ԿարևորՀասարակություն

Ինչու են քոլեջից հանվել պատերազմի հերոսների նկարները. Արմավիրում կրքերը թեժ են

Արմավիրի տարածաշրջանային քոլեջում արդեն մեկ շաբաթ չեն հանդարտվում կրքերը. դասախոսական կազմը պահանջում է տնօրեն Անգին Արշակյանի հրաժարականը: Արձակուրդից հետո` օգոստոսի 24-ին, մանկավարժները նկատել են, որ մուտքի մոտից հանվել են 44-օրյա և քառօրյա պատերազմում զոհված հերոսների նկարները: Իսկ 29-ին անջատվել է խմելու ջուրը: Ուսման վարձի բարձրացման մասին էլ վերջին պահին են իմացել։

Բողոքի ակցիան շարունակվել է սեպտեմբերի մեկին և ուսանողներին մանկավարժները թույլ չեն տվել մտնել քոլեջ: Նրանց համար նոր ուսումնական տարվա առաջին զանգը հնչել է հաջորդ օրը: Տնօրեն Անգին Արշակյանը հերքում է իրեն ուղղվող մեղադրանքները. նշում՝ զոհերի համար փառքի լսարան էր ստեղծելու:

Արմավիրի տարածաշրջանային քոլեջում նոր ուսումնական տարվա առաջին օրն անակնկալ էր սպասվում ուսանողներին. անակնկալն, իհարկե, չակերտավոր. մանկավարժա-դասախոսական կազմը նրանց առջև փակել էր կրթօջախի դռները:

3-րդ կուրսի ուսանողներ. «Եկանք քոլեջ, ու ասացին, որ գնանք տուն»: «Քոլեջի դասախոսական կազմն անվստահություն է հայտնում տիկին Արշակյանին»:

Առաջին կուրսեցիների համար քոլեջի առաջին զանգը հնչեց սեպտեմբերի 2-ին. «Առաջին կուրսերը բարձրանում են դահլիճ, 2-րդ հարկ, աստիճանների դիմացի դուռն է, բարձրացեք»:

 Ուսանողները մտան քոլեջ, բայց մանկավարժները շարունակեցին իրենց բողոքը: Սեպտեմբերի մեկի գործադուլի պատճառներից մեկը խմելու ջրի անջատումն էր: Պարտքերի պատճառով  «Վեոլիա ջուր» ընկերությունն է անջատել:

Դասախոս Իրինա Մարտիրոսյան. «Հիմնականում տեխնիկական պատճառներով՝ ջուր չունենք, շատ բաներ դեռ ձևավորված չէր, որովհետև ամսի 24-ից մենք այս իրավիճակի մեջ ենք: Լսարանները պատշաճ վիճակում չեն եղել, ձևավորված չէին, և ոչ մեկս մեզ իրավունք չենք վերապահել և չենք համարձակվել մտնել լսարաններ ու վերադասավորել»:

Ուսումնական գծով փոխտնօրեն Կարինե Հարությունյան. «Խմելու ջուրն օգտագործվել է տարածքը ոռոգելու նպատակով: Տիկին Արշակյանը որոշեց փոխել տարածքի ձևավորումը, կանաչ խոշոր ծառերը հատվեցին, նոր տնկիներ տնկեց, իր պատկերացմամբ` քոլեջը ծաղկեցնելու նպատակով, բայց ֆինանսական վատ վիճակում էր քոլեջը»:

Դասախոսները նշում են՝ թեպետ նոր տնօրենի նախաձեռնություններն այնքան էլ իրենց սրտով չէին, բայց աջակցել են նրան՝ արդյունքը տեսնելու նպատակով: Ասում էին, որ հաճախ են արժանացել տնօրենի կոպիտ վերաբերմունքին, պիտակավորմանը.

«Ինը ամիսների ընթացքում անընդհատ մենք հանդիպեցինք խոչընդոտների»։

«40 տարի աշխատում են այն միջավայրում, որը հարգված է եղել, բարոյահոգեբանական նորմալ միջավայրում, բայց այսօր մեր որոշումներն անտեսում են»:

Համբերության բաժակը լցվել է օգոստոսի 24-ին, երբ արձակուրդից հետո մուտքի մոտ տեսել են քառօրյա և 44-օրյա պատերազմի զոհերի դատարկ հուշապատերը, որոնք ստեղծել էին ուսանողների հետ` համատեղ ուժերով:

Թագուհի Հովակիմյանը մեջբերում է տնօրենի խոսքերն՝ ուղղված զոհերի հիշատակին. «Վա՜յ, Հովակիմյան ջան, այստեղ գերեզմանոց չի, հանեցինք, երեխեքը վախենում են: Ո՞նց կարելի է, ասում եմ, մեր երեխաներն են, նրանք կենդանի են մեզ համար, ամեն օր մենք բարևում ենք, խոսում ենք ու առաջ գնում»:

Դասախոսների բողոքից հետո վերականգնվել է 44-օրյա զոհերի հուշապատը: Բողոքին տեղյակ է նաև ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը. ծանոթացել է խնդրին ու լուռ հեռացել, բայց դասախոսները դեռ չեն հանդարտվել և պահանջում են տնօրենի հրաժարականը:

Անգին Արշակյանը Արմավիրի տարածաշրջանային քոլեջը տնօրինում է 2021 թ նոյեմբերից: «Ռադիոլուրի» հարցերին հեռախոսով պատասխանեց: Զոհերի հուշապատի հետ կապված` նշեց, որ նախատեսել էր ստեղծել  փառքի լսարան.

