր շատ բան եմ տեսել․․․ապակուց էն կողմ տեսել եմ տիտանների, ու ինձ համար պատիվ է եղել նրանց հետ աշխատելը, ինձ շատ հարազատ մարդկանց եմ տեսել, ու նաև մարդկանց, որոնց հաստատ չէի ուզի տեսնել։ Կարոտ եմ տեսել, սեր եմ տեսել, ամուսնություն եմ տեսել բառի բուն իմաստով․ մեկը ստուդիայի այս կողմում էր, մյուսը՝ այն»։

Արշավիր Աղաջանյանը ստուդիաներին ապակուց այն կողմ նայում է արդեն 27 տարի։ Թվարկում է, բայց գիտի՝ տեսածն այս պատերում կատարվածի մի քանի տոկոսն է ընդամենը։ 96-ամյա Ռադիոյի ստուդիաներում հնչած ձայները և այստեղ պատահած դեպքերը թվարկել դժվար է։

1936թ-ից Հայաստանի ռադիոն տեղափոխվեց Փոստի շենք՝ մինչև 1956 թ․

«Այստեղ, օրինակ, 47 թվականի ձայնագրություններ են պահպանված, երբ Ավետիք Իսահակյանը Ռադիոյից՝ այդ ժամանակ՝ փոստի շենքից ողջունել է։ Այդ ժամանակ ստեղծվեց Սփյուռքի համար հաղորդումների ծրագիրը։ Դա իրականում հեղափոխություն էր Ռադիոյի համար։ Ցեղասպանությունից փրկված սերնդի երեխաները արտերկրում լսել էին, որ Երևանը, այնուամենայնիվ, խոսում է»։

Ավետիք Իսահակյան — Չարենցի մասին 1956թ․

Կարինե Գևորգյանը նոր էր ընդունվել աշխատանքի, երբ Ռադիոյի միջանցքներում իր սիրելի արևմտահայ գրողներին հանդիպեց։ Ռադիոն գրկաբաց- սրտաբաց ընդունում էր բոլոր արժեքավոր մարդկանց, նրանք էլ իրենց հետ առանձնահատուկ սեր էին բերում ստուդիաներ․

«Ինչու՞ էին Հայկական Ռադիոյին այդքան մեծ տեղ տալիս․ որովհետև այն կարծես Հայաստանի սիմվոլը լիներ։ Հիմա էլ է այդպես։ Ճիշտ է՝ ոչ այն մասշտաբներով, ինչպես, ասենք, անցած դարի 60-70–ականներին, բայց, միևնույնն է, այս անունը այսօր էլ եթե ոչ մեծ ոգևորություն, ապա հաստատ ջերմ ժպիտ է առաջացնում»,- ասում է Կարինե Գևորգյանը։

Ստեփան Ղազարյանը 15 տարի շուրջօրյա հսկում է եթերի ընթացքը, 15 տարվա մեջ առաջին անգամ նաև «հնչում» եթերում․

«Վարդավառի օրը ձայնագրման ընթացքում Տեր հորը ջրել ենք։ Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 00-ից մինչև առավոտվա 8-ը ուղիղ եթերում երաժիշտներ են եղել, կենդանի երաժշտություն, տոնական միջավայր ու ոչ մի րոպե հանգիստ»։

Ստուդիայի հակառակ կողմում աշխատող մարդիկ հատուկ ուշադրությամբ են վերաբերվում ստուդիաներին։ Նրանք միասին են հետևում պատմության ընթացքին։ Այստեղ ոչ մի կողմնակի ձայն չի հասնում, բայց այստեղից է կարևորի մասին պատմող ձայնը տարածվում ողջ երկրով մեկ ու հատում նաև Հայաստանի սահմանները։

Արդեն 96 տարի Հանրային ռադիոն սեպտեմբերի 1-ին տարվա ու պատմությունների նոր մեկնարկ է սկսում։ Ամեն տարի ստուդիաներն ավելի «իմաստուն» են դառնում, ծանրանում «լսած» պատմությունների արժեքից, գրեթե մեկդարյա իմաստությանը խառնում արդիական մոտեցումները։

Back to top button