«Ասացի՝ 44-օրյայի զոհերի նկարները եկեք լամինացիա անենք, որ չխամրի ու փչանա, իսկ քառօրյայինը, քանի որ խամրած է, եկեք վերամշակենք, գեղեցիկ ձևով փակցնենք փառքի լսարանում: Բոլորն անկյուն կունենան, դրանից հետո հերոս առ հերոս ալբոմ կհավաքենք, որ ուսանողները գան, թերթեն ու պատկերացում ունենան նրանց մասին»:

Արշակյանը փառքի լսարանը նախատեսել էր բացել սեպտեմբերի մեկին, բայց նախաձեռնությունն անավարտ մնաց: Ասում է՝ աշխատանքում ինքը շատ խստապահանջ է ու կարգապահ: Քոլեջն ընդունել է մեծ պարտքերով: Նախնական աուդիտ է անցկացրել, տեսչական ստուգումներով էլ  են խախտումներ հայտնաբերել, որոնք փորձել են շտկել: Աշխատակիցներին ահաբեկելու և աշխատանքից ազատելու վերաբերյալ պատասխանեց.

«Մեր մոտ տեսչական ստուգումներ են անցկացվել, 9 կետով հայտնվել ենք հանրապետության ամենաբարձր ռիսկային գոտում, և 9 կետի շտկումներն էլ արվել են, որ սեպտեմբերի 9-ին ներկայացնեմ տեսչական մարմին: Կրճատումները եղել են տեսչության ստուգումից հետո՝ ապօրինի և ոչ նպատակային հաստիքներ: Որակավորումները չի համապատասխանել, մասնագետը կարող է ունենալ մինչև  1.5 դրույք, բայց իրենց մոտ 2 և ավելի է եղել»:

 Անգին Արշակյանն ասում է՝ քոլեջի 10000 քմ տարածքն իր նախաձեռնությամբ և կոլեկտիվի աջակցությամբ է կանաչապատել՝ խաղողի վազեր ու պտղատու ծառեր հիմնել՝ փակված գյուղատնտեսական բաժինը կրկին վերաբացելու նպատակով: Հատված ծառերն, ըստ տնօրենի, կոճղապատված ու փչացած են եղել: Քոլեջի տարածքում մշակել են բանջարեղեն, հիմնել սնկարտադրություն՝ հետագա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու միտումով: Աշխատանքները կազմակերպվել են հանգանականությամբ, մասամբ՝ արհմիության միջոցներով: Իսկ նորաբաց ինտերակտիվ թոնրատունը նախատեսել է ուսանողների ազատ ժամանցի համար:

Տնօրենի խոսքով` ջրի պարտքը շուրջ 320 հազար դրամ է: Կանաչ տարածքն ապագա գյուղատնտեսների ու գինեգործների արտադրական պրակտիկայի համար է: Քոլեջի ջրհորը չի աշխատում, փորձել են վերագործարկել, չի ստացվել, իսկ ոռոգման նպատակով օգտագործել են խմելու ջուրը: Դասախոսները նշեցին, որ համացանցից են իմացել ուսման վարձի բարձրացման մասին, որը չի քննարկվել կառավարման խորհրդում:

Տնօրենը չհերքեց. «Հրավիրել եմ կառավարման խորհրդի նիստ, բոլորին հարմար չի եղել, նույնիսկ՝ առցանց: Կառավարման խորհրդի նախագահն ասաց՝ չեմ կարող: Այս հարցը լիազոր մարմնի հաստատելուց հետո նիստ չի կայացել, չեմ հերքում»։

Ուսման վարձերն ավելացրել են մանկավարժների աշխատավարձը բարձրացնելու նպատակով:

Քոլեջի տնօրեն Անգին Արշակյանը հերքեց, որ նոր ուսումնական տարում պատրաստ չեն եղել լսարանները. «Բոլորը պատրաստ են եղել, շրջել ենք բոլոր սենյակներով, հաշվել ենք՝ ո՞ր լսարանում քանի՞ ուսանող կարող է տեղավորվել, չի կարելի ստել: Բոլոր լսարանները հագեցված են»:  

Երկուշաբթի առաջին կուրսեցիները կմտնեն լսարաններ, մինչ այդ ռուսերեն լեզվի մասնագետ Աիդա Հաբեթնակյանը նրանց ծանոթացրեց քոլեջի կարգուկանոնին: Իսկ դասախոսները շարունակում են իրենց բողոքի ակցիան եւ անվստահություն հայտնում Արմավիրի տարածաշրջանային քոլեջի տնօրենին:

Back to top button